Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լրանում է Հայաստանի ու հայ ժողովրդի պատմական ճակատագրում անդառնալի ծանր հետք թողած Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի, իրականում մարտի 18-ի ռուս-թուրքական «բարեկամության և եղբայրության» անարդար ու ապօրինի պայմանագրի ուղիղ մեկ դարը: Այն կնքել են այն ժամանակներում ռազմաքաղաքական համընկնող շահերով ու հեռագնա սին կարգախոսներով իրար հետ դաշն կազմած քեմալական Թուրքիան և բոլշևիկյան Ռուսաստանը: Պատմական իրողությունն, որ միջազգայնորեն չճանաչված երկու երկրների կառավարություններ պայմանագիր են կնքել և որոշել են մի երրորդ երկրի՝ Երևանի 1920 թ. դեկտեմբերի 2-ի Դրո-Լեգրան համաձայնագրով անկախ հռչակված Հայաստանի` կենսական նշանակության տարածքային-սահմանային հարցերը` առանց վերջինիս գիտության ու մասնակցության: Հենց այդ պայմանագրով արդեն խորհրդայնացած Հայաստանը փաստորեն պարփակվեց ընդամենը 30 հազ. քառ. կմ տարածքի սահմաններում: Եվ որպեսզի այդ պայմանագրով սահմանված վճիռն օրինականացվեր Հայաստանի համար, մի քանի ամիս անց՝ 1921 թ. հոկտեմբերի 13-ին, Կարսում ՌՍԴԽՀ կառավարության հանձնարարականով կնքվեց փաստորեն Մոսկվայի պայմանագրի կրկնօրինակը հանդիսացող մի պայմանագիր՝ արդեն Հայաստանի պատվիրակության (ղեկավար՝ Ա. Մռավյան) մասնակցությամբ: Արդեն 100 երկարուձիգ տարիներ են, որ պահպանվում է այդ անարդար ու ապօրինի, ուժով ու սպառնալիքով Հայաստանին ու հայ ժողովրդին պարտադրված պայմանագիրը:
Միջազգային պայմանագրային իրավունքին ու նորմերին համապատասխանության առումով Մոսկվայի պայմանագրի աղաղակող անօրինականության դրսևորումներից մեկն այն է, որ միմյանց հետ պայմանագիր են կնքել երկու երկրների՝ քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի չճանաչված կառավարություններ և որոշել են մի երրորդ երկրի, տվյալ դեպքում` Հայաստանի տարածքային-սահմանային հարցերը՝ առանց նրա ներկայացուցչի գիտության ու մասնակցության: Ընդ որում, և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան սահմանների վերաբերյալ պայմանագիր են կնքում՝ իրականում իրար հետ չունենալով տարածքային-սահմանային և ոչ մի շփում: Բանն այն է, որ Անդրկովկասի երեք հանրապետությունները պայմանագրի ստորագրման պահին չեն համարվել Խորհրդային Միության տարածք, որովհետև 1921 թ. մարտ ամսին դեռ ո՛չ Անդրդաշնությունը կար և ո՛չ էլ, առավել ևս, ԽՍՀՄ-ը: Եվ այդ իմաստով Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիրը` իբրև նախադեպ ու նախատիպ, կարելի է նմանեցնել ու նույնացնել Մոսկվայի 1939 թ. օգոստոս-սեպտեմբերի Արևելյան Եվրոպայի երկրների տարածքները միմյանց միջև բաժանող խորհրդա-գերմանական (Մոլոտով-Ռիբենտրոպ) գաղտնի արձանագրության հետ:
Հայաստանի ու հայ ժողովրդի համար կողոպտիչ մոսկովյան ռուս-թուրքական պայմանագրի հիմքերը դրվել էին դեռևս 1920 թ. հուլիս-օգոստոս ամիսներին Մոսկվայում գումարված խորհրդա-թուրքական (Գ. Չիչերին-Բ. Սամի բեյ) 1-ին խորհրդաժողովում, որին ի հետևանք նախաստորագրվել էր օգոստոսի 24-ի ռուս-թուրքական բարեկամության պայմանագիրը: Դրանով Խորհրդային Ռուսաստանը ճանաչում էր 1920 թ. հունվարի 28-ի թուրքական, այսպես կոչված, «Ազգային ուխտ»-ում նշված տարածքային պահանջները, այն է` Արևմտյան Հայաստանի նահանգների և Կարսի մարզի` Թուրքիային միացումը: Դա նշանակում