|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 18-ի նիստում հավանություն չի տվել ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում:
Մասնավորապես՝ առաջարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում սահմանել, որ պատգամավորն իրավունք ունի խմբակցությունից դուրս գալու կամ հեռացվելու դեպքում ՀՀ Ազգային ժողովի խորհրդին ուղղված գրավոր դիմումով ընդգրկվելու միջազգային խորհրդարանական կազմակերպությունների, միջխորհրդարանական հանձնաժողովների, Ազգային ժողովի պատվիրակությունների և Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմում:
Որպես հիմնավորում՝ նշվել է, որ գործող «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը սահմանում է ԱԺ պատգամավորների համար խմբակցություններից դուրս գործելու հնարավորություն, ուստի խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորները, որոնք արդեն վեցն են Ազգային ժողովի այս գումարման ընթացքում, ունեն հավասար իրավունքներ, ինչպես խմբակցությունում ընդգրկված պատգամավորները:
Ուստի, նախագծի ընդունումը պայմանավորված է խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորին հավասար հնարավորություն ապահովելու անհրաժեշտությամբ: