Փոխարժեքներ
14 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
ԼՈՒՅՍ է ՏԵՍԵԼ «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 14-ՐԴ ՀԱՄԱՐԸ
Դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականի 2022 թ. 3-րդ (14-րդ) համարի շնորհանդես—քննարկումը, որը կազմակերպվել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Ա.Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում, ինչը Պարբերականի և Կենտրոնի միջև երկար տարիների համագործակցության արդյունք է:
Նոր համարի քննարկումը կազմակերպվել է հենց դեկտեմբերի 1-ին՝ ի նշանավորումն Մայր Հայաստանի և Արցախի վերամիավորման 33-ամյակի, որին մասնակցել են Պարբերականի խմբագրակազմը, հոդվածագիրները և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
«ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականի գլխավոր խմբագիր, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանը շնորհանդես-քննարկման սկզբում շնորհակալություն է հայտնել հոդվածագիրներին՝ որակյալ աշխատանքներ ներկայացնելու և վստահելու, կույր գրախոսներին՝ բարեխիղճ և սրտացավ աշխատանքի համար, նաև խմբագրական խորհրդին ու Պարբերականի աշխատակազմին: Նա նշեց, որ նոր համարում տպագրվել է 27 հեղինակների 22 գիտական հոդված և 2 գրքի գրախոսություն, որոնցից 2-ը գիտությունների դոկտոր են, 5-ը՝ գիտությունների թեկնածու, 16-ը՝ ասպիրանտ ու հայցորդ, 2-ը՝ գիտաշխատող, իսկ 2 գրքերի գրախոսության հեղինակները նույնպես գիտությունների թեկնածուներ են:
Ներկաներին ողջունեց Կենտրոնի ղեկավար, ի.գ.թ., դոցենտ Օլիմպիա Գեղամյանը՝ բարձր գնահատելով ձևավորված համագործակցությունն ու «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականի հերթական համարի շնորհանդես-քննարկումը Կենտրոնում կազմակերպելու Ա.Հարությունյանի նախաձեռնությունը:
Շնորհանդես-քննարկման ժամանակ ելույթ ունեցան բ.գ.թ. Սոնա Հակոբյանը, ք.գ.թ., դոցենտ Կատերինա Ալթունյանը, տ.գ.թ., դոցենտ Վարդուհի Գյոզալյանը, բ.գ.թ. Արտյոմ Տոնոյանը, Սիրանուշ Փարսադանյանը, Քրիստինե Մելքումյանը, Քրիստինե Արշակյանը, Վարդուհի Սարգսյանը, Լուսինե Ծպնեցյանը և Սվետլանա Բաղդասարյանը, ովքեր իրենց խոսքում կարևորեցին պարբերականի դերը որպես գիտության բնագավառում Հայաստանի և Արցախի միասնականության խորհրդանիշի, միջազգային գիտական չափանիշներին իրապես համահունչ, բազմաբովանդակ, արդիական, առավել հետաքրքիր, նաև օտարերկրյա հեղինակների հրապարակումներով աչքի ընկնող, միջազգային ասպարեզում արդեն մեծ համբավ վայելող, Արցախյան ներկայիս մարտահրավերների համակողմանի վերլուծությանն առանձնակի տեղ հատկացնող և դրանց գիտական լուծման ուղիներ առաջարկող պարբերականի:
Պարբերականն առանձնանում է նաև հրապարակումների նկատմամբ գիտական խտրականության բացառմամբ, անաչառությամբ և այս կամ այն հոդվածն ընթացքավորվում ու տպագրվում է՝ հիմք ընդունելով դրա գիտականությունն ու արդիականությունը, այլ ոչ հեղինակի կարգավիճակի առկայությունը կամ բացակայությունը: Արդյունքում երիտասարդ, խոստումնալից ու մեծ ներուժ ունեցող գիտնականների համար ոգևորության և աճի նոր հնարավորություն է ընձեռնվում:
Ելույթ ունեցողները միաժամանակ ընդգծեցին գլխավոր խմբագիր Ավետիք Հարությունյանի և նրա թիմի հսկայածավալ, արգասաբեր աշխատանքը, հետևողական ջանքերը, անմնացորդ նվիրումը, հայրենասիրական և բարոյակամային բարձր որակները:
Նրանք միաժամանակ շնորհավորանքի ջերմ խոսքեր ուղղեցին պարբերականի նոր համարի լույս ընծայման առթիվ, իսկ հոդվածագիրները շնորհակալություն հայտնեցին պարբերականում հրապարակումներով հանդես գալու հնարավորության ընձեռնման համար և միաժամանակ ցանկացան հետագա համարներում հանդես գալ նորանոր հրապարակումներով:
Վերջում Ավետիք Հարությունյանը խմբագրակազմի անունից խորին շնորհակալություն է հայտնել «Hi-Am» բարեգործական հիմնադրամին՝ ի դեմս Նշան Աճեմյանի, և Սերգեյ Գևորգյանին (ք.Օտտավա, Կանադա) «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականի 2022 թ. 3-րդ (14-րդ) համարի տպագրությանն աջակցելու համար՝ հույս հայտնելով, որ Արցախին առնչվող գիտական նախագծեր ֆինանսավորելը վարակիչ կլինի մեր մյուս հայրենակիցների համար:
Հիշեցնենք, որ «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականը հայկական այն սակավաթիվ հանդեսներից է, որի բոլոր համարները զետեղված են ռուսական www.elibrary.ru գիտաչափական շտեմարանում, ինչն էլ հեղինակներին հնարավորություն է տալիս իրենց հետազոտության արդյունքները ներկայացնել բազմամիլիոնանոց լսարանին (ընդհանուր 38.5 միլիոնից ավելի նյութ): Պարբերականի բոլոր հոդվածները տեղադրված են նաև www.cyberleninka.ru գիտական էլեկտրոնային գրադարանում, որն ունի 2.7 միլիոնից ավելի նյութ, իսկ ամսվա կտրվածքով՝ 6 միլիոնից ավելի այցելու: Գլխավոր խմբագիրը, խոսելով տարբեր գիտաչափական շտեմարաններում Պարբերականի բոլոր համարների ներկայացվածության մասին, շնորհակալություն հայտնեց այդ աշխատանքների համակարգող և իր օգնական Արմեն Բեգլարյանին՝ աշխատանքը բարեխղճորեն ու օպերատիվորեն իրականացնելու համար:
ԼՈՒՍԻՆԵ ԾՊՆԵՑՅԱՆ