Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են խոշոր չափերով գողություն, ապօրինի կերպով ձեռք բերված եւ պահված հրազենից երկու եւ ավելի անձանց դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու փորձ կատարելու եւ զգալի չափերով թմրամիջոց ձեռք բերելու եւ պահելու դեպքերի հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երեւան քաղաքի 27-ամյա բնակիչը՝ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով 33-ամյա համաքաղաքացու հետ, 2019թ. հունվարի 4-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Երեւան քաղաքի Վարդանանց 2-րդ նրբանցքի շենքերից մեկի հարակից տարածքում գտնվող ավտոտնակի մուտքի դուռը եւ այնտեղից գաղտնի հափշտակել խոշոր չափերով՝ 1.116.200 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ տարբեր տեսակի օղիներ, որոնք տեղավորել են իրենց կողմից տնօրինվող ավտոմեքենաների մեջ եւ հեռացել:
Բացի այդ, 27-ամյա տղամարդը 2019թ. հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը, գտնվելով Երեւան քաղաքի Մալաթիա փողոցի տներից մեկում, անձնական հարցերի շուրջ վիճաբանել է նույն տանը բնակվող իր հորեղբոր հետ եւ վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից մի քանի անգամ կրակոցներ է արձակել վերջինիս ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չհասցնելով հեռացել է:
27-ամյա տղամարդը հիշյալ հանցանքները կատարելու մեղադրանքով գտնվելով հետախուզման մեջ, 2020թ. փետրվարի 26-ին, Երեւան քաղաքի Շինարարներ փողոցի շենքերից մեկի բակում, ՀՀ ոստիկանության ծառայողներից կողմից իրեն բերման ենթարկելը խափանելու նպատակով իր կողմից շահագործվող «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայով դիտավորյալ հարվածել է ոստիկանության աշխատակիցներից մեկի ծառայողական ավտոմեքենային, ինչպես նաեւ դիտավորյալ հարվածել եւ վնասել է բակում կայանված քաղաքացիների ավտոմեքենաները եւ դիմել փախուստի:
Այնուհետեւ 2020թ. փետրվարի 28-ին` ժամը 17:00-ի սահմաններում, 27-ամյա տղամարդը գտնվելով Երեւան քաղաքի Ա.Միկոյան փողոցում գործող հյուրանոցային համալիրներից մեկի առանձնասենյակում, նկատելով ոստիկանության աշխատակիցների կողմից հյուրանոցային համալիրի տարածք մտնելու եւ այն շրջափակելու հանգամանքը, իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակ է արձակել վերջիններիս ուղղությամբ, որի ընթացքում վնասել է ոստիկանությանն ամրակցված ավտոմեքենան: Այնուհետեւ լսելով ոստիկանության աշխատակիցների հորդորները՝ հյուրանոցային համարի պատուհանից ցած գցելով իր մոտ գտնվող ապօրինի պահվող «AK-74» մոդելի ինքնաձիգը, բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: Անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել է զգալի չափերով 0,11 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 27-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 185-րդ հոդվածի 1-ին մասով եւ 268-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 33-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով: 27-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ 33-ամյա տղամարդու նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: