կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-12 12:57
Հասարակություն

Այսօր Մոնթե Մելքոնյանի մահվան 20-ամյա տարելիցն է

Այսօր Մոնթե Մելքոնյանի մահվան 20-ամյա տարելիցն է

Եռաբլուրում` Մոնթե Մելքոնյանի շիրիմին, իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել ՀՀ պաշտպանության փոխնախարարներ Ալիկ Միրզաբեկյանն ու Արա Նազարյանը, ՊՆ վարչությունների պետեր, նախարարության տարբեր աստիճանի սպաներ, Մոնթեի մարտական ընկերները, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանի սաները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ պարզապես քաղաքացիներ: Քաղաքական գործիչներից Մոնթե Մելքոնյանի շիրիմին հարգանքի տուրք մատուցելու էր եկել Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Ուղիղ 20 տարի առաջ այս օրը, ինչպես պատմեց Մոնթեի մարտական ընկեր ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը, նա դիմահար արկից զոհվեց: «Այդ ժամանակ նրա մարտական ընկերները Մարտունու մատույցներում կատաղի մարտեր էին մղում: Անուրանալի էր Մոնթեի դերը` որպես ընկեր, հրամանատար, որպես մտավորական մարդ, եւ, ես կասեի` որպես ստրատեգ: Որովհետեւ ինքնապաշտպանության առաջին օրերին մենք ունեինք ընդամենը երկու տանկ` Տ-72, իսկ արդեն Մոնթեի զոհվելուց ունեինք 42 տանկ, որ առգրավել էինք հակառակորդից, ինչպես նաեւ բազմաթիվ տեխնիկական միջոցներ ու սպառազինության տեսակներ»,- պատմեց նա:

 

Ազգային հերոսի մյուս մարտական ընկերները հատկապես կարեւորում էին Մոնթեի ներկայության զգացումը, որը նրանց ուժ եւ եռանդ է տվել մարտի դաշտում:

 

Մոնթեն ծնվել է նոյեմբերի 25-ին, ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ոչ հեռու՝ Վայսեյլի ավանում: Արտասովոր ընդունակությունների տեր` 12 տարեկանում (այդ տարիքում է նա իմացել իր հայ լինելու մասին) ծնողների հետ 15-ամյա տղան ճանապարհորդություն է կատարել Եվրոպայի, Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի 41 քաղաքներ: Եղել է Արեւմտյան Հայաստանում, իր պապերի տանը... Ուսումնասիրել է 1915 թվականի Եղեռնի պատմությունը:

 

1975 թվին գերազանց ավարտել է Մաունթ Ուիթնիի միջնակարգ դպրոցը։ 20 տարեկանում ընդունվել է Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանը, որում չորս տարվա դասընթացն ավարտում է կրկնակի տիտղոսով` ստանալով հնագիտության եւ ասիական պատմության մասնագետի վկայականներ:

 

Համալսարանում ուսանելու տարիներին հիմնում է «Հայ ուսանողական միություն» եւ կազմակերպում ցուցահանդես նվիրված Մեծ եղեռնին։ Մոնթեի ավարտական թեզը նվիրված էր Վանի թագավորության ժայռափոր դամբարանների ուսումնասիրությանը, թեզը պաշտպանում է 1978 թվականին։ Արժանանում է կրթաթոշակի՝ Օքսֆորդի համալսարանում դոկտորական պաշտպանելու համար։ 1978 թվականի աշնանը մեկնում է Իրան, ապա Լիբանան՝ մասնակցելու Բեյրութի հայ համայնքի ինքնապաշտպանության մարտերին:

 

22 տարեկանում արդեն լիովին տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին, իտալերենին, թուրքերենին, պարսկերենին, ճապոներենին, քրդերենին: 1980 թվականին միանում է «Հայաստանի Ազատագրական Հայ գաղտնի բանակին» (ԱՍԱԼԱ)։ 1981 թվականի նոյեմբերին Փարիզում ձերբակալվում է՝ Հռոմում թուրք դիվանագետի սպանությունը նախապատրաստելու մեղադրանքով, որի հերքումից հետո, այնուամենայնիվ, բանտարկվում է կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով։ Մի քանի շաբաթից ազատ է արձակվում։ Երկու տարվա ընթացքում դառնում է ԱՍԱԼԱ-ի կարեւոր դեմքերից մեկը:

 

1991 թվականին, բանտից ազատվելուց հետո, Մոնթեն գալիս է Երեւան, յոթ ամիս աշխատում Գիտությունների ակադեմիայում «Հայաստանը եւ հարեւանները» գիրքը գրելու եւ հրատարակելու նպատակով: Օգոստոսին ամուսնանում է լիբանանահայ ուսանողուհի Սեդայի հետ:

 

Արցախի ազատագրման պատերազմը սկսվելուց հետո, թողնելով գիտական գործունեությունը, մեկնում է Ղարաբաղ` մարտական գործողություններին մասնակցելու, եւ այնտեղ հերոսաբար պայքարում ու զոհվում է 1993 թվականի այս օրը:

 

Հետմահու արժանացել է Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների Ազգային հերոսի կոչման: Նրա անունով է կոչվում ՀՀ ռազմական քոլեջը, Երեւանում եւ Ղարաբաղում նրա անվամբ կան դպրոցներ: Երախտապարտ Արցախում նրա անունով են կոչել Մարտունու շրջկենտրոնը` վերանվանելով Մոնթեաբերդ, իսկ կենտրոնում կանգնեցված է նրա հուշարձան-կիսանդրին։