կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-19 14:54
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սյունիքում հայկական զինուժն արդեն նահանջել է, ադրբեջանցիների մուտքի օրը դեռ անհայտ է․ Կապանի քաղաքապետ

Երեկ երեկոյան՝  17։00-ին հայկական զինված ուժերը արդեն հետ են քաշվել զբաղեցրած բարձունքներից, ադրբեջանցիների մուտքի ժամկետը դեռ հայտնի չէ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։

«Արդեն նահանջել ենք ԽՍՀՄ սահմանգծերով, արդեն բոլոր հատվածներում դիրքավորվել են թե՛ մեր զորախմբերը, թե՛ հայ սահմանապահները։ Ներկա դրությամբ այդ վիճակն է։ Որ ժամին և որ օրն է ադրբեջանական զինուժի մուտքը նախկինում մեր զբաղեցրած բնագծեր, դեռ հայտնի չէ»,-ասաց Փարսյանը։

Բնակչության անվտանգության հարցը ամենակարևոր խնդիրներից է, որ նա բարձրաձայնում էր՝ մեր սահմաններին հակառակորդի մոտենալու պարագայում։

«Մեր զինվորականները, կամավորականները կտեղակայվեն բոլոր այն բնագծերում, որ կապահովվի մեր բնակչության անվտանգությունը։ Հիմա ավելի լուրջ խնդիր է այն, որ հակառակորդը մոտենալու է քաղաքին, որտեղ ապրում է 30 հազարից ավելի բնակչություն, հեռավորությունը բնակելի հատվածից լինելու է 1 կմ, սա ամենալուրջ խնդիրն է»,-ասաց Գևորգ Փարսյանը։

Նման 13 գյուղական բնակավայր դառնալու են խիստ սահմանամերձ։

«Իհարկե, մենք ամեն ինչ անելու ենք ժողովրդի անվտանգությունը ապահովելու համար, բայց դա լուրջ ջանքեր են, մեզ անհրաժեշտ են լրացուցիչ ուժեր։ ՊՆ-ի հետ ես երեկ խոսել եմ այդ մասին»,-ասաց Կապանի քաղաքապետը։

Առաջին հարցը, որ բարձրաձայնել են նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպմանը, կապված է նոյեմբերի 9-ին կնքված հայտարարության հետ, որով Զագելանի և Կուբաթլուի զիջման մասին խոսք չկա, ընդհակառակը նշված է, որ երկկողմ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ կանգնած են։ Դրա համար Սյունիքում հայկական զորքը կանգնել էր մինչև նոյեմբերի 9-ի համաձայնագրի կնքումը եղած դիրքերում։

Մարտական գործողությունների ընթացքում հայ մարտիկները զոհվել են՝ պահելով Սյունիքի դիրքերը և քաղաքապետի համար անհասկանալի է՝ ինչու պետք է արյունով պահած դիրքերը հենց այնպես տանք։

Պաշտպանության նախարարը պարզաբանել է, որ դրա մասին որոշումը արդեն իսկ վաղուց կայացված էր՝ համաձայնագրի կնքման պահին։

Այս պարագայում քաղաքապետի համար անհասկանալի է՝ ինչու իրենց չեն ասել, որ նման բան են պայմանավորվել, որպեսզի հայ մարտիկները զոհվելով չպահեն պաշտոնյաների հանձնած դիրքերը։

Հիմա ամենակարևոր խնդիրն է, թե փոխված սահմանների պահպանությունը ինչպես պիտի իրականացվի։

«Առաջարկեցինք Սյունիքի բոլոր բնակավայրերի համար լրացուցիչ ուժեր հատկացնեն ինչպես հայկական բանակից, այնպես էլ ռուսական ուժերից՝ ճանապարհները հսկելու համար։ Կապան-Գորիս, Կապան-Ագարակ, Կապան-Սրաշեն հատվածը պետք է հսկվի»,-ասաց նա։

Այս ճանապարհներից Կապան-Գորիս հատվածի անվտանգությունը այժմ արդեն ապահովում են մեր հայկական զինծառայողները, բայց մյուս երոկւ հատվածները վտանգավոր են։ Այլընտրանքային ճանապարհը չի շահագործվում, քանի չի օգտագործվել և  անմխիիթար վիճակում է։

Կապանի օդանավակայնին կից տունը,  որը տանտերերը այրում էին, որ թուրքին չմնա, հայկական արտադրական հատվածից 100 մ հեռավորության վրա է՝ ադրբեջանական դիրքերը հենց այդտեղ էլ դնելու են։

«Ժամանակի ընթացքում ես ինքս ամեն ինչ կանեմ անվտանգության ապահովման համար, մենք ունենք այս իրողությունը, պիտի ապրենք այս իրողության մեջ, սա չի փոխվելու։ Այն բնականոն կյանքը, որ ունեինք, այլևս չի լինելու, մենք վերադարձանք 90-ականների սկիզբը, սա ցավալի իրականություն է, բայց սա է իրականությունը»,-ասաց Կապանի քաղաքապետը։

Կապանում արդեն կան ընտանիքներ, որոնք լքում են տները,  անգամ բնակարանների վաճառքը զգալի ավելացել է։

Մանրամասն՝ տեսանյութում․