Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդյոք մենք հասկանում ե՞նք իրավիճակի լրջությունը...
Այս հարցը ինձ հանգիստ չի թողնում: Շատ բարդ է մի կողմից խոսել իրադրության լրջության, ռիսկերի մասին, մյուս կողմից՝ հաշվի առնել մարդկային էմոցիաներն ու ապրումները: Շատ խորշում եմ օգտագործել «Ցեղասպանություն» տերմինը, բայց այն, ինչ տեղի է ունենում 120,000 հայի հանդեպ, ամբողջությամբ տեղավորվում է դրա նախապատրաստության նկարագրության մեջ: Տասնամյակներով քարոզվել է ատելություն էթնիկ հայերի նկատմամբ, քնած հային կացնահարողը հերոսացվել է ու անգամ գումար ստացել իր հանցանքի համար:
Արցախը յոթ ամիս է շրջափակման մեջ է, արդեն մեկ ամիս է, ինչ չի մտնում որևէ հումանիտար ապրանք, դեղորայք: Արցախ ներս չի գործում որևէ միջազգային կառույց, որևէ միջազգային լրագրող: Չկա որևէ վավերագրող, իրադրության մասին չկա պատշաճ տեղեկատվություն:
Կարմիր Խաչն արդեն քանի օր է ահազանգում է, որ իրադրությունը ծանր է, իրենք չեն կարողանում դեղորայք մատակարարել: Այսօր նաև «Freedom House»–ն է գրել դրա մասին: Կա ՄԱԿ—ի դատարանի որոշում, որի իրագործման համար Ադրբեջանի վրա ճնշում առհասարակ չկա:
Արցախում շատ վտանգավոր պատկեր է հղիների շրջանում: Կանանց շրջանում պտուղը կորցնելու դեպքերի թիվը եռապատկվել է մեկ ամսվա մեջ: Սա էլ է սպանության ու ոչնչացման ձև: Երեխաները թերսնվում են, դա նրանց առողջության վրա վտանգավոր հետևանքներ է ունենալու:
Դրան զուգահեռ տարբեր մայրաքաղաքներում «Խաղաղության պայմանագիր» են բանակցում: Իսկ իրականությունը գետնի վրա օր օրի ծանրանում է:
Երբ ծնողը իր երեխային բռնության է ենթարկում, նրան զրկում են ծնողական իրավունքից: Հիմա Ադրբեջանն ասում է՝ ես այդ տարածքի տերն են, նրանք էլ իմ քաղաքացիները ու ամենօրյա ռեժիմով բռնություն է կիրառում, եթե ոչ ֆիզիկական, ապա հոգեբանական ու բարոյական: Բայց սննդից զրկելը նաև ֆիզիկական առողջության վրա է ազդում: Ու բոլորը սրան լուռ նայում են՝ Հայաստանից սկսած՝ մյուսներով վերջացրած, անունն էլ դնում են «խաղաղության» մասին բանակցություն:
Եթե իշխանությունը այս ամենը գիտակցելու ու սա կանխելու ուղղությամբ աշխատելու փոխարեն, գնում Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, ուրեմն վտանգը գիտակցված չի: Որքան էլ Փաշինյանը չկարողանա թաքցնել իր մեղմ ասած՝ ոչ բարյացակամ վերաբերմունքը Արցախում ապրող հայերի նկատմամբ, նա չի կարող լուռ նստել ու նայել, թե ինչ վտանգի հետ են բախվում 120.000 հայեր: Եթե նա այդպես անի, ուրեմն հանցակից է դառնում այս ամենին:
Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանագետ