Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
103 տարի առաջ երկրային կյանքից հեռացավ հայոց պատմության մեծերից մեկը՝ Հայաստանի առաջին հանրապետության Հիմնադիր Արամ Մանուկյանը: Կյանքից հեռացավ մի հայորդի, որի վճռականության, անսասան կամքի, հետևողական աշխատանքի և կազմակերպչական տաղանդի շնորհիվ միայն հնարավոր դարձավ կանխել հայ ժողովրդի վերջնական բնաջնջումը, որին 1914-1915 թվականներից պետական մակարդակով հետևողականորեն ձգտում էին թուրքերը։
Ներկայումս, երբ հայ ժողովուրդն ապրում է իր հինգհազարամյա պատմության բարդագույն ժամանակաշրջաններից մեկում, երբ մարդկային ու տարածքային կորուստներ կրած Հայաստանի Երրորդ Հանրապետությունը կանգնած է անկման եզրին, երբ Արցախի Հանրապետության մեծ մասը զավթվել է Ադրբեջանի կողմից, մենք, թերևս, պարտավոր ենք անդրադառնալ Արամ Մանուկյանի ստեղծարար, հույս ու հավատ ներշնչող, տարողունակ ու լուսավոր, հավերժ կենդանի և ուսուցանող կերպարին: Չէ՞ որ Արամն անհետացման սպառնալիքին դեմ հանդիման գտնվող պատմական Հայաստանի մի փոքրիկ հատվածում անձև քաոսից ու ավերակներից չնչին ռեսուրսներով կարողացավ կերտել անկախ Հայաստան և ապահովել Հայ ժողովրդի վերածնունդը։
Համոզված ենք, նույնիսկ ներկայիս ծանրագույն պայմաններում ամեն ինչ դեռ առջևում է, ուղղակի պետք է արժևորել մեր մեծերին, վերակենդանացնել նրանց վառ կերպարները, հաղթանակ բերող մտածողությունն ու գործելակերպը, հետևել նրանց օրինակին։
Արցախ-Ղարաբաղում ծնված Արամ Մանուկյանը (ծննդյան անվամբ Սարգիս Հարությունի Հովհաննիսյան) 19-րդ դարի 90-ական թվականներին անդամագրվելով հայոց ազատամարտին, իր ամբողջ գիտակից կյանքը նվիրեց թուրքական բռնապետությունից հայ ժողովրդի ազատագրությանը, անկախ և արժանապատիվ ապագայի կերտմանը, երբեք չհոգնեց ու չընկճվեց պայքարելուց, երբեք չերկնչեց թշնամու ուժից և տեղի չտվեց նրա առաջ։ Որքան էլ որ ծանր ու հուսահատական եղավ հայ ժողովրդի դրությունը, պարտությունները, զրկանքներն ու կորուստները` ծանր ու տևական, նա մշտապես մնաց ազատագրական պայքարի առաջին, ամենածանր, վտանգավոր ու պատասխանատու դիրքերում: Նա միշտ եղավ լավատես, պայքարող, ոգի տվող և արարող:
Արամ Մանուկյանի մտահոգության կենտրոնում մշտապես և ամենուր՝ թե՛ Կարսում (1903-1904թթ․), թե՛ Վանում (1905-1915թթ․), թե՛ Երևանում (1917-1919թթ․), հայ ժողովուրդն էր, նրա ձգտումների իրականացումը, նրա անվտանգության և արժանապատվության պաշտպանությունը:
Արամը ազգային և պետական գործչի կատարյալ մարմնավորում է։ Նա ամենից առաջ նպատակասլաց, ջերմեռանդ, շրջահայաց, հեռատես ու հավասարակշիռ գործիչ էր: Դա ակնհայտ է դառնում Արևմտյան Հայաստան մուտք գործելու առաջին օրերից՝ 1905թ․ փետրվարից, երբ ելնելով թե՛ իր անձնական համոզմունքներից, թե՛ ՀՅԴ կողմից որդեգրվող նոր մարտավարությունից՝ նա համբերատար կերպով ծավալեց մեղվաջան աշխատանք ազատագրական պայքարի նեղ, մասնակի գործողություններից համընդհանուր, համաժողովրդական ապստամբության նախապատրաստման ուղղությամբ: Արամը գտնում էր, որ միայն համազգային հուժկու պայքարի միջոցով կարելի է հասնել ազգային նպատակների իրականացմանը: Եվ նա ամենուր ու բոլոր ժամանակներում ամեն ինչ արեց իր ժողովրդին համախմբելու, հայության ուժերը կենտրոնացնելու և հաղթանակի ժամը մոտեցնելու համար: Դա նրա հաջողության, բազում հաղթանակների կարևոր գրավականներից էր:
Արամի այս որակներն էին, որ հնարավոր դարձրին հայ ժողովրդի բախտորոշ հաղթանակները թուրք ոսոխի դեմ 1915թ. Վանում և 1918թ. Երևանում: Այս որակներն էին, որ նրան հնարավորություն տվեցին 1917թ. դեկտեմբերին առաջադրել ու կենսագործել հայ ժողովրդի համար միակ նպատակահարմար ու խոստումնալից քաղաքական ուղեգիծը, որը, ինչպես ցույց տվեց պատմությունը, ոչ այլ ինչ էր, քան հայ ժողովրդի փրկության և անկախ պետականության վերականգնման տանող ծրագիր:
Արամին հատուկ որակներից էին աշխատասիրությունը, նպատակասլացությունն ու վճռականությունը, որակներ, որոնք պարտադիր են ցանկացած նպատակ կամ ծրագիր իրագործելու համար: Նա երբեք չհոգնեց և գործից աննշան չափով իսկ չհեռացավ, մշտապես մնաց գործի գլուխ, գործի և պայքարի առաջին, ամենածանր, աշխատատար ու վտանգավոր գծերում:
Արամին հատուկ էին ռազմավարական մտածողությունը, կանխատես միտքը, իրադարձություններին ընթացք տալու, նույնիսկ նրանցից առաջ անցնելու ունակությունները, և ընդհակառակը՝ խորթ սպասողականությունը, հարմարվողականությունը: Այս առումով, թերևս, առավել բնութագրականն այն է, որ 1917թ. վերջին, երբ հայոց երկնակամարում տիրում էր համընդհանուր անորոշության, փոքր ժողովուրդներին ազատագրության խոստումներ տված երկրներից օգնություն ակնկալող մթնոլորտ, երբ արդեն արևելահայության և 1915-1916թթ. Հայոց Մեծ եղեռնից հետո նրա օջախներում ապաստանած արևմտահայ բեկորների գլխին կախվել էր թուրքերի կողմից կրկին ցեղասպանության ենթարկվելու վտանգը՝ Արամն հայտարարեց, որ հայ ժողովրդի փրկության, նրան հուզող բոլոր խնդիրների հանգուցալուծման համար պետք է հույսը դնել բացառապես սեփական ուժերի վրա: Նա նշում էր. «Ամէն ոք իր մասին է մտածում: Իր երկրի սահմաններից այն կողմ եթէ նայող կայ, նայում է միայն յանուն իր շահերի: Ոչ ոք ոչ մի մարդ չի ուղարկի տաճկական ճակատ՝ տուն գնացող ռուսներին փոխարինելու համար: Եթէ ընդհանուր ուժերով ճակատ պահելու խօսք էլ է լինում, դա լոկ խօսք է՝ զուրկ իրական հիմքից ու անկեղծութիւնից: Հայերով ո՛չ ոք չի հետաքրքրւում, շօշափելի օգնութիւն հասցնելու մտքով: Դրա հակառակը, կայ դաւադրական վերաբերմունք: Մենակ ենք եւ պէտք է ապավինենք միա՛յն մեր ուժերին՝ թէ՛ ճակատը պաշտպանելու եւ թէ երկրի ներսը կարգ հաստատելու համար»:
Կարճ ժամանակ անց՝ 1918թ․ մարտի 28-ին Արամը հստակեցրեց հույսը սեփական ուժերի վրա դնելու գաղափարի վերջնանպատակը, այն էր՝ ազատ և անկախ Հայաստանի ստեղծում։
Արամի գաղափարական համոզմունքի և տքնաջան աշխատանքի արդյունքն էին պատմական Մայիսից ամիսներ առաջ հայոց պետականության վերականգնման համար անհրաժեշտ նախադրյալների՝ կանոնավոր զորքի և իշխանության իրապես աշխատող մարմինների ստեղծումը, ապագա վճռական իրադարձությունների ժամանակ տհաճ անակնկալներից խուսափելու և հայոց թիկունքն ապահովելու նպատակով թաթարական հակապետական, հանցագործ որջերի ոչնչացումը:
Սեփական ուժերի վրա հենվելու գաղափարի ջատագով Արամն ինքնամեկուսացման կողմնակից չէր։ Նրա համար հայրենիքի փրկության ճանապարհին չկար որևէ, այդ թվում և գաղափարական-քաղաքական խոչընդոտ: Նա, ելնելով այն հանգամանքից, որ հայերի ու թուրքերի ուժերի հարաբերակցությունը հայերի օգտին չէ, թուրքերի առաջխաղացումը կասեցնելու համար, այլ գործիչների հետ բռնեց Խորհրդային Ռուսաստանի հետ համագործակցելու ուղին: Դա այն դեպքում, երբ այնտեղ իշխող բոլշևիկյան կուսակցությունը ՀՅ դաշնակցության գաղափարական-քաղաքական հակառակորդն էր: Նաև Արամի ջանքերով ընդունվեց հայ-բոլշևիկյան համագործակցության ծրագիր, որի համաձայն Արևմտյան Հայաստանը լինելու էր անկախ, իսկ Արևելյան Հայաստանը ամբողջ Կովկասի հետ միասին հայ-բոլշևիկյան ուժերով խորհրդայնացվելու էր: Թեև այս ծրագիրն անհնար եղավ իրագործել, սակայն նրա հիման վրա 1918 հունիս-սեպտեմբեր ամիսներին գործողության մեջ դրվեց Թուրքիայի հերթական ցեղասպանական նպատակները ձախոած նորանկախ Հայաստանի և Բաքվի հերոսամարտի առաջնորդների քողարկված ռազմավարական համագործակցությունը։
Արամի կանխատես մտքի, իրադարձությունների զարգացմանը պատրաստ լինելու համոզմունքի դրսևորում էր էր և այն, որ նա նախաձեռնեց հետագայում հայկական զորքին այնքան պետք եկած զենք-զինամթերքի տեղափոխությունը ռազմաճակատի խորքից թիկունք՝ Երևան:
Արամի՝ պետական գործչի կատարյալ մարմնավորում հանդիսանալու իրողությունը փաստող թերևս ամենագլխավոր որակն իշխանության մասին նրա պատկերացումն է, նրա կողմից իշխանության տնօրինումը: Նրա համար իշխանությունը ոչ թե առավելություն էր, ոչ թե փառքի միջոց կամ արտահայտություն, ոչ թե արտոնություն կամ փառամոլության բավարարություն, այլ ժողովրդի վերքերն ամոքելու, ժողովրդին ծառայելու, իր ինքնանվիրումը սեփական ժողովրդին առավելագույնս դրսևորելու, ազգային ձգտումների, ժողովրդի ամենօրյա շահերը պաշտպանելու և հեռանկարային նպատակների իրականացման միջոց: Այսպես, 1918թ. մարտի 24-ին Երևանի բնակչության, զորքի և Հայոց ազգային խորհրդի կողմից ընտրվելով Երևանի նահանգի ՙդիկտատոր և օժտվելով անսահմանափակ իշխանությամբ՝ Արամը շարունակեց մնալ ժողովրդի մարդ, ժողովրդի շահերի արտահայտիչը: Պատմության մեջ, թերևս, եզակի դեպքերից է, երբ դիկտատորն իր անսահմանափակ իշխանությունը մինչև վերջ օգտագործեց բացառապես հօգուտ համազգային շահերի, երբեք չփորձեց իրեն վեր դասել ազգային ու զինվորական կառույցներից: 1918թ. ամռանը նշանակվելով նորանկախ ՀՀ ներքին գործերի նախարար՝ նա դարձյալ մնաց նույն համեստ և ազնիվ գործիչը:
Արամն իրատես, ազգային-պետական գործերում սառնասիրտ, սթափ դատող գործիչ էր: Ամբողջ կյանքը թուրքական լծի դեմ պայքարած, հայ ժողովրդի ազատագրությանը անվերապահ նվիրված գործիչը, 1918թ. Մայիսյան հերոսամարտերի կազմակերպիչը, մայիսյան օրերին թուրքերին այլևս ոչինչ չզիջելու առաջամարտիկը, հունիսի սկզբներին, երբ հայության մեջ տիրում էր ոգևորության հիասքանչ մթնոլորտ, մի կողմ թողեց զգացմունքները, իր անձի դեմ հնարավոր բացասական դրսևրումները, և դարձյալ ու դարձյալ ելնելով միայն ու միայն հայ ժողովրդի անվտանգության, հեռահար նպատակների իրականացման շահերից, սթափ դատելով հայկական և թուրքական ուժերի հարաբերակցությունից, համակերպվեց Բաթումի հաշտության պայմանագրին: Նա քաջ գիտակցում էր, որ, ցավոք, շատ առումներով անցանկալի և չափազանց ծանր այդ պայմանագիրը տվյալ ժամանակաշրջանում այն մաքսիմումն էր, որին կարելի էր հասնել, հատկապես որ ամենակարևոր խնդիրը հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը և հայոց պետականության ստեղծումը այլևս կատարված փաստ էր:
Նույն հավասարակշռությունը, իրատեսություն ու սթափությունը նա դրսևորեց նաև հետագայում՝ 1918 թ. օգոստոսի վերջին տեղի ունեցած հայ-թուրքական բանակցությունների ընթացքում։ Թեև տվյալ ժամանակաշրջանում Թուրքիայի պարտությունը կասկած չէր հարուցում, այնուամենայնիվ Արամը, ելնելով այն բանից, որ Թուրքիան դեռևս իրենից մեծ ուժ է ներկայացնում և կարող է վնասել մեր երկրին, առերևույթ բարեկամական վերաբերմունք ցուցաբերեց այդ պետության նկատմամբ: Արամի այդ կեցվածքը նկատել և հատուկ կերպով շեշտել է Վրաստանում գերմանական առաքելության ղեկավար գեներալ Կրեսը, որը Խալիլի հետ ժամանել էր Երևան։ Նա Արամին դասել է Թուրքիայի նկատմամբ սպասողական, ձգձգումների քաղաքականության կողմնակիցների թվին: Դա էր պահանջում հայոց շահը, որը լիովին գիտակցում էր Արամը։ Չէ՞ որ նա հեռատես, սթափ քաղաքական գործիչ էր, ոչ թե պատեհապաշտ։ Մշտապես թուրքական բռնապետության դեմ պայքարի առաջին գծում գտնվող, այդ պահին նրա կողմից հրահրվող թաթարական (դրանք ներկայիս ադրբեջանցիներն են) խռովությունները հետևողականորեն ճնշող Արամը ոչ միայն ձեռնպահ մնաց Թուրքիայի հանցագործ կեցվածքը դատապարտող՝ տվյալ պահին ժամանակավրեպ արտահայտություններից, այլև բարձր մակարդակով ընդունելություն կազմակերպեց 1918թ․ օգոստոսի 31-ին Երևան ժամանած թուրք զորավար, ոճրագործ Խալիլի համար: Ժամանակը չէր խրոխտ կեցվածքի, այն միայն կբարդացներ հայոց կացությունը: Դրսևորելով նույն իրատեսությունն ու շրջահայացությունը՝ բանակցություններից կարճ ժամանակ անց նրա անմիջական և ակտիվ մասնակցությամբ հայկական կողմը սանձահարեց Հայոց աշխարհում մահ ու ավեր սփռող թաթար խռովարարներին։
Արամի իրատեսության, սթափ մտածելակերպի մասին է խոսում նաև 1918թ. գարնանը Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչների հետ կնքված համագործակցության համաձայնությունը, որով հանուն հայ ժողովրդի ֆիզիկական ապահովության, հանուն Արևմտյան Հայաստանի ազատության, նա և մի շարք այլ գործիչներ կողմ արտահայտվեցին Խ. Ռուսաստանի հետ ամբողջ Կովկասը խորհրդայնացնելու ծրագրին:
Արամին խիստ բնորոշ էր ժողովրդի, ապա նաև պետության շահի գերակայության ընդունումն ամեն ինչի, այդ թվում և անձնականի նկատմամբ: Նրա յուրաքանչյուր քայլն ուղղված էր հայ ժողովրդի շահերի պաշտպանության և հայոց պետականության կայացման գերնպատակին: Այդ ճանապարհին նրա համար չկային արտոնյալներ կամ արգելքներ: Նա պահանջկոտ ու խիստ էր բոլորի, հատկապես պատասխանատու դիրք զբաղեցնող պաշտոնյաների, նույնիսկ կուսակիցների նկատմամբ: Նա ամեն ինչ անում էր, որ բոլորը, այդ թվում և իր կուսակիցները, անգամ հայոց ազատամարտին մեծ մասնակցություն ունեցած գործիչներն ու պաշտոնյաները գործեն օրենքի շրջանակներում և որևէ կերպ չվնասեն ժողովրդին: Սա կրկին անգամ հաստատում է, որ Արամը հիրավի պետական այր էր, ազնիվ և անաչառ գործիչ, որի համար անպատժելի արարքներ, անձեռնմխելիներ և արտոնյալներ չկային, երբ խոսքը գնում էր ժողովրդի շահի և բարօրության մասին: Նա պետական պաշտոնյաներին զգուշացնում էր, որ եթե իրենց նկատմամբ լրագրերում հրապարակված մեղադրանքները կարճ ժամանակում չհերքեն, ապա կհեռացվեն աշխատանքից և դատի կտրվեն:
Ժողովրդի շահի գերակայություն ցանկացած պարագայում, այդ թվում և այն ժամանակ, երբ օրենքը կարող էր վնասել ժողովրդի շահերը: Օրինակ, Վանի նահանգապետության գոյության ընթացքում ժողովրդի շահերի ամենօրյա պաշտպանությունն ամեն տեսակ ապօրինություններից, թաթարական հակապետական խռովությունների ճնշումը, հայ անիշխանական, հակապետական տարրերի ղեկավարների գնդակահարությունը 1918թ. մայիսին և այլն:
Երկաթյա կամք, հաստատակամություն, վճռականություն ու հետևողականություն: Արամի այս որակներն ապահովեցին առաջադրված բոլոր դժվարագույն խնդիրների հաջող իրականացումը, այդ թվում և Մայիսյան հերոսամարտերի կազմակերպումը: Բանն այն է, որ նույնիսկ 1918թ. մայիսին, երբ թուրքերը անհագ ախորժակով մոտենում էին Երևանին, հայոց զորքը և ժողովուրդը մի զգալի մասով մատնվել էին տագնապի և հուսալքության: Եվ եթե չլինեին այդ որակները, չլինեին նրա լավատեսությունն ու երկաթյա կամքը, չէր ձևավորվի միասնական, հուժկու, անխորտակելի բռունցքը և Սարդարապատում, Ապարանում և Ղարաքիլիսայում թշնամուն չէր հասցվի ջախջախիչ հակահարված և չէր ստեղծվի Հայաստանի Առաջին Հանրապետությունը:
Նա կազմակերպչական բացառիկ ձիրքի տեր էր ու, միաժամանակ, ազգային միասնության, ներքին ուժի համախմբման համոզված կողմնակից: Դա է պատճառը, որ ժամանակի ամենաազդեցիկ քաղաքական ուժի ներկայացուցիչ լինելով հանդերձ՝ նա համաժողովրդական խնդիրների լուծման ժամանակ հանդես է բերել վերկուսակցական, վերանձնական մոտեցում: Այդ հատկանիշները նրան հնարավորություն էին տալիս մեկ նպատակի շուրջ համախմբել հակոտյա մոտեցումներ, գաղափարներ ունեցող, նույնիսկ իր անձի նկատմամբ բացասաբար տրամադրված գործիչներին և ուժերին: Ասվածի արտահայտություններն են Վանի հերոսամարտի կազմակերպման և համանուն նահանգապետության կյանքի կազմակերպման, 1918թ. հայկական զորքի և իշխանության գործող մարմինների ստեղծման, Մայիսյան հերոսամարտերի կազմակերպման, 1918թ. նոյեմբերին ՀՀ կոալիցիոն կառավարության ձևավորման ժամանակ նրա կեցվածքը: Ի դեպ, վերջին դեպքում նա կողմ էր արտահայտվել կոալիցիայի քաղաքական մի այնպիսի ուժի (Հայ ժողովրդական կուսակցության) հետ, որը ՀՅԴ հետ կոալիցիա կազմելու պայմաններից էր համարում Արամի հեռացումը կառավարությունից:
Արամը սակավապետ էր, քչով բավարարվող: Ունենալով ֆինանսական միջոցներից օգտվելու լայն հնարավորություններ՝ նա ապրեց համեստ կյանքով, հասարակ երևանցու նման: Նա երբեք իր հնարավորությունները չօգտագործեց նույնիսկ անձնական տարրական կարիքները բավարարելու համար, փոխարենը, անտեսելով գործող կարգն ու օրենքը՝ աջակցեց այն մարդկանց, որոնք տառապում էին նյութական կարիքից, տարատեսակ զրկանքներից, բայց պահպանում էին հոգու կորովը, հայրենիքի նկատմամբ պատվի ու պարտականության զգացումները: Շատ է նշվել, բայց կարծում ենք, վնաս չունի մեկ անգամ ևս ասել, որ Արամն այնքան ազնիվ էր, որ նույնիսկ իր թաղման համար անհրաժեշտ գումարը, որն այն ժամանակների համար չնչին գումար էր, չուներ:
Նա մշտապես գերադասեց պետության և ժողովրդի շահերը և երբեք չփորձեց առաջ մղել իր անձնականը, նույնիսկ դրանք երբեք համեմատության մեջ չդրեց:
Փառահեղ հաղթանակները, բարձրագույն պաշտոններն ու հասարական դիրքը, անսահմանափակ լիազորություններն ու հնարավորությունները երբեք աննշան չափով իսկ չսասանեցին նրա բարոյական վեհ նկարագիրը: Նրան միշտ խորթ մնացին նյութապաշտությունը, փառամոլությունն ու պաշտոնամոլությունը: Նա անզիջում էր անարդարության, ստորության, ընչաքաղցության, դավաճանության հանդեպ և հակառակը, անհուն էր նրա սերը, հարգանքն ու նվիրվածությունը իր ժողովրդի, յուրաքանչյուր առաքինի հայ մարդու նկատմամբ: Նրա նվիրվածությունն իր ժողովրդին հասնում էր անձնուրացության ու անձնազոհության, սեփական «ես»-ի անտեսման: Ավելի ստույգ՝ նրա մոտ չկար անձնական «ես», այն միահյուսված էր ժողովրդի մտահոգություններին, ապրումներին ու իղձերին: Մինչեւ կյանքի վերջին ակնթարթը նա մնաց սրտակից ընկեր բոլորի համար` լիներ դա հասարակ գյուղացի, զինվորական, կին, երեխա, թե ծերունի: Արամը, անկախ գործունեության վայրից, ժամանակից ու պայմաններից, մշտապես եղավ ժողովրդի մի մասնիկը, նրա սիրտը, հոգին ու կամքը: Լինելով հսկայական ազդեցության ու հեղինակության տեր՝ Արամը մշտապես բաց էր յուրաքանչյուր հայի համար և պատրաստ էր օգտակար լինել նրանցից յուրաքանչյուրին։
Անկասկած, այս ամենը չէր վրիպում ժողովրդի աչքից և, բնականաբար, մեծապես նպաստում էր նրա հեղինակության, ազդեցության, դրանով իսկ նաև պետության հեղինակության բարձրացմանը, հայոց պետության շուրջը ժողովրդի համախմբմանը:
Արամն անառարկելի հեղինակություն էր ժողովրդի համար ամենուր և իր գործունեության բոլոր ժամանակներում: Եվ դրա պատճառը նրա ամենօրյա կյանքն էր, նրա անկեղծությունը, խոսքն ու գործը: Պետական միջոցների սղության, պետական լիարժեքորեն ձևավորված կառույցների բացակայության պայմաններում առաջնորդի անառարկելի հեղինակությունը ազգային խնդիրների հանգուցալուծման, անկախ պետականության ամրապնդման համար խիստ անհրաժեշտ պայման էր և, կարծում եմ, է բոլոր ժամանակներում, նաև մեր օրերում:
Անկեղծ և անմնացորդ նվիրում հայ ժողովրդին, ազնվություն, անշահախնդրություն, ռազմավարական մտածողություն, իրատեսություն, հետևողականություն, անկոտրում կամք, անդադրում աշխատանք, հաստատակամություն, հավատ սեփական ուժերի նկատմամբ, հավասարակշռվածություն, կենսակերպով ժողովրդից չտարբերվելու և նրանից չխորթանալու մեծ կամք - Այս որակների կրողն էր Արամ Մանուկյանը և այս որակների շնորհիվ է, որ նա կարողացավ հայոց համար ծանրագույն ժամանակաշրջանում կազմակերպել Մայիսյան հերոսամարտերը, որոնց շնորհիվ ոչ միայն կանխվեց հայոց նոր ցեղասպանությունը, Արևելյան Հայաստանի ամբողջական ավերածությունն ու զավթումը Թուրքիայի կողմից, այլև հնարավոր դարձավ հայոց անկախ պետականության վերականգնումը:
Արամին բնորոշ այս որակները մեր օրերում առավել քան արդիական ու պահանջված են։ Միայն ու միայն Արամի այս որակներով օժտված ժողովուրդ և հասարակություն, առաջին հերթին պետական իշխանության կրողներ, այդպիսի հավակնություններ ունեցող հասարակական-քաղաքական ուժեր, զինվորականություն ու մտավորականություն և, իհարկե, երիտասարդ սերունդ ունենալու դեպքում է հնարավոր հասնել հայոց պետականության գերհզորացմանը, Արցախի վերաազատագրմանն ու Արցախյան հիմնահարցի հայանպաստ լուծմանը, Միացյալ Հայաստանի ստեղծմանը, պարբերաբար հայոց առջև ծառացող և անխուսափելիորեն ծառանալիք սպառնալիքների չեզոքացմանը:
Առանց ազգային-պետական մտածողության, առանց երկրին ու ժողովրդին նվիրվածության, նույնիսկ նյութական ռեսուրսների և գիտելիքների անսպառ պաշարի դեպքում, անհնար կլինի հասնել մեր ժողովրդի նույնիսկ տարրական անվտանգության ապահովմանը:
Ընդգծենք, Արամն անկախ Հայաստանը ստեղծեց անհուսալի թվացող իրավիճակում, որովհետև առաջնորդվեց ազգային-պետական մտածողությամբ և ազգային շահերով, հույսը դրեց հայ ժողովրդի վրա և ամեն ինչ արեց նրա ու հայ քաղաքական բոլոր ուժերի գործակցությունն ու միասնությունն ապահովելու համար, մշտապես մնաց պայքարի ամենավտանգավոր ու պատասխանատու դիրքերում և, թերևս, ինչը պակաս կարևոր չէ, անմնացորդ և անվերապահորեն հավատարիմ մնաց իր ժողովրդին ու ազգային նպատակադրումներին, սիրեց ժողովրդին ու սիրվեց նրա կողմից։
Յուրաքանչյուր հայի, հատկապես պետական ու քաղաքական գործիչների համար պետք է ուղենշային լինեն Նիկոլ Աղբալյանի կողմից Արամի հուղարկավորության ժամանակ հնչեցրած հետևյալ խոսքերը. «Երբ գիշերը գայ, մտէք ձեր հոգիի սենեակը եւ խօսեցէք ձեր խղճի հետ եւ ըսէք, արդեօք աշխատե՞ր էք հայ ժողովրդի համար, ինչպէս Արամը, եղե՞ր էք այնքան անձնազոհ, որքան Արամը, տուե՞ր էք ձեր ամբողջ կեանքը հայ ժողովրդին, ինչպէս Արամը…»:
Արմեն Ասրյան
Պատմ. գիտ. թեկնածու