Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղն Արցախ-Մայր հայրենիք սահմանին է, այսօր՝ միջազգային բառակապակցությամբ ասած, Լաչինի մարդասիրական միջանցքի սկզբում:
Շրջանի առաջին բնակավայրն էր, որտեղ դեռեւս 1992 թ. ամռանը վերաբնակիչներ եկան Արցախի Մարաղա, Չայլու, Գետաշեն եւ թշնամու տիրապետության տակ անցած այլ բնակավայրերից: Արցախյան վերջին պատերազմի պատճառով դատարկվեց Քաշաթաղի շրջանը, ստիպում էին, որ Աղավնոյից էլ բնակիչները դուրս գային: Սակայն համայնքապետ Անդրանիկ Չավուշյանի, ով, ի դեպ, 5 անչափահաս զավակ ունի, եւ բնակիչների հայրենասիրության, հողին տեր մնալու, հայրենիքը չլքելու վճռականության շնորհիվ ապրում է Աղավնոն՝ որպես հայոց բնակավայր, եւ ունի դպրոց:
Քաշաթաղի շրջանի առաջին կրթօջախներից է, սկսել է գործել 1994 թ. սեպտեմբերից, եւ կոչվում է Գարեգին Նժդեհի անունով: Հատկացված մեքենայով 9 աշակերտ եւ մեկ ուսուցիչ (պատմության մասնագետ Գեւորգ Մնացականյանը ժամանակավորապես շրջվարչակազմի ղեկավարի տեղակալն էր), Բերձոր քաղաքից են հաճախում: Այսօր հեռախոսով կապ հաստատեցի Աղավնոյի գյուղապետի եւ դպրոցի տնօրենի հետ: Տնօրենն ասաց՝ արդեն գյուղում է դպրոցի պատմության հիմնական ուսուցչուհին՝ Տաթեւիկ Առաքելյանը, եւ ուսուցիչների կարիք գրեթե չունեն: Կար անգլերենի դասավանդման հարց, որը շուտով կլուծվի: Այս օրերին դպրոցում ընթանում են նաեւ վերանորոգման աշխատանքներ: Հիմնանորոգվում են մի քանի դասասենյակ, դահլիճը, գրադարանը:
Գյուղը մշտապես եղել է սփյուռքի մեր հայրենակիցների ուշադրության կենտրոնում: Տարիներ առաջ լիբանանյան «ARI» (Artsakh Roots Investment) հիմնադրամի ծրագրով մոտ 70 բնակելի առանձնատուն կառուցվեց այստեղ, իրականացվեցին այլ աշխատանքներ: Այժմ էլ սփյուռքն օգնում է Աղավնոյին: Դեռեւս անցած դեկտեմբերին Ամերիկայի Արեւելեան շրջանի Հայ մշակութային ընկերակցութեան «Արցախ Ֆոնտ»-ի պատվիրակությունը ժամանեց Արցախի Հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտ, հստակեցվեցին մի շարք ծրագրեր:
Այժմ Աղավնոյում «Արցախ Ֆոնտ»-ի ֆինանսավորմամբ մանկապարտեզ է կառուցվում: Ա. Չավուշյանը տեղեկացրեց՝ մինչեւ սեպտեմբեր նախակրթարանը պատրաստ կլինի եւ կընդունի մոտ 10 երեխայի: Գույքի հարցը կլուծվի Հայ օգնության միության (ՀՕՄ) Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզի միջոցով: Այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ:
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
hhpress.am