է, որ Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը առաջիններից մեկը դեմ դուրս եկավ Սևրի պայմանագրին և այդպես իր պաշտպանության տակ վերցրեց Առաջին աշխարհամարտում ծանր պարտություն կրած Թուրքիային: Ավելին` Ռուսաստանի թողտվությամբ Մոսկվայի պայմանագրով գերակատարվեցին թուրքական «Ազգային ուխտ»-ի տարածքային պահանջները: Այդ պահանջներից դուրս՝ Սուրմալուի գավառը` հայ ժողովրդի «հավետ գոյության խորհուրդ» -ը` Մեծ ու Փոքր Մասիսներով (3450 քառ. կմ), որը երբեք չէր եղել Օսմանյան Թուրքիայի կազմում, բռնակցվեց Թուրքիային, և դրանով հայ-թուրքական պետական սահմանագիծը դարձավ Ախուրյան և Արաքս գետերի հունը, ինչպես որ է առ այսօր: Մայր Արաքսի այն ափը, որտեղ ընկած է մեր բուն հայրենիքը՝ Արևմտյան Հայաստանը, մեզ համար դարձավ տեսիլք ու երազ, իսկ Մասիսն այդպես էլ մնաց «անհաս փառքի ճամփա» : Դա դեռ բավական չէ, Մոսկվայի պայմանագրի 3-րդ հոդվածով Թուրքիայի փոքր եղբայր Ադրբեջանին նվիրաբերվեց Նախիջևանի երկրամասը (5500 քառ. կմ)՝ պայմանով, որ այն չզիջվի մի երրորդ պետության, այսինքն՝ Հայաստանին :
Որպես պատմական դառը հիշողություն արձանագրենք, որ դարձյալ այդ նույն տարում՝ 1921 թ. հուլիսի 5-ին, առանց քվեարկության, ՌԿ(բ)Կ ԿԿ Կովբյուրոյի անօրինական որոշմամբ Լեռնային Ղարաբաղը (4160 քառ. կմ) մարզային լայն ինքնավարության կարգավիճակով տրվեց Ադրբեջանին : Արցախահայությունը համայն հայ ժողովրդի հետ միասին տասնամյակներ շարունակ պայքարեց իր արդար իրավունքների վերականգնման համար: Որպես արդյունք` հռչակվեց Լեռնային Ղարաբաղի անկախ հանրապետությունը, սակայն վերջին ժամանակների պատերազմական ձախող իրադարձությունները կարծես հարցականի տակ են դնում Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը: Հայաստանի ներկայիս վարչակարգի արտաքին սխալ քաղաքականության հետևանքով, մեր կարծիքով, Ռուսաստանի լուռ համաձայնությամբ թուրք-ադրբեջանական (Էրդողան-Ալիև) տանդեմը Արցախի դեմ սանձազերծեց պատերազմ: Ինչպես 100 տարի առաջ` 1920 թ. թուրք-հայկական, այնպես էլ արցախյան այս պատերազմի վերջում Ռուսաստանը միջամտեց, և երկու դեպքում էլ կայացվեցին, մեղմ ասած, ոչ հայանպաստ որոշումներ:
Կարելի է եզրակացնել, որ Մոսկվայի պայմանագրով ու Կովկասյան բյուրոյի որոշմամբ Հայաստանից ու հայ ժողովրդից խլվեց 30360 քառ. կմ տարածք, որն ավելի մեծ է, քան ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքը՝ 29800 քառ. կմ:
Խորհրդային ժամանակներից մեր պատմագրության մեջ աղավաղված ու կեղծված այլ մոտեցում-տեսակետ-գնահատականների կողքին տարածում է գտել մի թյուր տեսակետ, թե իբր հայ ժողովրդի համար կողոպտիչ Մոսկվայի պայմանագիրը հնարավոր եղավ այն պատճառով, որ դրանից առաջ` 1920 թ. դեկտեմբերի 2-ին, դաշնակցական կառավարությունը թուրքերի հետ ստորագրել էր Ալեքսանդրապոլի կողոպտիչ պայմանագիրը, որով Թուրքիային էր հանձնվում Արևելյան Հայաստանի տարածքների շուրջ կեսը, ուստի Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը այլևս չէր կարող Ալեքսանդրապոլի պայմանագրով Թուրքիային հանձնվելիք տարածքների հարցը վերանայել: Ավելին`խորհրդային և նույնիսկ հետխորհրդային շրջանի մի շարք հեղինակների մոտ պահպանվում է այն կարծրատիպը, թե իբր Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայաստանին մնում էր ընդամենը 10 հազար քառ. կմ տարածք, որը հավասարվում էր Բաթումի 1918 թ. հունիսի 4-ի հայ-թուրքական պայմանագրով նախատեսված
տարածքին:
Սա չի համապատասխանում իրականությանը: Ալեքսանդրապոլի և Մոսկվայի պայմանագրերով գծված հայ-թուրքական սահմանի տեղանշումները համեմատելով կարելի է համոզվել, որ տարածքային-սահմանային տեսանկյունից Ալեքսանդրապոլի պայմանագիրը ոչնչով չի զիջել Մոսկվայի, իսկ ավելի ուշ՝ դրա կրկնօրինակ Կարսի պայմանագրին: Ավելին` ՀՀ տարածքը մի քանի հարյուր քառ. կմ-ով ավելին էր Մոսկվայի, ուստի և դրա կրկնօրինակ Կարսի պայմանագրերով նախատեսված տարածքից: Ճանաչված պատմաբան-քարտեզագետ Բ. Հարությունյանի քարտեզագիտական դիտարկումներով ու կատարած մոտավոր հաշվումներով՝ Մոսկվայի պայմանագրով, Ալեքսանդրապոլի Մոսկվայի պայմանագրով, Ալեքսանդրապոլի պայմանագրի համեմատ, Թուրքիային է անցել 250 քառ. կմ տարածք:
Եթե նկատի ունենանք, որ Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայաստանին էր անցնում Կարսի մարզի հյուսիսար-ելյաՆ շրջանից 600 քառ․ կմ տարածք, ապա Մոսկվայի պայմանագրով շուրջ 250 քառ․ կմ եռանկյունի մի հողատարածք զիջվել է Թուրքիային․ դա նշանակում է՝ Ալեքսանդրապոլի պայմանագրի համամեմատ Մոսկվայի պայմանագրով Կարսի մարզից Հայաստանին թողնվել է ընդամենը 350 քառ․կմ, որն էլ կազմում է Աղբաբայի (ներկայումս՝ Ամասիա) ենթաշրջանը։
Մյուս պատմական կեղծիքն այն է, որ Ալեքսանդրապոլի պայմանագիրը ստորագրած Հայաստանի պատվիրակության (ղեկավար՝ Ալ. Խատիսյան) ստորագրությունն ի սկզբանե իրավական ուժ չի ունեցել, որովհետև պայմանագրի ստորագրման պահին նրան ներկայացնող կառավարությունն արդեն հրաժարական էր տվել, բացի այդ` պայմանագիրը չի վավերացվել ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ Թուրքիայի խորհրդարաններում, ուստի այն անվավեր փաստաթուղթ էր և չէր կարող իրավական հիմք դառնալ Մոսկվայի պայմանագրի կնքման համար: Այն, որ Ալեքսանդրապոլի պայմանագիրը միջազգային-իրավական ուժ չունեցող փաստաթուղթ է, Խորհրդային Ռուսաստանի արտգործժողկոմ Գ. Չիչերինը հաղորդել է Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ալի Ֆուադին (Ջեբեսոյ) 1921 թ. ապրիլի 8-ին հղած նոտայում, որում թուրք դեսպանին հիշեցնում էր, որ Ալեքսանդրապոլի պայմանագիրը կնքվել է դաշնակցական կառավարության կողմից այն ժամանակ, երբ արդեն հռչակված էր Հայաստանի խորհրդային կառավարությունը, և այն պայմանագրով նախատեսված մեկ ամիս ժամկետում չի վավերացվել ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ Թուրքիայի օրենսդիր մարմինների կողմից : Ի դեպ, Մոսկվայի ռուս-թուրքական բանակցությունների ընթացքում բնավ չի հիշատակվել Ալեքսանդրապոլի պայմանագիրը:
Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրին առնչվող 100-ամյա կեղծիքներից մյուսն այն է, որ իբր 1921 թ. Փետրվարյան ապստամբության առնչությամբ Հայրենիքի փրկության կոմիտեի (ՀՓԿ) նախագահ Ս. Վրացյանի` մարտի 12-ին (որոշ տվյալներով՝ մարտի 14-ին) Մոսկվա ուղարկած հեռագիրն էր պատճառը, որ Խորհրդային Հայաստանի պատվիրակությանը (ղեկավար՝ Ալ. Բեկզադյան) թույլ չտրվեց մասնակցել ռուս-թուրքական խորհրդաժողովին: Այնինչ իրականում Հայաստանի պատվիրակությանը թույլ չի տրվել մասնակցել կոնֆերանսին մինչեւ փետրվարի 26-ը, երբ այն կսկսվեր, այնպես որ Ս. Վրացյանի` հետին թվով ռադիոհեռագիրը չէր կարող ազդել կոնֆերանսին Հայաստանի պատվիրակության մասնակցել-չմասնակցելու հանգամանքի վրա: Ավելին` Ս. Վրացյանի կառավարությունն անգամ տեղյակ չի եղել, որ Հայաստանի պատվիրակությանն արգելված է եղել մասնակցել խորհրդաժողովի աշխատանքներին, այլապես ավելորդ կլիներ նման հեռագիր Մոսկվա ուղարկելը: Եթե անգամ հայկական պատվիրակությունը մասնակցեր խորհրդաժողովին, առանձնապես որևէ էական արդյունք չէր արձանագրվի:
Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի շուրջ եղած կեղծիք-ֆեյքերից մեկն էլ այն է, որ կեղծվել է անգամ դրա ստորագրման ստույգ օրը. իրականում ստորագրման օրը` մարտի 18-ը, թվագրվել է մարտի 16-ով՝ ցույց տալու համար, թե իբր այն ստորագրվել է Լոնդոնի անգլո-ռուսական (Ռ. Հոռն-Լ. Կրասին) առևտրա-տնտեսական համաձայնագրից առաջ կամ գոնե նույն օրը՝ մարտի 16-ին, և իբր թե Մոսկվան տեղյակ չի եղել լոնդոնյան համաձայնագրի քաղաքական բովանդակությանը: Բանն այն է, որ Լոնդոնում անգլո-ռուսական և Մոսկվայում ռուս-թուրքական զուգահեռաբար ընթացող բանակցություններում անգլիական կողմը ռուսականից պահանջել է, որ առևտրա-տնտեսական պայմանագիր կնքելու դիմաց, իբրև Հայկական հարցի մասնակի լուծում, Ռուսաստանը Թուրքիայից պահանջի Հայաստանին վերադարձնել գոնե Կարսն ու Արդահանը : Խորհրդային կողմը, ցանկություն չունենալով նման պահանջ դնելու թուրքերի առաջ, դիմել է մոլորեցնող կեղծիքի. պայմանագրի տեքստում նշվել է մարտի 16-ը, որը Լոնդոնի առևտրա-տնտեսական համաձայնագրի ստորագրման օրն է: Դրանով փորձ է արվել Լոնդոնին հասկացնելու, որ իբր Մոսկվան տեղյակ չի եղել, որ Կարսն ու Արդահանը Հայաստանին վերադարձնելու մասին Անգլիայի կողմից նման պահանջ-առաջարկ է ներկայացվել: Այն, որ Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիրը մինչև մարտի 18-ը ստորագրված չի եղել, վկայում է Հայաստանի պատվիրակության ղեկավար Ալ. Բեկզադյանը նույն օրը Բաքու` Միք. Աթաբեկյանին ուղղած նամակում :
Ժամանակակից իրողությունների լույսի տակ սին հույսեր են լրատվամիջոցներով ու համացանցով երբեմն տարածվող պարզունակ այն մտամարզանքները, որ Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի 100 տարին լրանալուն պես այն չեղյալ կհամարվի, կամ Նախիջևանի հարցը հայանպաստ լուծում կստանա և այլն: Հայ հանրության մի մասն էլ հույս է տածում, որ 100 տարի առաջ Հայկական հարցում բոլշևիկների թույլ տված հայկական հողերի՝ թուրքերին վաճառքի սխալը կուղղի ներկայիս ՌԴ կառավարությունը: Սա ևս քաղաքական պարզունակ մոլորություն է: Պատմության հազարամյակների փորձն ու դասերը սովորեցնում են, որ սեփական ուժերին ապավինելով է միայն հնարավոր լուծել ազգի, երկրի ու պետության առաջ ծառացած արմատական խնդիրները: Պատմության ընթացքում հայ ժողովուրդը շարունակ տարածքներ է կորցրել: Միայն Մոսկվայի պայմանագրով Հայաստանը կորցրեց իր փաստական տարածքների կեսից ավելին: Իսկ դրանք հետ բերելու համար պետք է ապավինել միայն սեփական ուժերին, կարողություններին ու ռեսուրսներին: Մնացյալը պատրանք է: Դա է հերթական անգամ հաստատում Արցախյան երկրորդ պատերազմի դառը փորձը:
Դիտարկելով Հայաստանի ու հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող տարածքային-սահմանային հարցերը ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում` դժվար չէ նկատել, որ հայկական տարածքները անթաքույց զոհաբերվել են նրանց ծավալապաշտական շահերին: Եթե խորհրդայինը դրսևորվել է քիչ թե շատ քողարկված կերպով, ապա քեմալականը բացահայտորեն հակահայկական է:
Հանրագումարի բերելով Մոսկվայի պայմանագրի հետևանքները Հայաստանի ու հայ ժողովրդի համար` կարելի է ներկայացնել հետևյալ թվական տվյալները: Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրով Թուրքիային անցան Կարսի մարզը՝ 17250 քառ. կմ, և Սուրմալուի գավառը՝ 3450 քառ. կմ, ընդամենը՝ 20700 քառ. կմ բուն հայկական տարածք: Բացի այդ` Թուրքիայի պահանջով Նախիջևանի մարզը (շուրջ 5500 քառ. կմ) հանձնվեց նրա փոքր եղբայր Ադրբեջանին: Այս համատեքստում, եթե հաշվի առնենք, որ ՌԿ(բ)Կ ԿԿ Կովբյուրոյի 1921 թ. հուլիսի 5-ի անօրինական որոշմամբ Լեռնային Ղարաբաղը (4160 քառ. կմ) ևս նվիրաբերվեց Ադրբեջանին, ապա 1921 թ. հակահայ այդ գործարքներով Հայաստանից ու հայ ժողովրդից խլվեց և Թուրքիային ու Ադրբեջանին միացվեց 20700 + 5500 + 4160 = 30360 քառ. կմ տարածք, որն իրականում ավելի մեծ է, քան Խորհրդային Հայաստանի (ՀՍԽՀ) ու նրա իրավահաջորդ՝ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքը (29.8 հազ. քառ. կմ): Ահա սա է 100-ամյա դառը ճշմարտությունը Մոսկվայի պայմանագրի մասին: Հենց այդ պայմանագրով արդեն խորհրդայնացած Հայաստանը փաստորեն պարփակվեց ընդամենը 30 հազ. քառ. կմ տարածքի սահմաններում:
Եթե խնդիրը դիտարկենք միջազգային իրավունքի տեսանկյունից, ապա ակնհայտ կդառնա, որ Մոսկվայի պայմանագիրը կնքվել է միջազգային պայմանագրային իրավունքի նորմերի կոպիտ խախտումներով: Եվ որպեսզի այդ պայմանագրով սահմանված վճիռը քիչ թե շատ իրավական հիմքի վրա դրվի, մի քանի ամիս անց՝ 1921 թ. հոկտեմբերի 13-ին, Կարսում ՌՍԴԽՀ կառավարության հանձնարարականով (պատվիրակ` Յան Գանեցկի) կնքվեց փաստորեն Մոսկվայի պայմանագրի կրկնօրինակը հանդիսացող մի պայմանագիր՝ արդեն Հայաստանի պատվիրակության մասնակցությամբ: Վերջինիս անդրադարձ կլինի ս. թ. աշնանը, երբ կլրանա այդ դառը իրադարձության մեկ դարը: Արդեն 100 երկարուձիգ տարիներ են, որ հայ ժողովրդին ցավ է պատճառում այդ անարդար ու ապօրինի պայմանագիրը:
Եվ վերջապես, Մոսկվայի ռուս-թուրքական անարդար ու ապօրինի պայմանագրի կնքման 100-ամյակի առիթով նշենք, որ, մեր կարծիքով, Հայաստանի խորհրդարանն ու կառավարությունը պետք է հանդես գան բողոք-հայտարարություններով՝ ուղղված առաջին հերթին պայմանագիրը ստորագրած պետություններին, ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը: Եթե անգամ հնարավոր չլինի պետական մակարդակով հրապարակ հանել մեկ դար առաջ կնքված այդ հակահայ պայմանագիրը և կրկին վերանայման հարց բարձրացնել, այդուհանդերձ, այն երբեք չի կարող ջնջվել հայ ժողովրդի պատմական հիշողությունից:
Այսպիսով՝ Հայաստանի ու հայ ժողովրդի պատմական ճակատագրում վճռորոշ դեր խաղացած Մոսկվայի 1921 թ. մարտի 16 (18)-ի ռուս-թուրքական պայմանագրի 100-ամյակի առիթով ներկայումս Հայկական հարցի առանցքը կազմող Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման ու փոխհատուցման ուղղությամբ տարվող գործընթացների հետ միասին Հայաստանն ու համայն հայությունն ունեն բոլոր՝ պատմաքաղաքական, իրավական ու բարոյական հիմքերը` օրակարգ մտցնելու Մոսկվայի և դրա կրկնօրինակը հանդիսացող Կարսի պայմանագրերի վերանայման հարցը:
ԱՐԱՐԱՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Պատմ. գիտ. դոկտոր, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի
փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր