Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գողթան գավառը (ներկայումս՝ Նախիջևանի Հանրապետության Օրդուբադի շրջան) վաղնջական ժամանակներից եղել է պատմական Հայաստանի բաղկացուցիչ մասը1: Դարեր շարունակ գավառը կրել է այն բոլոր արհավիրքները, ինչ ողջ Հայաստանը. ավեր, կոտորած, տեղահանություն, գաղթ ... Այս առումով խիստ արդիական նշանակություն ունի երկրամասի՝ հատկապես 1918–1921 թթ. ժամանակահատվածի ուսումնասիրությունը, երբ ադրբեջանա-թուրքական հրոսակները մահ ու ավեր էին տարածում գավառում: Գողթանի այն գյուղերը, որոնք ապավինեցին իրենց ուժերին և թշնամուն ցույց տվեցին կազմակերպված դիմադրություն, զերծ մնացին կոտորածներից, ապրեցին հայրենի օջախներում, իսկ այն բնակավայրերը, որոնց բնակչությունը հավատաց թշնամու «գթասրտությանն» ու հանձնվեց՝ կոտորվեց2: Ադրբեջանական իշխանությունների վարած հայահալած քաղաքականության հետևանքով՝ 1921 թվականից հայ ազգաբնակչությունը սկսեց լքել հայրենի ոստանը3:
... Գողթան գավառը հայ ժողովրդի տարեգրության, գիր ու գրչության և մշակույթի նշանակալի վայրերից է: Եղել է պատմական իրադարձություններով լեցուն երկրամաս. այստեղ քարոզչական գործունեություն է ծավալել Մեսրոպ Մաշտոցը, հռչակված էր Գողթան երգիչներով, հայտնի էր «Գինեւէտ Գողթն» անվանումով, նշանավոր ավաններով ու բնակատեղիներով [Ագուլիսներ, Ցղնա, Տանակերտ, Փառակա, Բիստ, Վանանդ, Գիրան, Քաղաքիկ, Որդվար (Օրդուբադ) և այլն], մետաքսագործության խոշոր կենտրոն էր, լեցուն էր ճարտարապետական կոթողներով, ունեցել է նշանավոր տոհմեր, գերդաստաններ4: Վերջիններս հայկական իրականությանն ու մշակույթին տվել են հասարակական-քաղաքական, գիտամշակութային և այլ բնագավառների կարկառուն բազմաթիվ դեմքեր [Քրիստափոր Միքա յելյան, Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Ռուբեն Մամուլյան, Էդգար Շահին, Ավետիք Արասխանյան, Ստեփան (Ռոստոմ) Զորյան, Ավետ Ավետիսյան, Օվի Սևումյան, Թովմաս Վանանդեցի, Ալեքսանդր Քալանթար, Կարապետ Տեր-Մկրտչյան, Անրի Թրուայա (Լևոն Թորոսյան) և այլն]:
Գողթան աշխարհի անվանի զավակներից է նաև հասարակական-քաղաքական, պետական հայտնի գործիչ, բազմավաստակ մանկավարժ, հրապարակագիր, պատմաբան ու բանասեր Հակոբ Գաբրիելի Տեր-Հակոբյանը: Մերօրյա լայն հանրությանը քիչ հայտնի ազգային գործիչը ծնվել է Գողթան գավառի Վերին Ազա գյուղում5 1881 թվականին: Հայրը մահացել է երիտասարդ տարիքում, ընտանիքի հոգսը մնացել է մոր ու ավագ եղբոր վրա: Սկզբնական կրթությունը ստացել է տեղի ծխական դպրոցում, որն ավարտելուց հետո՝ 1894-ին, քահանա եղբոր շնորհիվ ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, սովորել դպրոցական, ապա՝ լսարանական բաժիններում: «Իրեն աշակերտակից» (երկու դասարան ցածր) Սիմոն Վրացյանի վկայությամբ՝ նա «Ջանասեր, հանդարտ, կարգապահ, շատ կարդացող ու լավ պարապող աշակերտ էր Ճեմարանում, Կոմիտասի սիրելիներից, ձայնեղ երգիչ ու հմուտ դասապետ»6: Ուսանող ժամանակ նշանակվել է ճեմարանի մատենադարանապետ (Ս. Վրացյանը եղել է նրա օգնականը): Դա նրան տվել է ինքնազարգացման մեծ հնարավորություն, քանի որ մատենադարան ուներ շուրջ քառասուն հազար գիրք և մամուլի հարուստ հավաքածու:
Հ. Տեր-Հակոբյանը 1904 թ. ավարտելով ճեմարանը՝ կիսասարկավագի աստիճանով, նվիրվել է մանկավարժական գործունեության: 1905–1912 թթ. եղել է Ալեքսանդրապոլի ծխական դպրոցների ուսուցիչ, ապա՝ տնօրեն: Լինելով Երևանի Հ. Յ. Դաշնակցության Կենտրոնական կոմիտեի անդամ՝ հասարակական և կուսակցական լայն գործունեություն է ծավալել. Ալեքսանդրապոլում 1907–1911 թթ. կուսակից ընկերների հետ «վարում էր նաև շրջանի կուսակցական պաշտոնաթերթը՝ «Ժայռ» շաբաթաթերթը»7: 1912 թ. տեղափոխվել է Նախիջևան, ապա՝ Պարսկաստան. Ուսուցիչ է եղել Վերին Ագուլիսում և Սալմաստ գավառի գյուղերում: Առաջին աշխարհամարտի տարիներին՝ 1914–1917 թթ., Հ. Տեր-Հակոբյանը Սալմաստում զբաղվել է նաև պատերազմի աղետյալների օգնության գործով, ապա տեղափոխվել է Ալեքսանդրապոլ: 1917 թ. սեպտեմբերին մասնակցել է Թիֆլիսում հրավիրված Արևելահայերի առաջին համագումարին (եղել է նիստերի քարտուղարը), Երևանի, Ալեքսանդրապոլի ու Անդրկովկասի գյուղացիական համագումարներին: Ընտրվել է Ալեքսանդրապոլի Ազգային խորհրդի նախագահ: 1918 թ. թուրքական հարձակման ժամանակ՝ Կարսի և Ալեքսանդրապոլի անկումից հետո, Գարեգին Նժդեհի հետ նա գործուն մասնակցություն է ունեցել Ղարաքիլիսայի, ապա՝ Դիլիջանի ինքնապաշտպանության կազմակերպմանը: Իր լուման է ներդրել Հայաստանի առաջին Հանրապետության կայացման գործում. ընտրվել է խորհրդարանի պատգամավոր, եղել է խորհրդարանի ավագ քարտուղարը, Հայաստանի կոոպերատիվների կենտրոնական միության (Հայկոոպ) վարչության նախագահը8: 1920 թ. աշնանը՝ հայ-թուրքական պատերազմի օրերին, կառավարության անդամների հետ Հ. Տեր-Հակոբյանը մեկնել է Ալեքսանդրապոլի ռազմաճակատ՝ ինքնապաշտպանության գործը կազմակերպելու: Թուրքերի կողմից քաղաքը գրավելուց հետո՝ մեր զորքի հետ նահանջել է Ղարաքիլիսա: Այստեղից անցել է Համամլու-Որդնանի շրջան՝ թիկունքը կազմակերպելու, ժողովրդի տրամադրությունը բարձրացնելու, կռվի դաշտ զինվորներ ուղարկելու համար: Դեպքերի ընթացքը օրհասական էր, և նա Դիլիջանի վրայով մեկնել է Երևան:
Հայաստանի խորհրդայնացումից հետո Հ. Տեր-Հակոբյանը մնացել է Երևանում: Գործուն մասնակցություն է ունեցել 1921 թ. փետրվարի 18-ի ապստամբությանը. Հայրենիքի փրկության կոմիտեի անդամ էր, պարենավորման գործերի բաժնի վարիչը: Ապստամբության պարտությունից հետո անցել է Զանգեզուր:
1921 թ. մայիսի 31-ին Լեռնահայաստանի ու Հայաստանի կառավարությունները միավորվելով կազմել են նոր կառավարություն՝ Հանրապետական Հայաստանի կառավարության անվամբ՝ Ս. Վրացյանի նախագահությամբ. դրա կազմի մեջ մտել է նաև Հ. Տեր-Հակոբյանը: Զանգեզուրի անկումից հետո այս կառավարությունը տարագրվել է Թավրիզ: Որպես տարագիր կառավարության ներկայացուցիչներից մեկը՝ նա այստեղ ազգային-հասարակական մեծածավալ աշխատանք է կատարել. կազմակերպել է տարագիրների կեցությունը և ապահովել նրանց պահպանությունը՝ նպաստներով կամ օժանդակությամբ: 1921–1923 թթ. Թավրիզում եղել է Հայաստանի կառավարության վերջին ներկայացուցիչներից մեկը9:
1923 թվականից Հ. Տեր-Հակոբյանը դարձյալ նվիրվել է ուսուցչական գործին՝ որպես ուսուցիչ, տնօրեն պաշտոնավարել Նոր Ջուղայի և Աբադանի դպրոցներում: Առանձնապես նշանակալի է նրա գործունեությունը Նոր Ջուղայում, որտեղ եղել է Ս. Ամենափրկչյան վանքին կից գործող Ազգային վարժարանի տեսուչ: Վանքի հարուստ մատենադարանում գիտահետազոտական բեղուն աշխատանք է կատարել:
1946–1950 թթ. ապրել է Իրաքում, ստանձնել Բաղդադի հայկական ազգային դպրոցների տեսուչի պաշտոնը: Այնուհետև վերադարձել է Թեհրան10:
Մանկավարժական և հասարակական-քաղաքական գործունեությանը զուգընթաց՝ Հ. Տեր-Հակոբյանը տարիներ շարունակ զբաղվել է գրական աշխատանքով, հավաքել է հարուստ նյութեր ու պատմաբանասիրական բազմաբնույթ հոդվածներով և ուսումնասիրություններով աշխատակցել Թիֆլիսի «Հորիզոնին», Երևանի «Զանգին», «Հառաջին» ու «Հայաստանի կոոպերացիային», Փարիզի «Վեմին», Բոստոնի «Հայրենիքին», Կահիրեի «Հուսաբերին», Թեհրանի «Ալիքին» և այլ պարբերականների՝ սկզբնական շրջանում Իրազեկ, հետագայում՝ Հ. Իրազեկ ծածկանունով:
Ազգային-պետական և կրթական վաստակաշատ գործիչը հանկարծամահ է եղել 1953 թ. Թեհրանում: ««Մեր պարոն Հակոբը», ակնածանքով են հիշում իր աշակերտ-աշակերտուհիները: Շատ տպավորիչ էին իր բովանդակալից, խտացված և պարզ ոճով դասախոսությունները, – Հ. Տեր-Հակոբյանի ծննդյան 120-ամյակի առիթով գրել է Ա. Մամյանը: – Զոկերը (ագուլիսցիները) իրավունք ունեին պարծենալու իրենց այս մեծ մտավորականով՝ պարթևահասակ, անուշ ժպիտը դեմքին ու մինչև դիմացինի հոգու խորքը թափանցող խորազննին արքերով: Իր գաղափարակիցների հետ նա էլ ճաշակեց տարագրի կյանքի բոլոր դառնությունները, անլուր զրկանքներ կրեց, տառապեց, բայց միշտ մնաց պատնեշի վրա, միշտ հուսալից ու իր տեսլականով խանդավառ»11:
Հ. Տեր-Հակոբյանի ուսումնասիրությունները վերաբերում են հայ ազատագրական շարժմանը, հայկական մշակույթին, տպագրությանը, մամուլին, հայկական գաղթավայրերի պատմությանը: 1956 թ. Բեյրութում լույս է տեսել Իրազեկի «Մոտիկ անցյալից: Պատմական դեպքեր և ապրումներ: 1917–1922» վերնագրով գիրքը, 1986-ին Անթիլիասում՝ «Պատմություն հնդկահայ տպագրության» աշխատությունը: Նրա գործերից շատերն անտիպ են, ձեռագիր վիճակում, ինչպես՝ «Հայ ազատագրական շարժումը (1548–182812 )», «Հայկական տպագրության պատմության մեկ փառավոր էջը», «Սայաթ Նովա, իր կյանքը և գրականությունը», «Շտեմարան Կալկաթայի (1821–1823)» աշխատությունները, որոնք պահվում են Բեյրութի Համազգայինի մատենադարանում:
Գողթնի Ցղնա ավանից սերող անվանի լեզվաբան Սարգիս Սարգսյանցի՝ դեռևս XIX դ. 80-ական թվականներին իրավացիորեն արած եզրակացության՝ «Բացի ուրիշ պատմական նշանակություններից այդ գավառը հին Հայաստանի համար նույն նշանակությունը ուներ, ինչ նշանակություն որ ուներ միջնադարյան Ֆրանսիայի համար գեղեցիկ Պրովանսը. ինչպես և այս վերջինը՝ Գողթնը գինու և երգերի աշխարհ էր, միայն այն զանազանությամբ, որ Պրովանսում հնչում էին տրուբադուրների սիրո քնքուշ երգերը, իսկ Գողթնի լեռները հնչեցնում էին հայոց դիցազունների քաջագործությունների երգերը» (Ս. Սարգսեանց. Ագուլեցոց բարբառը (Զօկերի լեզուն): Լեզուաբանական հետազօտութիւն, մասն I, Մոսկվա, 1883, էջ 1):
Գողթնի և մասնավորապես Ագուլիսի նիստուկացին քաջածանոթ ազգային, հասարակական-քաղաքական գործիչ, գրող Ավետիս Ահարոնյանի բնութագրմամբ՝ «Հնուց ի վեր Գողթանը մեր պատմության մեջ հրապուրիչ անուն ունի: Հեթանոս դարերում նա մեր աշխարհի գուսանների հայրենիքն էր, որտեղից յուղն ու գինին ցնծություն էին սփռում Հայաստանի մեկ ծայրից մյուսը: Նոր ժամանակներում Գողթանը … հայտնի դարձավ իր ժողովրդի քաղաքակրթական անօրինակ ձիրքերով և համարձակ ձեռներեցությամբ լուսավորության, արդյունաբերության ու առևտրի ասպարեզներում: … Եվ այսքանն այնուամենայնիվ չի կարողացել հագեցնել այս ժողովրդի առաջադիմության ծարավը: Նա իր հացի ու արոտների պակասը լրացրել է շերամապահությամբ, մետաքսի առևտուրը զարգանալով ու ծավալվելով կամաց-կամաց ագուլեցուն մղել է դեպի անծանոթ ու հեռավոր շահաստաններ: Եվ այսպիսով այս խելացի ժողովուրդը դարձել է աշխարհի առաջին կարգի վաճառական … Պարսկաստան ու անդրկասպյան երկրներ, դեպի հյուսիս, ռուսական խոշոր կենտրոններ, և վերջապես դեպի արևմուտք, եվրոպական շուկաները
… Ու միաժամանակ անդիմադրելի սիրով իրենց ծննդավայրին կապված… վաճառականները, հաճախ տարիների բացակայությունից հետո՝ միշտ հետ են եկել իրենց հայրենի աշխարհը՝ բարիքով բեռնավորված և իրենց հետ բերել են նոր, անծանոթ, լուսավոր աշխարհների առաջադիմության գաղտնիքն ու սերը: … Կովկասյան Հայաստանի ոչ մի գավառակ, քաղաք կամ ավան կարող է մրցել Ագուլիսի հետ լուսավորության ու քաղաքակրթության ասպարեզում … Նեղ ու քարքարոտ մի ձորակի երկու լանջերին բարձրանում են երկհարկանի, նույնիսկ եռահարկ տներ, եվրոպական ճաշակով ու շնորհքով կառուցված: Ամեն տուն իր պարտեզն ունի, իր ծաղկանոց-բուրաստանը … Հեռուներից բերված քաղաքակրթական ճաշակը ագուլեցուն տվել է մաքուր ապրուստի, լուսավորության, առաջադիմության բուռն պահանջ՝ առանց խաթարելու նրա պապենական արդար նիստուկացը և առողջ խառնվածքը:
Գավառական ոչ մի կենտրոն այնքան բարեկարգ ու ապահով դպրոցներ է ունեցել, որպիսին ուներ Վ. Ագուլիսը, թե տղաների և թե աղջիկների համար: Մարդ թե կին, գրեթե ամենքը գրագետ են: Չկա փոքրիշատե ունևոր ընտանիք, որի որդին միջնակարգ կամ բարձրագույն ուսում ստացած չլինի: Ռուսական եւ առհասարակ եվրոպական համալսարաններում ագուլեցի ուսանողների թիվը միշտ շատ մեծ է եղել:
Օտար այցելուներ իսկ զարմանքով են գտել մեր աշխարհի այդ հեռավոր անկյունում քաղաքակրթական այս սիրուն կղզին:
Ազգային կյանքում ևս այս անհանգիստ և իմացական ժողովուրդը իր կարևոր դերն է ունեցել: Մեր աշխարհի կենտրոնից հեռու, մահմեդական հոծ զանգվածներով շրջապատված, Ագուլիսը այնուամենայնիվ մի անդիմադրելի թափով մեր ազգային քաղաքակրթական ու ազատագրական ճիգերի մեջ առաջին շարքերում եղավ միշտ: Գողթանը ասես մեր հայրենի գետի, Արաքսի ալիքներով զգաց միշտ Հայոց աշխարհի սրտի՝ Այրարատի թրթիռն ու հույզերը և նրա կյանքն ու փոթորիկներն ապրեց» (Ա. Ահարոնյան. Խավարի մեջ, գիրք Բ, Երևան, 1991, էջ 364, 366–367):
5. Ազա գյուղի մասին մանրամասն տե՛ս Դոկտ. Յովհ. Հախնազարեան. նշվ. աշխ., էջ 305–313, Ա. Այվազյան. Նախիջևանի վիմագրական ժառանգությունը, հ. Գ, Գողթն գավառ, Երևան, 2007, էջ 66–67:
6. Յ. Իրազեկ. Մօտիկ անցեալից: Պատմական դէպքեր եւ ապրումներ: 1917–1922, Պէյրութ, 1956, էջ ա:
7. Նույն տեղում, էջ դ:
8. Հայկոոպի հետ կապված՝ տե՛ս «Հայաստանի կոոպերացիա» (Երևան), 13, հուլիս 15, 1920, էջ 527, 14, հուլիս 31, 1920, էջ 582–583, 17, սեպտեմբեր 15, 1920, էջ 720–721:
9. Մանրամասն տե՛ս Յ. Իրազեկ. Մօտիկ անցեալից: Պատմական դէպքեր եւ ապրումներ: 1917–1922, էջ 116–150:
10. «Ասպարեզ» (Ֆրեզնո), 23. V. 2019:
11. «Ալիք» (Թեհրան), 5. XI. 2001:
12. Իրազեկի «Մօտիկ անցեալից: Պատմական դէպքեր եւ ապրումներ: 1917–1922» գրքում (էջ Զ) նշված է այս թվականը, իսկ նրա «Պատմութիւն հնդկահայ տպագրութեան» (Անթիլիաս, 1986, էջ ԻԳ) աշխատության մեջ և «Նշանավոր ճեմարականներ»-ում (պրակ Բ, Ս. Էջմիածին, 2009, էջ 433) գրված է 1882:
ԱՆՈՒՇԱՎԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր,
«Պատմաբանասիրական հանդես»-ի գլխավոր խմբագիր