Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եկեղեցին գործում է բոլոր նրանց համար, ովքեր այցելում են աղոթելու եւ մեղքերից ազատվելու. նրանք, ովքեր կշեղվեն հոգեւոր հիմնարար այս սկզբունքից, կամավորաբար իրենց դուրս կդնեն Եկեղեցուց, իսկ այդպիսի անձանց հետ Եկեղեցին հոգեւոր խնամատարության եւ դաստիարակության այլ միջոցներ ունի: Այս մասին Armdaily-ին տված հարցազրույցում նշել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ սոցիալական ցանցերում ակտիվորեն շրջանառվում է տեղեկատվություն՝ կիրակի օրը Էջմիածնում, Կաթողիկոսի դեմ բողոքի ակցիա իրականացնելու վերաբերյալ:
Դիտարկմանը, որ այդ արշավը երբեմն քաջալերվում է նաեւ պետական որոշ պաշտոնյաների կողմից, ինչպես Սիսիանի քահանա Տեր Պարգեւի պարագայում, արդյոք իշխանությունները փորձում են վրեժխնդիր լինել Եկեղեցուց՝ կապված վարչապետին ուղղված հրաժարականի պահանջի հետ, նա պատասխանեց. «Կուզեմ հստակ արձանագրել, որ Եկեղեցին ինքնանպատակ հակաիշխանական կեցվածք բացարձակապես չի դրսեւորել: Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ բարձրաստիճան եկեղեցականների՝ վարչապետին ուղղված հրաժարականի պահանջը միայն ու միայն թելադրված է ազգային, պետական շահերից:
Երկրորդ՝ ես համոզված եմ, որ հաշվեհարդարներով, պատժիչ գործողություններով հնարավոր չէ լռեցնել Եկեղեցուն: Եկեղեցին հալածանքին դիմակայելու պատմական հարուստ փորձ ունի: Ավելին՝ Եկեղեցու պատմությունը երբեմն բնորոշվում է որպես մարտիրոսությունների պատմություն:
Վստահ եմ, որ թե՛ եկեղեցականները եւ թե՛ աշխարհական մեր հավատացյալները պատրաստ են դիմակայելու հակաեկեղեցական ցանկացած գործողության եւ ոտնձգության»: