Փոխարժեքներ
23 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.05 |
EUR | ⚊ | € 410.46 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 494.09 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
Արցախի պայքարող ու արարող ոգին այս ծանր փորձության ժամին անգամ չի ընկճվում և ո՛չ մի ճակատում: Ընթացիկ տարվա վերջին՝ 4-րդ համարն է թողարկել Արցախում գիտության դիվանագիտության զարգացման ու միջազգայնացման կարևոր հարթակ հանդիսացող, ՀՀ ԲՈԿ-ի ընդունելի հանդեսների ցանկում և www.elibrary.ru գիտաչափական շտեմարանում ընդգրկված «Գիտական Արցախ» պարբերականը, որի քննարկումը կազմակերպվել է դեկտեմբերի 30-ին Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում: Նախորդ համարը նույնպես լույս էր տեսել պատերազմական ծանր օրերին, ինչը ևս մեկ անգամ վկայում է արցախցու արարող ու աննկուն բացառիկ տեսակի մասին
«Գիտական Արցախ» պարբերականի 2020թ. 4-րդ (7-րդ) համարի տպագրությանն աջակցել է «Մեդիա ասոցիացիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:
Արցախը նաև գիտական ու մշակութային ներուժով է հզոր, այն բարձրագույն արժեքներով, որոնք ստեղծել և շարունակելու է ստեղծել իր բարետոհմիկ ու մաքրակրոն հողում՝ «փափուկ ուժի» դիվանագիտությամբ աշխարհին ցույց տալով իր հնավանդ պատմությունը, կենսավարությունը, հոգեմտավոր բացառիկ կարելիությունները, հայրենի հողում ազատ ու արժանապատիվ ապրելու երկաթյա կամքն ու վաստակած իրավունքը:
Տարեվերջյան համարը պարբերականի խմբագրակազմը նվիրել է «2020թ.-ի սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական վարձկան հրոսակների սանձազերծած պատերազմում Արցախի սուրբ հողի քաջարի պաշտպաններին»: Իսկ գլխավոր խմբագիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանի՝ «Արցախի փրկության ու վերակերտման հրամայականով» խորագիրը կրող խմբագրականը, որով բացվում է պարբերականը, յուրօրինակ ծրագիր է, մանիֆեստ, որ հնչեցնում է ստեղծված արտակարգ կացության մեջ նոր ու ավելի ուժեղ հավաքական մարտավարություն որդեգրելու հրամայականը, սահմանում այն շրջագիծը, որի մեջ պետք է դիտել Արցախի ներկան ու ապագան և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր: «Ազգային-դիվանագիտական նոր օրակարգ ձևավորելով՝ պետք է լծվել երկիրը հոգեմտավոր արժեքներով զարգացնելու, պատմական արդարությունը վերականգնելու նվիրական աշխատանքին՝ օգտագործելով բոլոր հնարավոր ու անհնարին միջոցները, հարթակները, քանզի կշռաքարին մեր անկախությունն ու պետականությունն է, Արցախի վտանգված ապագան»: «Ի սկզբանե գիտության դիվանագիտության զարգացման միջոցով Արցախի ճանաչելիության ու միջազգային ճանաչման գործընթացին լծված «Գիտական Արցախ» պարբերականի սույն տարեվերջյան համարը ձոնելով Արցախը պաշտպանած, նրա ազատագրության Ոսկե երազի համար կյանքը զոհած մեր հզոր ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻՆ՝ մի նպատակ ունենք, -գրում է Ա.Հարությունյանը,- դարձյալ ու նորեն առերեսվելով պատմության դառը փորձին՝ վեր հանել համազգային առաջնահերթությունները, մեր ինքնության պահպանման սպառնալիքներն ու մարտահրավերները, հասկանալով հասկանալ, որ Արցախահայության գոյապայքարը շարունակվում է և, ցավոք, այսուհետ էլ միայն ուժեղի հետ է աշխարհը հաշվի նստելու, քանզի միայն ուժն է ծնում իրավունք»:
Այդ համատեքստում էլ ավելի է կարևորվում պարբերականի առաքելությունը, ուստի ինչպես նշում է խմբագիրը, «Գիտական Արցախ»-ը, «ԱՐՑԱԽ» գիտահետազոտական ինստիտուտը ջանք ու եռանդ չեն խնայելու հայագիտական, ակադեմիական միտքն ուղղորդելու Արցախի պատմության, մշակույթի, նաև վերջին պատմաքաղաքական իրադարձությունների խորքային քննաբանման, արդյունքների հանրայնացման առաքելությանը, համախմբելու միջազգային ճանաչում ունեցող գիտնականներին այդ հրատապ խնդիրների շուրջ՝ կանխելու ադրբեջանի «գիտական» քարոզչամեքենայի լպրծուն կեղծիքները՝ ի շահ Արցախի հոգևոր ամբողջականության պահպանման՝ ամենամոտ ապագայում նաև տարածքային ամբողջականության վերականգնման ու ազատագրության հեռանկարով, որը ոչ թե պետք է լինի երազանք, այլ ռազմավարական նպատակ»:
Այս հրամայականով «Գիտական Արցախ»-ը շարունակելու է իր երթը…
Պարբերականի 2020 թվականի 4-րդ (7-րդ) համարում տեղ է գտել 27 հեղինակի 24 հոդված: Հեղինակներից 7-ը գիտությունների թեկնածու է, 15-ը` ասպիրանտ ու հայցորդ, 5-ը՝ մագիստրոս:
«Պատմություն» գիտակարգով ներկայացված երկու կարևոր ուսումնասիրություններից առաջինը վերաբերում է ԼՂԻՄ-ի ժողովրդագրական պատկերի և այն պայմանավորող գործոնների քննությանը 1920-ական թթ.-ի սկզբներին (Գայանե Հովհաննիսյան)։ Հոդվածագիրը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմավորումից հետո վերջինիս տարածքային ընդգրկումը, վարչական փոխակերպումները, ճշգրտել բնակչության թվաքանակը, վեր հանել բնակչության էթնիկ կազմը՝ բացահայտելով ադրբեջանական իշխանությունների ազգային խտրական քաղաքականությունը, դրա ազդեցությունը երկրամասի ժողովրդագրական գործընթացների վրա։ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի սփյուռքի և հայկական գաղթօջախների պատմության բաժնի գիտաշխատող, պ.գ.թ. Վահե Սարգսյանը շուրջ տասնամյա ժամանակահատվածի (1999-2009 թթ.) վրաց տպագիր մամուլի նյութերի միջոցով ներկայացրել է Ջավախքի հիմնահարցը վրաց հասարակական-քաղաքական մտքի ընկալմամբ: Հոդվածի առաջին մասը տպագրվել է պարբերականի նախորդ համարում, որի խնդիրն է եղել համակարգված կերպով ցույց տալ ներքին ու արտաքին բոլոր այն գործոնները, որոնք ազդել են Ջավախքի հիմնահարցի վրացական ընկալումների վրա: Երկրորդ մասում արդեն ներկայացված են Ջավախքի հիմնահարցի վրացական ընկալումները մատնանշող վրացական տպագիր մամուլի հիմնական հրապարակումները:
«Քաղաքագիտություն» գիտակարգով ներկայացված առաջին ուսումնասիրությունը նույնպես վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության հիմնահարցերին: Հոդվածագիր Առլեն Շահվերդյանի հետազոտության նպատակն է եղել վեր հանել Ղարաբաղյան հակամարտության համատեքստում հակառակորդի կողմից էկոլոգիական բնույթի քաղաքական շահարկումների կարևորությունը՝ հայկական կողմի համար շահեկան դիրք գրավելու և բանակցային գործընթացում բարենպաստ ընթացք ապահովելու նպատակով: Հեղինակի կարևոր եզրահանգումը, ըստ որի՝ անհրաժեշտ է իրականացնել էկոլոգիական անվտանգության բնագավառին առնչվող նախահարձակ քաղաքականություն՝ ներգրավելով միջազգային դերակատարների, ստեղծված ներքաղաքական իրավիճակում լրջագույն նշանակություն և, ցավոք, որոշակի ժամանակավրեպություն է ստանում:
ԵՊՀ-ի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի ասպիրանտ Գոռ Պետրոսյանն իր հոդվածում ներկայացրել է պատժամիջոցների կիրառման նպատակներն ու մեխանիզմները ժամանակակից միջազգային հարաբերություններում՝ հանգելով եզրակացության, որ պատժամիջոցների կիրառման հիմքերն ու նպատակները նախ և առաջ քաղաքական են, հանդիսանում են պետությունների քաղաքական շահերի գործիք, իսկ պատժամիջոցների տակ գտնվող միջոցները շարունակաբար արդիականացվում ու համապատասխանեցվում են արդի մարտահրավերներին՝ բարձրացնելով կիրառման արդյունավետությունը:
Քաղաքագիտական ուշագրավ ուսումնասիրություն է ներկայացրել ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի ասպիրանտ Նարեկ Սուքիասյանը՝ կատարելով ՀՀ արտաքին քաղաքականության ռուսական ուղղության վրա ազդող կառուցվածքային գործոնների տեսականացման փորձ և ցույց տալով այդ գործոնների ազդեցության էվոլյուցիան:
«Իրավագիտություն» բաժնում ներկայացված «Էլեկտրոնային ապացույցները քրեական դատավարությունում» խորագրով հոդվածում հեղինակի (Լուսինե Սուլեյմանյան) նպատակն է եղել ուսումնասիրել էլեկտրոնային կրիչների վրա առկա տեղեկատվության՝ որպես ապացույցի օգտագործման պրակտիկան քրեական դատավարությունում, համադրել այն գործող իրավական կարգավորումների հետ՝ վեր հանելով առկա անհամապատասխանությունները, ուսումնասիրել «էլեկտրոնային ապացույցների» կարգավիճակի, դրանց վերաբերյալ առկա իրավական կարգավորումների միջազգային փորձը՝ համեմատելով այն ներազգային օրենսդրության հետ:
Համարում տեղ են գտել արևելագիտական երեք ուշագրավ ուսումնասիրություններ («Պարսկախոսությունը Շիրվանի հայ բնակչության շրջանում (ժը. դար)», Հասմիկ Կիրակոսյան, «IʿTIKĀF-Ի ծիսակարգն ըստ սուննի կրոնաիրավական մազհաբների», Վահե Հակոբյան, «Շիայականության գործոնը ադրբեջանաիրանական հարաբերություններում», Արաքս Փաշայան, Նազելի Նավասարդյան):
Համարում մեծ թիվ են կազմում տնտեսագիտական ուսումնասիրությունները: ՀՊՏՀ-ի տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի ասպիրանտ Աննա Ավագյանի նպատակն է եղել գնահատել Երևան քաղաքի ջրամատակարարումը լատենտ փոփոխականի մոդելավորման միջոցով։
ԱրՊՀ-ի տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Եվգենյա Հայրիյանի և նույն համալսարանի մագիստրանտ Մարիա Անտոնովայի նպատակն է եղել ներկայացնել ԲԱԶԵԼ III-ի ներդրման ազդեցությունը ՀՀ-ում ֆինանսական կայունության ապահովման վրա։
Ներքին աուդիտին ներհատուկ հիմնական ռիսկերն է քննել ԵՊՀ-ի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ասպիրանտ Հռիփսիմե Հովսեփյանը՝ հետազոտության արդյունքում առանձին ռիսկերի գծով կատարվելով կարևոր առաջարկություններ դրանց ճանաչողական մակարդակի բարձրացման և հնարավորության սահմաններում վերջիններիս կառավարման ուղղությամբ:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ասպիրանտ Զավեն Մկրտչյանի խնդիրն է եղել բացահայտել ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Արցախի Հանրապետությունում հանքարդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում տնտեսական գործունեության արդի հիմնախնդիրները:
Վիրտուալ կազմակերպությունների առանձնահատկություններն է առանձին հոդվածով քննել Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարանի գործարարության և վարչարարության ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Անի Սահակյանը:
Համարում տնտեսագիտական վերջին ուսումնասիրությունը նվիրված է տնտեսության ամփոփ ցուցանիշների վրա ֆինանսական համակարգի ցուցիչների ազդեցությունների գործոնային վերլուծությանը (Վահագն Տեփոյան, ԵՊՀ ասպիրանտ):
«Մանկավարժություն» գիտակարգով «Հեռավար ուսուցման առանձնահատկությունները» ակտուալ թեմայով ուսումնասիրություն է ներկայացրել ԵՊՀ-ի դասախոս, բ.գ.թ. Մերի Հովհաննիսյանը:
«Գերմաներեն երկխոսության հոգելեզվաբանական բնութագրերը» ուսումնասիրությամբ պարբերականի «Լեզվաբանություն» բաժինը ներկայացրել է Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանի մանկավարժության և լեզուների մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտ Լուսինե Սողոմանյանը: Ուսումնասիրման արդյունքում վերհանվում ու համակարգվում են բազմապիսի հաղորդակցային նպատակներ արտացոլող լեզվական կառույցներ՝ արտահայտված իմաստային-շարահյուասկան ներուժ ունեցող բառաքերականական և հնչարտաբերական ասպեկտներով։
Համարում տեղ են գտել գրականագիտական չորս ուսումնասիրություններ, որոնք նվիրված են Եղիշե Չարենցի «Ստանդարտ» ամսագրի միակ համարի արժևորմանը (Անուշ Թասալյան), Հրաչյա Սարիբեկյանի «Ապուշների ուղևորությունը» վեպում առանցքային նշանակություն ունեցող գնացքների ու երկաթուղիների մոտիվի համակողմանի ուսումնասիրությանը (Արամ Խաչատրյան), 1920-1940-ականների ղազախական դրամատուրգիայի զարգացման գործում Մուխթար Աուեզովի ունեցած դերի արժևորմանը (Շուշան Խաչատրյան), Հովհ. Միրզայան Վանանդեցու «Տեսարան հանդիսացն Հայկայ, Արամայ և Արայի›› պոեմում պատմական դեպքերի գեղարվեստական մարմնավորման առանձնահատկությունների քննությանը (Սիրանուշ Փարսադանյան):
ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ասպիրանտ Գայանե Ավագյանը «Հայոց ցեղասպանության տրավման` որպես ազգային ինքնության հիմնախնդիր (1960-ական թթ․ լիբանանահայ մամուլի օրինակով)» հոդվածում մի քանի լրագրերի հիմքով փորձել է բացապարզել, թե ցեղասպանության տրավման, որպես ազգային ինքնության հիմնախնդիր, ինչպիսի փոխակերպում է անցնում 1960-ականների լիբանանահայ մամուլի էջերում՝ զոհի հոգեբանական կաղապարի թոթափումից մինչև պահանջատիրության ձևակերպում։
«Երիտասարդ հետազոտողի ամբիոնը» պարբերականի տարեվերջյան համարում ներկայացնում են ԵՊՀ-ի մագիստրանտ Գևորգ Բարսեղյանը՝ «Հանցագործությունների որակման առանձնահատկությունները հանցակցի սահմանազանցման պարագայում» ուսումնասիրությամբ և ԵՊՀ-ի մագիստրատուրայի ու բակալավրիատի սովորողներ Սուրեն Մինասյանն ու Արփինե Մաթևոսյանը՝ «Չինաստանի պետական մասնակցությամբ ընկերությունները և տնտեսական բարեփոխումների ապագան» հոդվածով:
2020 թվականի ընթացքում հաղթահարելով բոլոր դժվարությունները և թողարկելով 4 մեծարժեք համարներ՝ «Գիտական Արցախ»-ը այսուհետ նույնպես հավատարիմ կմնա իր կոչմանը, գիտական չափանիշներին՝ համախմբելով անվանի ու երիտասարդ գիտնականներին, հետազոտողներին իր առաքելության շուրջ՝ կիրառելով «գիտություն՝ հանուն դիվանագիտության»՝ մեր ժամանակների ամենաֆենոմենալ գործիքը, ինչը պետք է դրվի հայոց պետական նոր հայեցակարգի հիմքերում:
Թեհմինա Մարության
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
Լուսանկարները՝ ԵՊՀ-ի լրատվական բաժնի