Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ազատություն» է իր շրթունքներին, բայց բռնությունն է տիրում իր հոգում,
Անազատության շունչը իր ներսից «ազատություն» է անվերջ վանկարկում:-
Ինչպե՞ս հաջողվեց, ամենակարո՛ղ, որ մարդուն կերտես այսպես երկդիմի,
Ազատություն է, կարծես, նա տենչում, սակայն բռնության դևն է իր վարքում:
⁂
Իմաստունները լռության մեջ են, իմաստնությունը խոսքի է կարոտ,
Խոսքի արժեքն է անսահման իջել, իսկ լռությունը դարձել է վառոդ,
Անպատկառ ստի ու հայհոյանքի հարգը բարձր է, որքան երբևէ,
Իմաստնությունը նման է որբի, որ հաց է մուրում ամեն առավոտ:
⁂
Ժողովուրդները մեծ մանուկներ են, մանուկների պես՝ խենթ ու եսասեր,
Հեքիաթի փոքրիկ հերոսի նման երազի հետքով կարող են վազել,
Իսկ թե խաբում են, հեգնում նենգորեն,- նման են վարար գետի հորձանքի,
Որ, տապալելով ճամփին ամեն բան, շարունակում է նորից երազել:
⁂
Նա, որ կոչված էր լինել ծաղրածու, թիկնոց է կրում թագավորական,
Նա, որ հիվանդ է, անհույս մտագար, դեղատոմսեր է բաշխում աջ ու ձախ
Եվ հավատում է իր ճակատագրին՝ որպես երկնքի բանբեր-առաքյալ,
Որ ինքն է միակ անսուտ մարգարեն, իսկ նախորդները կեղծ էին, ավա՜ղ:
⁂
Փորձություններիդ շղթան անվերջ է. դու մերթ՝ հերոս ես, մերթ էլ՝ նահատակ,
Հազարամյակներ ձգվող քո ճամփին դու շատ ես տեսել խև ու խեղկատակ,
Հաճախ էլ մսխել և ուրացել ես խենթ զավակներիդ նվիրումն առ քեզ
Ու ձեռնոց նետել ժամանակներին, թե՝ տեսեք՝ ես կամ ի հեճուկս ձեզ:
Վարդան Պետրոսյան