կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-11 13:27
Իրավական

ՍԴ-ն և վարչական դատարանը չեն կարող կասեցնել ԶՈՒ ԳՇ պետի ազատման հրամանագիրը. նախարարի պարզաբանումը

ՍԴ-ն և վարչական դատարանը չեն կարող կասեցնել ԶՈՒ ԳՇ պետի ազատման հրամանագիրը. նախարարի պարզաբանումը

Սահմանադրական դատարանի կողմից կասեցման որոշումը, եթե նման որոշում հնարավոր է պատկերացնել, չի կարող տարածվել արդեն ավարտված հարաբերությունների նկատմամբ, ինչպիսին ԶՈՒ շտաբի պետի ազատումն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պարզաբանելով Օնիկ Գասպարյանի ազատման շուրջ ստեղծված իրավական թյուրըմբռնումները:

Հնչում են հետևյալ փաստարկները, որ օրենքի սահմանադրականության վիճարկման շրջանակներում, եթե ՍԴ-ն կասեցնի վիճարկվող դրույթը, դա նաև կկասեցնի Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագիրը։

Նախ նշեմ, որ ցանկացած դատական պրոցեսի մասով իմ մեկնաբանությունները սահմանափակվում են ընթացակարգային կողմի անդրադարձով, առանց դատական ակտով որոշման ենթակա հարցերի բովանդակային քննարկման։ Որոշ մեկնաբանություններ եմ նկատել նաև, որոնց կուզեի անդրադառնալ, քանի որ դրանք տեսականորեն բացառված են։

Քննարկվող դեպքում, նախ պետք է արձանագրել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով վիճարկվող իրավական նորմի կասեցումը հնարավոր է միայն, եթե նման որոշում չկայացնելը կարող է հանգեցնել անդառնալի կամ ծանր հետևանքների կողմերից մեկի կամ հանրության համար։ Սա չափազանց բարձր շեմ է, ինչը վերաբերելի դեպքում առերևույթ բացակայում է: Բացի դա, ՍԴ կողմից կասեցման որոշումը, եթե նման որոշում հնարավոր է պատկերացնել, չի կարող տարածվել արդեն ավարտված հարաբերությունների նկատմամբ, ինչպիսին ԶՈՒ շտաբի պետի ազատումն է. կլինի դա հրամանագրով կամ իրավունքի ուժով, էական չէ:

Որո՞նք են ՀՀ վարչական դատարանի կողմից ԶՈԻ շտաբի պետի կամ տեղակալի պաշտոնից ազատման հրամանագրի վիճարկման հայցը վարույթ ընդունելու հետևանքները։ Արդյո՞ք այդ դեպքում համապատասխան ակտը համարվում է կասեցված։

Կասեցումը վերաբերում է կատարում ենթադրող ակտերին։ Հնարավոր չէ կասեցնել այն ակտը, որը չի ենթադրում կատարում։ Հետևաբար, կարծում եմ, որ նման սցենարն էլ տեսականորեն անհնար է: ՀՀ վարչական դատարանի մի շարք որոշումներ կան, որտեղ վարույթ ընդունելիս չի քննարկվել կասեցման հարցը հենց վերը նշված պատճառով։ Իրականում, շատ պարզ հարց է․ եթե չկա կատարման պրոցես, ապա ինչը պետք է կասեցվի, սա ցանկալի արդյունքի համար իրավական նորմերի մեկնաբանությունը «հարմարեցնելու» արդյունք է։

Տարբեր իրավաբաններ պնդում են, որ այդ ակտը (հրամանագիրը) առ ոչինչ է և կարող է չկատարվել։

Այստեղ նույնիսկ մեկնաբանությունն է ավելորդ․ պետք է ընդամենը կարդալ ինչ է նշանակում առ ոչինչ վարչական ակտ։ Կարծում եմ՝ սա ևս ցանկալի մեկնաբանություններ գտնելու և «հարմարեցնելու» արդյունք է։