կարևոր
2869 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-19 13:29
Հասարակություն

Արցախի կորստով Սյունիքի մարզի համար մարտահրավերներն ավելացել են․ Կապանի քաղաքապետ

Անկեղծորեն ցավում և ափսոսում եմ, որ հայտնվել ենք ներկայիս իրավիճակում։ Կարծում եմ՝ մենք կարող էինք անել ամեն ինչ, որպեսզի ականատես չլինեինք Արցախի մեծ ողբերգությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։

«Կարծում եմ՝ ցանկացած հայ գիտակից մարդ իսկապես ցավում է, որ տեղի ունեցած նման ողբերգություն, որովհետև իրականում մենք այսօր փաստացի չունենք Արցախ»,- նշեց քաղաքապետը։

Հարցին, թե այժմ ի՞նչ մարտահրավերների առաջ է կանգնած Կապանը՝ նկատի ունենալով նաև, որ ադրբեջանական դրոշն արդեն երևում է՝ քաղաքապետն ասաց, որ ինչպես Սյունիքն է եղել Արցախի թիկունքը, այնպես էլ՝ Արցախն է եղել Սյունիքի թիկունքը։

«Արցախը և հատկապես Արցախ-Սյունիք համագործակցության և հարաբերությունների վերաբերյալ, որոնք որ եկել են դարերի խորքից, դրանք պատմական փաստեր են։ Ինչպես Սյունիքն է եղել Արցախի թիկունքը, այնպես էլ կարծում եմ՝ Արցախն է եղել Սյունիքի թիկունքը։ Այսօր Արցախի կորստով մարտահրավերները, կարծում եմ, Սյունիքի մարզի համար ավելացել են։ Ադրբեջանի դրոշները առկայությանն ականատեսն ենք 2020 թվականի դեկտեմբերի 18-ի հայտնի դեպքերից հետո, երբ մենք զիջեցինք ստրատեգիական բարձունքները, որոնք զբաղեցրել էինք Կապանի ինքնապաշտպանության ժամանակ, դրանից հետո ադրբեջանական զորքերը հայտնվեցին մեր բնակավայրերի անմիջապես հարևանությամբ»,- ասաց նա։