Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը հոդված է գրել, որում անդրադառնում է բենզինի գնի բարձրացմանը։
Հոդվածը կարդացեք ստորև։
Մասնավորապես, պաշտոնական վիճակագրության համաձայն (աղբյուրը՝ այստեղ և այստեղ),
- 2020թ․ դեկտեմբերին, 2019թ․ դեկտեմբերի համեմատ, սպառողական գները միջինում աճել են 3,7 տոկոսով, իսկ միայն սննդամթերքինը՝ 5,5 տոկոսով,
- 2021թ․ հունվարին, 2020թ․ հունվարի համեմատ, սպառողական գները միջինում աճել են 4,5 տոկոսով, սննդամթերքինը՝ 6,8 տոկոսով,
- 2021թ․ փետրվարին, 2020թ․ փետրվարի համեմատ, սպառողական գները միջինում աճել են 5,3 տոկոսով, սննդամթերքինը՝ 7,9 տոկոսով։
Նման տեմպով 2021թ․ առաջին կեսին սպառողական գների ինդեքսն արդեն կրկնակի չափով կարող է գերազանցել Կենտրոնական բանկի սահմանած թիրախը։
Գնաճի ահագնացող այս տեմպը՝ ինքնին վերցված, լուրջ սպառնալիք է մեր երկրի սոցիալ-տնտեսական՝ առնվազն կարճաժամկետ զարգացման համար։ Ավելին՝ մեր գնահատումներով վերը նշված ժամանակահատվածներում առաջին անհրաժեշտության ապրանքների միջին գնաճը շուրջ 2 անգամ գերազանցել է սննդամթերքի ընդհանուր գնաճի ցուցանիշները։
Ստորև՝ ամփոփ անդրադառնամ 2020-2021թթ․ վառելիքի շուկայում արձանագրվող գնային փոփոխություններին և ՏՄՊՊՀ-ի ընթացիկ ուսումնասիրության արդյունքներին։
1. Պաշտոնական վիճակագրության համաձայն (աղբյուրը՝ այստեղ), նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 2020թ․ հունվարին և փետրվարին Հայաստանում բենզինի իրացման գներն աճել են, համապատասխանաբար, 1,2 և 0,8 տոկոսներով, երբ կայուն էր ՀՀ դրամի փոխարժեքը, իսկ 2019թ․ միջազգային շուկաներում վերջից արդեն արձանագրվում էր բենզինի գների էական նվազում։
2. Փաստորեն, Հայաստանում բենզինի իրացման գնի նվազում արձանագրվեց էական ուշացումով՝ 2020թ․ մարտից և իր պիկին (-31,8 տոկոս) հասավ հունիսին։ Դրանից հետո յուրաքանչյուր ամիս, նախորդ ամսվա համեմատ, բենզինի գինը շարունակաբար աճել է՝ ի հեճուկս միջազգային շուկաներում արձանագրվող միտումների։ 2020թ․ հունվար-հունիսին բենզինի իրացման գնի նվազման միջին տեմպը անգամներով զիջել էր միջազգային շուկաներում բենզինի գների նվազման միջին տեմպին։
3. ՏՄՊՊՀ-ն ընթացիկ ուսումնասիրության է ենթարկել միայն 2020թ․ դեկտեմբեր և 2021թ․ հունվար ամիսներին բենզինի գների փոփոխությունները (աղբյուրը՝ այստեղ)։ Պետական այս մարմինը վառելիքի շուկայում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտումներ չի հայտնաբերել, իսկ այդ ժամանակահատվածում արձանագրված գնաճը պայմանավորել է ներկրվող բենզինի ձեռք բերման գների բարձրացմամբ և ՀՀ դրամի արժեզրկմամբ։ Մասնավորապես պարզել են, որ ՌԴ-ից ձեռք բերվող բենզինի գինը, նախորդ ամսվա համեմատ, բարձրացել է 5 տոկոսով 2020թ․ դեկտեմբերին և 10 տոկոսով էլ՝ 2021թ․ հունվարին։ 2020թ․ դեկտեմբերից մինչև 2020թ․ մարտն ընկած ժամանակահատվածում ՀՀ դրամն արժեզրկվել է շուրջ 4 տոկոսով։
4. Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ բենզինի իրացման գինը 2020թ․ դեկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, աճել է 4,1 տոկոսով, իսկ 2021թ․ հունվար-փետրվարին՝ 5,4 տոկոսով (աղբյուրը՝ այստեղ)։ 2021թ․ մարտին բենզինի իրացման գինը աճել է ևս շուրջ 10 տոկոսով։
5. Փաստորեն, 2021թ․ բենզինի ներմուծման գնի աճը և ՀՀ դրամի արժեզրկումը միասին կազմել են շուրջ 14 տոկոս, իսկ ներքին շուկայում բենզինի իրացման գինն աճել է ավելի բարձր տեմպով՝ շուրջ 15,4 տոկոս։
Ստացվում է, որ ներքին շուկայում բենզինի իրացման գնի հնարավոր աճի գործոններին Հայաստանի ներքին շուկան արձագանքում է անմիջապես և ավելի չափով։ Նույն շուկան գնի նվազման իրական գործոններին արձագանքում է տևական ժամանակ ուշացումով, անհամեմատ պակաս չափերով և տևողությամբ։
Բացասական այս միտումը պայմանավորված է մեր երկրում վառելիքի շուկայի պահպանվող մենաշնորհացման բարձր աստիճանով, երբ բենզին շարունակում են ներկրել և ներքին շուկայում իրացնել 3-4 կազմակերպություններ։
Հետևաբար, առարկայական չեն ՏՄՊՊՀ-ի կողմից պարբերաբար ներկայացվող այն տեսակետը, որը բենզինի իրացման գների աճը փորձում է բացատրել նաև ներկրված բենզինի առավել մատչելի խմբաքանակների ավարտով և նոր՝ առավել թանկ գնով ձեռք բերված խմբաքանակների իրացմամբ: Իրական հիմքերի առկայության դեպքում բենզինի գնանկման բացակայությունը կամ անհամարժեքությունն էլ փորձում են բացատրել իբր թանկ գնով նախկինում ձեռք բերված խմբաքանակների առկայությամբ և դրանց վաճառքով։
Իրավիճակը համակողմանի գնահատելու նպատակադրման տեսանկյունից խնդրահարույց է նաև այն, որ ՏՄՊՊՀ-ի կողմից բենզինի շուկայի ուսումնասիրության ժամանակահատվածը չի ներառել 2020թ․ առաջին կիսամյակը, երբ առկա էին բենզինի գնանկման իրական հիմքեր։
ՏՄՊՊՀ-ի կողմից ուսումնասիրության առարկա պետք է դառնա նաև 2021թ․ ի հայտ եկած մի նոր երևույթ։ Բենզինի շուկայում հիմնական խոշոր մատակարարներից մեկի սեփականատիրոջ փոփոխությունը հանգեցրել է ներքին շուկայում իրացման գների էական շեղումների։ Օրինակ՝ շուկա մտած նոր սեփականատերը, մյուսների համեմատ, շուրջ 10 տոկոսով էժան գնով է վաճառում 92 օկտանային թվով բենզինը։
Այս նոր երևույթը լիարժեք գնահատելու տեսանկյունից առաջանում են առարկայական առնվազն հետևյալ հարցերը՝ Հայաստանում բենզինը հիմա վաճառվում է դենպինգո՞վ, թե՞ գերշահույթով։ Արդեն փոխվել է՞ բենզինի ներկրման աշխարհագրությունը տարածաշրջանի ապաշրջափակմանն ու թշնամի հարևան երկրների հետ տնտեսական ինտեգրմանն ուղղված՝ իշխանական խմբակի հայտարարությունների ֆոնին։ Օրինակ՝ Ադրբեջանից ներկրվո՞ւմ է բենզին։