Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԵՊՀ դոցենտ, թուրքագետ ԼՈՒՍԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ մեր զրույցը նոր պատերազմի, մեր երկրում տիրող իրավիճակի, Թուրքիայի քաղաքականության, սպասվող վտանգներին դիմակայելու հրամայականի մասին է։
-Ինչ կատարվեց. մենք չկարողացա՞նք դասեր քաղել պատմությունից, թե՞ պատրաստ չէինք դիմակայելու ժամանակակից Թուրքիայի հայասպան քաղաքականությանը։
-Երկուսը միասին, առաջին հերթին կուզեի շեշտել, որ սա Թուրքիայի ցեղասպան քաղաքականության շարունակությունն է, արդեն Ադրբեջանի հետ համատեղ։ Թուրքիան երբեք չի թաքցրել իր հակահայկական թշնամական տրամադրություններն ու քաղաքականությունը։ Այն արտահայտվել է տարբեր ձևերով, առաջին հերթին՝ Հայաստանը պահելով շրջափակման մեջ և դիվանագիտական հարաբերություններ չհաստատելով, անշուշտ նաև՝ Ադրբեջանին զինելով: Երկրորդ՝ այս հակահայկական քարոզչության մեջ ընդգրկված են պետական բարձրաստիճան թուրք պաշտոնյաները, թուրքական մամուլը, գիտական ու կրթական հաստատությունները, և մինչ օրս էլ այդ երկրի հանրության մի լայն շրջանում «հայ» (էրմենի) բառը հավասարազոր է հայհոյանքի։ Այս ամենը չնկատելը մեզ բերեց-հասցրեց այս արհավիրքին։ Իհարկե, այս անտարբերության սաղմերը կային նաև մեր նախորդ իշխանությունների ժամանակ, բայց երկուսուկես տարի առավել հետևողականորեն տարվում էր թշնամու կերպարը չեզոքացնելու, ազգային արժեքները նսեմացնելու քաղաքականություն։ Այս շղթայի մի դրսևորում էր ապրիլին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդունած «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը վերաձևելու փորձը՝ պահանջատիրության հեռացմամբ։ Մեզ հայտնի են նաև արտաքին զանազան անհասկանալի դրամաշնորհներից սնվող օղակները։ Եթե առաջ այդպիսի քարոզչությամբ զբաղվողները հասարակական կազմակերպություններ էին, ապա, ցավոք, արդեն այդ ամենը տեղափոխվեց պետական, գիտական դաշտ։ Համակեցության գաղափարի քարոզումը, «բարի թուրքի» կերպարի ստեղծումը, հենց այն գաղափարներն էին, որ փորձում էին ներարկել մեր հասարակությանն ու բթացնել սպառնացող վտանգն ընկալելու զգոնությունը, այն պարագայում, երբ թուրք-ադրբեջանական ագրեսորները բացահայտ պատրաստվում էին պատերազմի։
Թուրքիան շարունակում է քայլ առ քայլ իրականացնել պանթուրքական ու պանթուրանական իր ծրագրերը։ Ապրիլին, երբ Էրդողանը հայտարարեց, որ պետք է ավարտին հասցնի իր նախնիների գործը, դրան զուգահեռ հայ հանրության մեջ շրջանառվում էին «թուրքին ներելու» և թուրքի կամ ադրբեջանցու հետ համակեցվելու արտահայտություններ ու գաղափարներ։ Նույնիսկ պատերազմի օրերին գրանտակերներն իրենց սոցցանցերում նման գաղափարներ էին տարածում։ Սա, կարծում եմ, նաև մեր հասարակությանը ստուգելու և մոլորեցնելու նպատակ էր հետապնդում։ Ձգտում էին ստեղծել այնպիսի հասարակություն, որ կարողանար հանգիստ վերաբերվել նույնիսկ մեր հայրենիքը կորցնելու ծանր ու աղետալի իրողությանը։ Այս վտանգավոր դատողությամբ անհատները, եթե կարծում են, որ պատերազմի նման ելքով` մեր հայրենիքի տարածքները թշնամուն հանձնելով, Հայաստանն այսուհետ ապահովագրված է պանթուրքիստական ծրագրերից ու ադրբեջանաթուրքական նոր պատերազմից, չարաչար սխալվում են։ Այսպիսի գաղափարների քարոզչությունն անդառնալի հետևանքներ կարող է ունենալ առհասարակ հայոց պետության գոյության համար։ Մեր քաղաքագետները, պատմաբանները, թուրքագետներն իրենց ուսումնասիրություններով ու ելույթներով, տասնամյակներ ի վեր, պարբերաբար ահազանգել են Թուրքիայից և Ադրբեջանից եկող վտանգների և վերոնշյալ խնդիրների մասին, և այս ամենը ոչ թե անուշադրության է մատնվել, այլ անտեսվել է։
-Թուրքիայի վաղեմի նկրտումներից զատ, մենք շարունակ հայտնվում ենք նաև աշխարհաքաղաքական խաղերի կիզակետում։ Սա պատմական օրինաչափությու՞ն է։
-Իհարկե, եթե նայում ենք պատմության խորքերը, տեսնում ենք, որ Հայկական լեռնաշարհը, իր աշխարհագրական դիրքի թելադրանքով, տարբեր ժամանակներում կռվախնձոր է եղել տարբեր ուժերի ձեռքին։ Ծանր զուգադիպությամբ այժմ ուսումնասիրում եմ Երուսաղեմի Հայոց ցեղասպանության արխիվը, և իմ ցավն ու ցասումը կրկնակի է. նույնն է մնացել թուրքերի` Հայաստանն ու հայ ժողովրդին վերացնելու ծրագիրը, նույնն է Արևմուտքի կեղծ կեցվածքը, նույնն են մեր դիվանագետների և հոգևորականների օգնության խնդրագրերը, ռուսական զորքի ուշացած ժամանելու իրողությունը, ներքին դավադրությունները: Կարող եմ ասել, որ ոչ դերակատարներն են փոխվել, ոչ խաղացողները, և միակ տուժողը կրկին հայ ժողովուրդն է, հայոց պետականությունը։
-Դուք ձեր խոսքում նշեցիք «բարի թուրքի» կերպար ստեղծելու մասին։ Երկար տարիներ փորձ էր արվում հայ-թուրքական բարիդրացիական պլատֆորմներ ստեղծելու՝ կինոյի լեզվով, գրականության և այլն։ Այս երկխոսություններն ի՞նչ արդյունք են տվել թուրքական հասարակությանը լուսավորելու, այդ երկրի քաղաքականության վրա ազդելու տեսանկյունից։
-Հայ-թուրքական սիրախաղերի համար հսկայական գումարներ են ծախսվել։ Գիտե՞ք ինչն է խնդիրը. այդ համակեցության, կեղծ բարեկամության քարոզչությունն առավել շատ ուղղված է եղել մեր հանրության ապակողմնորոշմանը։ 80-միլիոնանոց այդ պետության մեջ եթե նույնիսկ կան սակավաթիվ մտավորականներ, որ անհատական մակարդակում ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, այն բոլորովին չի ազդել թուրքական պետական քաղաքականության վրա։ Այո, Թուրքիայում կան տարբեր հայացքների տեր անհատներ, տարբեր կուսակցություններ, բայց երբ հարցը վերաբերում է Թուրքիայի տարածքային ամբողջականությանը, անկախ քաղաքական հայացքներից, սոցիալական զանազան տարաձայնություններից, նրանք բոլորը դառնում եմ մեկ մարմին, դրսևորում միևնույն դիրքորոշումը և պաշտպանում իրենց ազգային ու պետական շահը։ Ոչ Թուրքիայում, ոչ Ադրբեջանում և կամ որևէ այլ պետության մեջ պետական մակարդակով սեփական ազգային արժեքները նսեմացնող գործընթաց չեք կարող տեսնել։
-Ռազմական գործողությունների ավարտից հետո ի՞նչն եք առաջնահերթ համարում։
-Տարածաշրջանում քաղաքական ուժերի բախումներն անխուսափելի են, և արդեն պարտված ու կապիտուլյացիա ստորագրած վարչապետը չի կարող լուրջ ընդունվել որևէ գործընթացի ժամանակ, թե՛ ներքին, թե՛ արտաքին դաշտում։ Պատմության մեջ բազմաթիվ նման օրինակներ կան։ Րոպե առաջ այս իշխանությունը պետք է հեռանա։ Նրանք արդեն ցույց տվեցին, թե ինչի են ունակ և որքան անկարող են։ Ես, որպես, Հայաստանի քաղաքացի, այլևս ինձ անվտանգ չեմ զգում։ Ես այլևս չեմ հավատում վարչապետի, իշխանության որևէ խոսքին, քանի որ 44 օր պետական մակարդակով մեզ ստել են, խաղացել են մեր ամենանվիրական զգամունքների հետ և կեղծ շոուներով ապակողմնորոշելով` նոյեմբերի 9-ին խիստ գաղտնիության պայմաններում, դավադրաբար ու դավաճանաբար հանձնել են մեր արյան գնով ազատագրված հայրենիքը` հայոց վահան ու բերդ Արցախ աշխարհի մեծ մասը, սասանել են հայոց պետության սահմաններն ու հիմքերը։ Պառակտել ու թշնամացրել են մեր հասարակությանը` ամենաբարձր մակարդակով հնչեցնելով ատելության խոսք: Պետք է ընդունենք նաև, որ քաղաքական և գիտական դաշտը տարիներ ի վեր ջլատվել ու մասնատվել է Հայաստանում։ Բայց վստահ եմ, որ հայ ժողովրդի այս ցասումը բերելու է իր առաջնորդին։ Իսկ վերագրել այս բողոքն ու անվստահությունը զուտ կուսակցական կամ իշխանության համար մղվող պայքարի, ծիծաղելի է։ Այո, 17 կուսակցություները միացել են, բայց դա չի նշանակում, որ հայ ժողովուրդն իր բողոքի ձայնը չունի։ Կամ ԵՊՀ-ն ինչ է, կուսակցությու՞ն է։ Ես որևէ կուսակցության չեմ պատկանել, չեմ պատկանում և չեմ պատկանելու, բայց ես այսօր ինքս եմ պահանջում Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության հրաժարականը, որովհետև որպես ՀՀ քաղաքացի, հայ մարդ, որպես գիտնական, որպես դասախոս, որպես դեռևս 1988-ից ուսանողության շարքերում Արցախյան պայքարի ակտիվ մասնակից, ում բախտ և պատիվ է վիճակվել 1989 թ, մայիսի 28-ին՝ Եռագույն դրոշն առաջին անգամ բարձրացնելու օրը համալսարանի առջև տեղի ունեցած միտինգի ժամանակ, Մովսես Գորգիսյանի, Թաթուլ Կրպեյանի, Վարդան Բախշյանի և այլ հերոս ընկերների կողքին երգել մեր պետության հիմնը` «Մեր հայրենիքը»։ Արցախյան ազատամարտում զոհված իմ հերոս ընկերների արյունը թույլ չի տալիս ինձ այսօր լռել։ Հատկանշական է, որ այսօր ևս Երևանի պետական համալսարանն առաջինը մեր ազգային արժանապատվությունը փրկելու, մեր պետության վտանգված ապագան կանխելու կոչ արեց։ Եվ ես կրկնում եմ, որ այլևս չեմ հավատում պետական մակարդակով ստախոս ու ապազգային կառավարությանը։
-Հանրության շրջանում արդեն խոսակցություններ կան այն մասին, որ մենք չենք կարող լինել անկախ, վտանգված է մեր գոյությունը, միակ ելքը Ռուաստանի նահանգ դառնալն է և այլն։ Ի՞նչ է պետք հուսահատությանը չտրվելու և առաջ շարժվելու համար։ Ի վերջո, պետականությունը կորցնելու վտանգն անհիմն չէ։
-Ոչ ճիշտ դիվանագիտական, հատկապես հակառուսական, քաղաքականությունը մեզ դրեց այդպիսի ծանր փակուղու առջև։ Այո, այսօր մեր երկիրը ծանր իրավիճակում է, մենք կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը, սասանված է մեր ազգային անվտանգությունը, և եթե պետության ղեկին մնան ոչ կոմպետենտ այս մարդիկ, հայտնի չէ, թե ուր կտանեն մեր հայրենիքը, կամ որ երկրի նահանգը կարող ենք դառնալ։ Մենք ունենք Արցախի հիմնահարցին քաջատեղյակ փայլուն մասնագետներ ու ռազմագետներ, պրոֆեսիոնալ դիվանագետներ ու ռազմական գործիչներ, որոնց գիտելիքները ևս անտեսվել են։ Միայն մեր այս ողջ ներուժը գործադրելով կարող ենք այս բարդ իրավիճակում նոր բանակցային ելքեր գտնել՝ պահելով մեր պետականությունը և ազգային արժանապատվությունը։ Այսօր հրատապ և օրակարգային է ազգային արժեքներով առաջնորդվող մեր մտավոր ներուժի միավորումը՝ բոլոր բնագավառներում: Մենք այլ տարբերակ չունենք. պետք է փորձենք շատ արագ հզորանալ։ Ցավը, ընկճվածությունը և հուսահատությունը, այո, բոլորիս են պատել, բայց հայ ժողովուրդը ավելի ծանր իրավիճակներ էլ է հաղթահարել ու կարողացել է ելքեր գտնել։
-Շրջանառության մեջ է դրվել Թալեաթի՝ հայերին ուղղված նամակը այս օրերի մասին։ Հասարակության մեջ կա շրջանակ, որ լուրջ է վերաբերվում իբր 100 տարի առաջ գրված «պատգամ-զգուշացմանը»։ Ըստ այդմ՝ պետք է անտեսե՞լ, թե՞ փորձել հերքել այն։
-Ի սկզբանե ասեմ, որ այդ նամակը հորինված է, և մեկընդմիշ այդ թեման փակելու համար պահանջել եմ բնօրինակը, որը պետք է գրված լինի օսմաներենով և Թալեաթի ստորագրությամբ։ Սա հատուկ է արված ու հիշեցնում է բոլշևիկյան կազմաքանդիչ քարոզչությունը։ Նամակի կեսից չկարողացա կարդալ, հասկանալի էր, որ հայերի ազգային ոգին ջարդելու, հայ մարդու կերպարը նսեմացնելու նպատակ է հետապնդում։ Եվ ինչու՞ հենց այս օրերին նման գրություն է շրջանառվում, այն էլ՝ Հայոց ցեղասպանության գլխավոր հանցագործներից մեկի անունից: Միտումն առավել քան ակնհայտ է:
-Տիկին Սահակյան, ի՞նչ տրամադրություններ են տիրում Թուրքիայի համշենցիների շրջանում։ Ճնշումների, հալածանքների ալիք կարո՞ղ է բարձրանալ նրանց նկատմամբ։
-Նրանք ապրում են իրենց բնականոն կյանքով։ Այո, կան մարդիկ, որ անկեղծորեն ցավում են, մտահոգված են այս իրողությամբ, բայց ընդամենն այդքանը։ Այնտեղ դուք չեք տեսնի մեկին, ով բացահայտ կասի՝ ես հայ եմ կամ պաշտպանում եմ Հայաստանի շահը։ Բազմիցս նշել եմ, որ Թուրքիայի համշենցիների ինքնության գիտակցումը դրսևորվում է հիշողության արտահայտմամբ և մշակութային կապերով։ Այսօր համշենցիները Թուրքիայի համար որևէ վտանգ չեն ներկայացնում, և չեմ կարծում, թե նրանք հալածանքների կենթարկվեն։ Այս առումով առավել խոցելի է Ստամբուլի հայությունը։ Բայց դժվար թե թուրքական իշխանություններն այս օրերին որևէ լուրջ սպառնալիքների ենթարկեն նրանց՝ բացի վախի մթնոլորտ ստեղծելուց։ Միայն նրա համար թեկուզ, որ աշխարհին ցույց տան, թե ինչ «մարդասիրական արժեքներ» ունեն։ Մենք պետք է ուշադրությամբ հետևենք և հասկանանք մի բան, որ Թուրքիան կանգ չի առնելու. թուրք քաղաքական հայտնի մեկնաբաններն իրենց հոդվածներում նշում են, որ այս պատերազմում ոչ Թուրքիան շահեց, ոչ Ադրբեջանը, ոչ էլ Հայաստանը, շահեց միայն Ռուսաստանը, և Թուրքիան շատ դժգոհ է, որ Արցախում հաստատվել են ռուս խաղաղապահ զորքեր։ Նրանք ձգտում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում։
Հարկ եմ համարում նշել, որ պատերազմի լուրն առնելուն պես Աբխազիայի համշենահայ մեր եղբայրների «Համշեն» ջոկատը եկավ Արցախ և մինչև պատերազմի վերջին օրը չլքեց իր դիրքը։ Իսկ մոսկվայաբնակ իմ համշենահայ ընկեր Հրանտ Բոլադյանը, որը ռուս հայտնի երկու թղթակիցների հետ պատերազմի օրերին եկել էր Շուշի, վիրավորվեց Շուշիի վանքում աղոթելիս։
-Ի՞նչ քայլեր պետք է անեն այսուհետ թուրքագետները, առհասարակ, գիտական ոլորտի մարդիկ։
-Ես մի կարևոր հանգամանք եմ ուզում շեշտադրել. այս պատերազմը ոչ միայն մեզնից խլեց մի ողջ սերունդ ու մեր հայրենիքի մի մասը, ոչ միայն չափազանց խոցելի դարձրեց մեր սահմանները, այլև այս դավադիր պարտությամբ մեծ վնաս հասցվեց Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացին, Հայկական հարցին, Հայ դատին, հայագիտությանը։ Իսկ տնտեսական հետևանքների հետ դեռ նոր ենք առերեսվելու։ Մենք հայտնվել ենք նոր իրականության մեջ և շատ անելիքներ ունենք։ Այս մեծ հարվածից հետո ես հավատում եմ, որ հայ ժողովուրդն իր մեջ ուժ կգտնի և կկերտի նոր հաղթանակներ։ Ես ապավինում եմ մեր ժողովրդի անսասան կամքին և իմաստնությանը:
Աղբյուրը՝ Irates.am