Փոխարժեքներ
30 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.52 |
EUR | ⚊ | € 449.38 |
RUB | ⚊ | ₽ 4.64 |
GBP | ⚊ | £ 514.03 |
GEL | ⚊ | ₾ 140.57 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին
Սիրելի հայրենակիցներ,
Հաջորդ տարի ավարտվում է օրվա կառավարության ծրագրի ժամկետը։ Պոպուլիստական խոստումների կատարման համար մնացել է մեկ բյուջետային տարի։
Հիմա բերեմ ընդհանրական մի քանի գնահատումներ՝ չկատարվող սոցիալական խոստումների մասին։
Այս խոստումները վերաբերում են սոցիալապես առավել խոցելի խմբերում գտնվող մեր հանրության 40 տոկոսին՝ անապահովության նպաստ ստացող ընտանիքներ, կենսաթոշակառուներ, աշխատող աղքատներ, աղքատներ և ծայրահեղ աղքատներ։
Նախ արձանագրենք՝ այս իշխանության անցնող 7 տարիներին այս քաղաքացիների կյանքի որակը նվազել է, քանի որ միջին գնաճը գերազանցել է նրանց եկամուտների միջին աճը։
Կառավարության ծրագրի 4․6-րդ բաժնում մինչև 2026 թվականը խոստացել էին՝
Հիմա ներկայացնեմ պաշտոնական վիճակագրության փաստերը։
Շուրջ 500 հազար կենսաթոշակառուների ամսական կենսաթոշակի միջին չափը 49 հազար դրամ է, իսկ մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 75800 դրամ է։ Ի դեպ, նոր նշանակված կենսաթոշակների միջին չափը գնալով նվազում է՝ աշխատանքային ստաժերի կրճատմանը զուգահեռ։ 2024 թվականին այն կազմել է շուրջ 43 հազար դրամ։ Ավելին՝ աշխատանքային կենսաթոշակառուների շուրջ 20 տոկոսը ստանում է 38 հազար դրամ միջին կենսաթոշակ, իսկ կենսաթոշակառուների շուրջ 35 տոկոսը աղքատ են կամ ծայրահեղ աղքատ և ստանում են անապահովության նպաստ։
Այսինքն՝ խոստումը կատարելու համար հաջորդ տարի միջին կենսաթոշակը պիտի բարձրացնեն 55 տոկոսով։
Մինչև 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող 34253 քաղաքացիներ էլ ստանում են ծերության նպաստ, որը կազմում է 36 հազար դրամ։ Այսինքն՝ նվազագույն կենսաթոշակի չափն էլ հաջորդ տարվա համար պիտի բարձրացնեն առնվազն 14 տոկոսով, քանի որ միայն պարենային զամբյուղի արժեքը 41 հազար դրամ է։
Անապահովության նպաստ ստացող ընտանիքների թիվը այս իշխանության օրոք իրականացված տարբեր խստացումների հետևանքով նվազել է շուրջ 40 տոկոսով՝ դառնալով 60752 ընտանիք։ Եվ սա այն դեպքում, երբ աղքատության միջին մակարդակը գրեթե չի փոխվել։ Ընտանիքի անապահովության նպաստի միջին չափը 36600 դրամ է՝ 2 անգամ պակաս նույնիսկ մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից։
Նվազագույն աշխատավարձ ստացողները աշխատող աղքատ են, քանի որ դրա չափը շուրջ 6 հազար դրամով պակաս է նույնիսկ մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից։
Այսինքն՝ ըստ խոստման նվազագույն աշխատավարձն էլ հաջորդ տարի պիտի բարձրացնեն 14 տոկոսով կամ 10 հազար դրամով։
Արդեն ակնհայտ է, որ այս խոստումները ևս մնալու են թղթի վրա, քանի որ դրանց կատարմանն ուղղված փոփոխություններ նախատեսված չեն Կառավարության հաստատած՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծում։