կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-21 22:49
Մշակույթ

Ադրբեջանը ձգձգում է մշակութային արժեքների վիճակը գնահատելու համար ՅՈՒՆԵՍԿՕ- ի առաքելության այցը ԼՂ

Ադրբեջանը ձգձգում է մշակութային արժեքների վիճակը գնահատելու համար ՅՈՒՆԵՍԿՕ- ի առաքելության այցը ԼՂ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Լեռնային Ղարաբաղում մշակութային արժեքների վիճակը գնահատող անկախ փորձագետների առաքելություն ուղարկելու համար սպասում է Ադրբեջանի պատասխանին, սակայն Ադրբեջանի իշխանություններին ուղղված խնդրանքները դեռևս հաջողությամբ չեն պսակվել: 

Այս մասին տեղեկանում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածած հայտարարությունից:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հիշեցրել է մշակութային արժեքները պաշտպանելու պարտավորությունը՝ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ կոնվենցիայի համաձայն, որին կողմ են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը: «Հետևաբար, Կազմակերպությունն առաջարկել է ոլորտում իրականացնել անկախ փորձագիտական առաքելություն `նշանակալի մշակութային արժեքների նախնական գույքագրում անելու` որպես տարածաշրջանի ժառանգության արդյունավետ պաշտպանության նախապայման»,-ասված է հայտարարությունում:

Այս առաջարկը ստացել է Մինսկի խմբի համանախագահների լիակատար աջակցությունը, ինչպես նաև սկզբունքային համաձայնություն՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից:

Հանդիպելով ՅՈՒՆԵՍԿՕ-ում, 2020 թ. դեկտեմբերի 10-ին և 11-ին, Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի 1954 թ. կոնվենցիայի միջկառավարական հանձնաժողովի անդամները ողջունել են այս նախաձեռնությունը և հաստատել առաքելության անհրաժեշտությունը՝ գնահատելու Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում մշակութային արժեքների վիճակը: Կոմիտեն կողմերից յուրաքանչյուրին խնդրել է հավատարիմ մնալ առաքելության պայմաններին:

Նոյեմբերի 20-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջարկներ է ներկայացրել և խորը խորհրդակցություններ է անցկացրել ՝ այս առաքելությունն իրականացնելու նպատակով, որն ըստ կոնվենցիայի, պահանջում է երկու կողմերի համաձայնությունը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի օգնական Էռնեստո Օտտոնեն ասել է. «Դեռևս սպասվում է միայն Ադրբեջանի պատասխանը, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաքելություն ուղարկի այդ տարածք: Մինչ այժմ Ադրբեջանի իշխանություններին դիմել ենք մի քանի անգամ, սակայն խնդրանքները հաջողությամբ չեն պսակվել: Յուրաքանչյուր անցնող շաբաթ ավելի է բարդացնում մշակութային արժեքների վիճակի գնահատումը, հատկապես առաջիկա շաբաթների ընթացքում սպասվող եղանակի պատճառով: Հրադադարի ռեժիմով բացված հնարավորությունների պատուհանը չպետք է կրկին փակվի: Ժառանգության պահպանումը տևական խաղաղություն հաստատելու կարևոր պայման է: Ուստի մենք ակնկալում ենք, որ Բաքուն կպատասխանի առանց հապաղելու, որպեսզի վերջին շաբաթների ընթացքում անցկացված կառուցողական քննարկումները վերածվեն գործողության »: