կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-02 11:08
Քաղաքական

ՀՅԴ Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի կողմից կատարված հիմնական աշխատանքների ամփոփագիր

ՀՅԴ Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի կողմից կատարված հիմնական աշխատանքների ամփոփագիր

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենյակը պարբերաբար հրապարակում է Հայ Դատի հանձնախմբերի ու գրասենյակների գործունեության ամփոփագրեր, որոնք լրատվամիջոցներին, հասարակական լայն շրջանակներին, մասնագիտական ու քաղաքական հանրույթներին հնարավորություն են տալիս կենտրոնացված և հավաստի տեղեկատվություն ստանալ ՀՅԴ Հայ Դատի համաշխարհային ցանցի գործունեության վերաբերյալ, իրազեկ լինել սփյուռքի քաղաքական գործունեության ընթացիկ արդյունքներին  և առաջադրված խնդիրներին։

Նախորդ ամփոփագրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։ 

 

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Փետրվարի 19-ին Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի հետևողական և նպատակաուղղված ջանքերի արդյունքում՝ ԱՄՆ Կոնգրեսի առավել քան հարյուր անդամներ, շուրջ քսան նահանգներից երկկուսակցական նամակով Բայդենի վարչակազմին կոչ են արել կոնկրետ քայլերով սատարել Հայաստանին ու Արցախին։

ԱՄՆ պետքարտուղարին և պաշտպանության նախարարին հասցեագրված նամակում ընդգծվում է ԼՂ շուրջ ստեղծված ճգնաժամի լրջությունը, որն առաջացել է ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով։ Կոնգրեսականներն առաջարկում են ԱՄՆ-ի կողմից շտապ գործողություններ, մասնավորապես Արցախում հումանիտար ճգնաժամը մեղմելու համար կոնկրետ աջակցություն, տարածաշրջանային զարգացումներում և հակամարտության վերջնական կարգավորման գործում ԱՄՆ ներգրավվածության մեծացում, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչում, Հայ գերիների ազատ արձակմանը նպաստում, Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառում, Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստում և ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում։

Վերջերս ձևավորված ԱՄՆ 117-րդ Կոնգրեսում բավական կարճ ժամանակում ձևավորվեց նաև Կոնգրեսի հայկական խումբը, որը ներառում է 113 կոնգրեսականներ։ Խմբի համանախագահներն են մեր ժողովրդի մեծ բարեկամներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ջեքի Սփայերը և Դեյվիդ Վալադաոն, խմբի փոխնախագահը Ադամ Շիֆն է։ Կոնգրեսի հայկական խմբի շուրջ մեկ տասնյակ անդամներ, վերջին երկու շաբաթվա ընթացքում պարբերաբար բարձրաձայնել են հայ համայնքին հուզող խնդիրները, որոնք գլխավորապես վերաբերում են ադրբջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին։

Անցնող փրկու շաբաթների ընթացքում Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը նաև հայտարարել է միանգամից երկու կրթական ծրագրերի համար ընդունելություն, որպեսզի համայնքային երիտասարդներին փոխանցվի քաղաքական գործունեության, ինչպես նաև սփյուռքում հայկական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ։

Ավստրալիա

Փետրվար ամսվա երկրորդ կեսին կարևոր ձեռքբերումներ է գրանցել նաև Հայ Դատի Ավստրալիայի հանձնախումբը։ Նախ փետրվարի 16-ին Ավստրալիայի խորհրդարանին ներկայացվեց խնդրագիր, որով կոչ է արվում ճանաչել Արցախի Հանրապետությունը: Այն փոխանցվել է նաև Ավստրալիայի արտաքին գործերի նախարարությանը:

Խնդրագիրը ստորագրել է 3164 ավստրալացի: Խնդրագրով կոչ է արվում հետևել Ֆրանսիայի խորհրդարանի, Նոր Հարավային Ուելսի օրենսդրական ժողովի և այլ օրենսդիր մարմինների օրինակներին և ճանաչել Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը: Կայքում նշվում է, որ Արցախի Հանրապետության տարածքը մասամբ զավթել է Ադրբեջանը՝ հայերի դեմ Թուրքիայի աջակցությամբ սանձազերծած պատերազմից հետո:

Արդեն փետրվարի 21-ին Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մարիս Փեյնը վերահաստատել է ավստրալիական կառավարության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին՝ ընդգծելով ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքը, որպես 2020 թ. արյունալի պատերազմից հետո Ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծումն ուղղորդող երեք սկզբունքերից մեկը։

Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի և ավսրտալիահայ գաղութի նամակին պատասխանելով՝ նախարար Փեյնեն ողջունել է ռազմական գործողությունների դադարումը՝ միաժամանակ ընդգծել, որ երկու կողմերն էլ պետք է պահպանեն Հելսինկիի Եզրափակիչ ակտի դրույթները՝ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունն ու ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքը։

