Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել ենք, որ ՀՅԴ ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի շրջանակներում այս անգամ էլ հանդիպում ունեցան Արագածոտնի մարզի ընտրողների հետ: Երեկ Ապարանում կայացած հանդիպման ընթացքում ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող` ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, դիմելով ներկաներին, ասաց, որ նրանցից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ իր ձայնը որոշիչ է և կարող է երկրի ապագա փոխել:
«Ես բազմիցս լսել ու տեսել եմ՝ պատգամավորներն ինչպես են իրենց ընտրողների հետ հարաբերվում: Ընտրողները չեն կարող գալ հետո պատգամավորից մի բան պահանջել, որովհետև պատգամավորներից շատերը նրանց ասում են` ի՞նչ ես ուզում, ես քո 10-15 հազարը չե՞մ տվել, դու էլ ձայնդ չես տվե՞լ դրա դիմաց, հիմա ի՞նչ ես ինձանից ուզում, գնա, հաջորդ ընտրությունների ժամանակը կգաս, կբարիշենք»: Հիմա ցինիզմն այն աստիճանի է հասել, որ մարդիկ պարզ, բացեիբաց ասում են, որ պատրաստ են շատ գումար տվողի օգտին քվեարկել»,- ասաց Ռուստամյանը և ընդգծեց՝ Դաշնակցությունն այն քաղաքական ուժը չէ, որ նման կերպ վարվի իր ընտրողի հետ, քանի որ ընտրակաշառքի փոխարեն առաջարկում է համակարգային լուծումներ, որոնք սերունդների համար են օգտակար:
«Մի ընտրողի վրա 10-15 հոգի աշխատում են, անտեր ընտրող չի մնացել: Այս պրոցեսն է, որ մեզ անընդհատ բերել է այս վիճակին, և մենք հիմա պետք է այս ամենից դուրս գանք: Մենք ուզում ենք այդ վիճակից բոլորին հանել, կախվածությունից հանել, ուզում ենք, որ մարդիկ հասկանան, որ իրենց ընտրությունն այսօր արժեք ունի երկրի համար և իրենց սերունդների համար ավելի մեծ նշանակություն է ունենալու, քան թե 10-15 հազարը, որ տալու են, հետո ձեռ առնեն ու ծաղրուծանակի ենթարկեն ընտրողներին»,- նշեց նա՝ հավելելով, որ մեծ է արժանապատվությունը վերականգնելու անհրաժեշտությունը:
Ռուստամյանը նաև ասաց, որ ՀՅԴ-ի ջանքերով կյանքի կոչված սահմանադրական բարեփխումները շատ խնդիրների լուծումներ են տալու: «Այսօր որևէ մեկը չի ունենալու ամբողջական իշխանություն, որն ունի նախագահը: Ո՛չ վարչապետը, ո՛չ ԱԺ նախագահը, ո՛չ էլ որևէ այլ պաշտոնյա ամբողջական իշխանություն չի ունենալու: Լինելու են երեք տարանջատված ճյուղեր՝ օրենսդիր, դատական և գործադիր, որոնցից յուրաքանչյուրն ինքնուրույն, անկախ որոշումներ է կայացնելու: Դատական իշխանությունն արմատական փոփոխություն է կրելու, լինելու է իսկապես անկախ: Համեմատելու համար ասեմ, որ այսօր մոտ 230 դատավոր ունենք, որոնց նշանակում և ազատում է նախագահը: Բա այդ 230 դատավորից ի՞նչ արդարադատություն ենք ակնկալում, բա պա՞րզ չէ, որ ինչ-որ հարց եղավ, պետք է անպայման Բաղրամյան 26-ից ստանան ինչ-որ ուղղություն»,- ասաց նա՝ հստակեցնելով, որ այս ամենն այլևս չի լինելու:
«Լինելու է տասը հոգանոց թիմ՝ բարձրագույն դատական խորհուրդ, հինգին ԱԺ-ն է ընտրելու՝ երեք հինգերորդով, և հինգին էլ` դատավորների ընդհանուր ժողովը: Տասն էլ իրար հավասար են լինելու, բոլոր որոշումները կայացվելու են քվեարկությամբ` տասը հոգու իմացությամբ և հավանությամբ: Մի բան է` մի հոգի որոշի, մի բան՝ տասը հոգի: Լրիվ այլ որակ է լինելու: Այս ամենը միջազգային փորձով անցած է: Մենք մեր ժողովրդին ներկայացնում ենք ծրագիր, որը ստուգված է, փորձարկված է, ոչ թե խոստումներ ենք տալիս, որոնք չգիտենք՝ ինչպես կատարել»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով՝ ընտրակաշառքի մի ձևն էլ այն է, երբ մարդկանց խաբում են՝ ասելով, օրինակ, թոշակդ քիչ է, ես կգամ, երկու անգամ կավելացնեմ: «Ստացվում է` ավանսով ընտրակաշառք: Պոպուլիզմի վատն էլ այն է, որ ոչ թե հանրային շահով ես առաջնորդվում, այլ դու մարդկանց քիմքին հաճելի բան ես ասում, որովհետև նրանց ձայնն է քեզ պետք»,- ասաց Ռուստամյանը՝ հավելելով. «Պետք է խոսել այն հիմքի վրա, որը ինչ-որ քայլ կատարելու հնարավորություն է տալիս, իսկ մենք հավատում ենք, որ այսօրվա հնարավորությունը տալիս է ավելի լավ սոցիալական խնդիրներ լուծելու հնարավորություն, տնտեսությունն ավելի ազատականացնելու հնարավորություն, մոնոպոլիաները վերացնելու հնարավորություն»: