կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-18 17:53
Քաղաքական

Սյունիքում այսօր էլ կան Նժդեհներ․ Ա․Մելքոնյանի անդրադարձը ռուս-թուրքական պայմանագրի 100-ամյա տարելիցին

Մարտի 16-ին լրացավ 1921 թ.-ին Մոսկվայում ստորագրված ռուս–թուրքական պայմանագրի 100 տարին։ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն արձանագրում է՝ այդ պայմանագրով հայ ժողովրդի շահերը հաշվի չառնվեցին եւ երկու մեծ պետությունների փոխհարաբերությունների կոնտեքստում մոռացության տրվեցին։

«Գիտաժողովի նպատակն է հասկանալ հետխորհրդային շրջանում հայ եւ ռուս պատմաբանների մոտեցումները Մոսկվայի, Կարսի պայմանագրերի հարցում։ Նրանց մոտեցումները շատ հստակ են։ Մի բան է դիվանագիտական, պետական մակարդակով զանազան դեսպանների, մամուլի խոսնակների խոսքը Մոսկվայի պայմանագրի վերաբերյալ, մեկ այլ բան՝ մասնագետների տեսակետները։ Ռուս մասնագետները եւս համարում են, որ ընդհանուր հարթակում մոռացության տրվեցին եւ շրջանցվեցին հայ ժողովրդի շահերը։ Կան տեսակետներ, որ դա հիմնականում պետք է կապել նախորդ՝ Ալեքսանդրապոլի պայմանագրի հետ»,- ասաց Մելքոնյանը։

Ալեքսանդրապոլի պայմանագրով՝ Թուրքիային անցան Կարսի մարզը, Սուրմալուի գավառը, որն, ի դեպ, երբեք Թուրքիայի կազմում չէր եղել, եւ Նախիջեւանը։ 1921թ․-ի մարտի 16-ին Մոսկվայում կնքված պայմանագրով՝ Թուրքիայի հյուսիսարեւելյան սահմանն անցնում էր Ախուրյան եւ Արաքս գետերի հունով՝ թուրքական կողմում թողնելով Կարսը եւ Սուրմալուն։ Նախիջեւանը դառնում էր ինքնավար մարզ՝ Ադրբեջանի խնամակալության տակ, որը չէր զիջվելու երրորդ պետության։ Մոսկվայի պայմանագրով Խորհրդային Հայաստանի տարածքը կազմում էր 29 հազար քառակուսի կիլոմետր՝ Լոռու եւ Զանգեզուրի միանալուց հետո․ դա նախատեսում էր ավելի մեծ տարածք, քան Ալեքսանդրապոլի պայմանագրով էր։

Մելքոնյանից հետաքրքրվեցինք՝ Նախիջեւանը Հայաստանին վերադարձնելու հնարավորություն կա՞։

«Այսօրվա ռուս-թուրքական հարաբերությունների ֆոնին, մեր պատկերացմամբ՝ տանելի, դիվանագիտական ճակատում՝ բարեկամական, որին ես չեմ հավատում, իհարկե, սպասելիքներ ունենալ պետք չէ։ Ռուսական կողմից պայմանագրի վերանայում կարող է լինել աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխության պարագայում»,- ասաց նա՝ կոնկրետ փաստեր նշելով։ Ըստ Մելքոնյանի՝ երբ ռուս-թուրքական հարաբերությունները Սիրիայում խիստ սրվեցին, մի քանի խմբակցություններ Մոսկվայի պայմանագիրը չեղյալ համարելու հարց բարձրացրին։

Պատմության ինստիտուտի տնօրենը շեշտեց՝ 100 տարի անց պատմությունը կրկնվում է․ «Արցախում խնդիրներ կան, որ, երբ փորձում ես համեմատել հարյուր տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների հետ, շատ բաներ, ցավոք, նույնանում են։ Ես չեմ կարծում, թե Սյունիքում չկան Գարեգին Նժդեհներ։ Շատ դեպքերում այս հուսահատական վիճակը, որ լրատվությամբ ներկայացվում է հանրությանը, հասկանալի է, որովհետեւ այդպիսի վտանգ Սյունիքի գլխին իսկապես կախված է․․․»։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

 Լիանա Սարգսյան