Նախորդ ամփոփագրում հայտնել էինք, որ Ավստրալիայի Հարավային Ավստրալիա նահանգը՝ ի դեմս Ներկայացուցիչների պալատի ճանաչել էր Արցախի Հանրապետության անկախությունը և խստորեն դատապարտել ադրբեջանաթուրքական ագրեսիան, իսկ արդեն փետրվարի 17-ին Ներկայացուցիչների  պալատի բանաձևին է միացել նույն նահանգի Օրենսդիր ժողովը։

Եվրոպա

Եվրոպական Խորհրդարանի կիպրացի պատգամավոր Կոստաս Մավրիդիսը նախաձեռնել է խնդրագրի ստորագրում՝ ուղղված Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելին՝ կոչ անելով վերջինիս Եվրոպական Միության տարածքում անհապաղ արգելել թուրքական ծայրահեղ-ազգայնական «գորշ գայլեր» խմբավորման գործունեությունը։ Մավրիդեսը վկայակոչել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում ֆրանսիական կառավարությունն արգելեց այդ խմբի գործունեությունը երկրի տարածքում։

Նախորդ երկու շաբաթվա ընթացքում Հայ Դատի Եվրոպայի կենտրոնական գրասենյակը սոցիալական ցանցերի միջոցով իրականացրել է իրազեկման արշավներ՝ նպատակ ունենալով եվրոպական շրջանակների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրի վրա, իսկ Սումգայիթյան ջարդերի հերթական տարելիցի օրը գրասենյակը ակտիվորեն շրջանառել է 1988 թ. Եվրոպական Խորհրդրանի կողմից ընդունված մի պատմական բանաձև, որում եվրոպացի օրենսդիրները ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հայապատկան բնույթը, Սումգայիթյան դեպքերը որակում որպես կոտորած և աջակցում Արցախի՝ Հայկական ՍՍՀ-ին վերամիավորվելու պահանջը։

Նախորդ երկշաբաթյա ժամանակահատվածում կարևոր աշխատանքներ են իրականացրել նաև Հայ Դատի Անգլիայի, Բելգիայի, Ավստրիայի և Նիդերլանդների հանձնախմբերը։ Մասնավորապես Հայ դատի Անգլիայի հանձնախմբի պատասխանատուն հեռակապով քննարկում է ունեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպանի հետ և բարձրացրել հայությանը հուզող հարցերի լայն շրջանակ։ Բելգիայի հանձնախումբը հայ գերիների հարցը բարձրացրել է երկրի ֆեդերալ կառավարության առաջ, իսկ Ավստրիայի հանձնախումբը ավարտել է Haytadology 2 օնլայն դասընթացը, որին մասնակցեցին եվրոպահայ ավելի քան ութսուն երիտասարդներ:

Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի՝ տարիներով կատարած անխոնջ աշխատանքի արդյունքում, Նիդերլանդների խորհրդարանն ընդունեց «Հայոց ցեղասպանության մասին» հերթական որոշումը, որը Նիդերլանդների կառավարությանը կոչ է անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Չնայած Նիդերլանդների խորհրդարանի կողմից  Հայոց ցեղասպանության բազմակի ճանաչմանը՝ Նիդերլանդների կառավարությունը դեռևս այդ քայլը չի կատարել։ Այս որոշումը հստակորեն դիմում է կառավարությանը՝ պաշտոնական ճանաչման պահանջով։

Կանադա

Սումգայիթի հայկական ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ՝ խորհրդանական Բոբ Սարոյան հատուկ ելույթ է ունեցել Կանադայի խորհրդարանում, նշելով, որ պատմությունը կրկնվում է և Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի արդյունքում կան հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր փախստականներ, իսկ հարյուրավոր գերիներ էլ ադրբեջանական կալանքի տակ անմարդկային վերաբերմունքի են ենթարկվում։

Հարավային Ամերիկա

Հայ Դատի Հարավային Ամերիկայի հանձնախումբը կոշտ ձևով հակադարձել է Ադրբեջանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Սերխիո Պերեզ Գունելային, քանի որ վերջինս կատարել էր անթույլատրելի հայտարարություններ։ Հայ Դատի հանձնախումբը հիշեցրել է դեսպանին պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացրած պատերազմական հանցագործություններն ու ջիհադիստական ահաբեկիչների մասնակցությունը ռազմական գործողություններին։

 

Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների և զոհվածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում Ղարաբաղյան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք հաճախ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունումների։

Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների կողմից շարունակվում են արտասահմանյան պատվիրակությունների, մեր ժողովրդի օտարազգի բարեկամների եւ լրագրողների այցելությունների կազմակերպումը դեպի Արցախ, որպեսզի  նրանք տեղում ծանոթանան առկա իրավիճակին և առավել առարկայորեն կարողանան օգտակար լինել  և/կամ իրավիճակը ներկայացնել միջազգային հանրաությանը։

 

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

01.03.2021 թ.