Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբեր 18-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատը որոշում է կայացրել քվեարկության ներկայացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձեւի նախագիծը, որը Սենատում կքննարկվի նոյմեբերի 25-ին: Այս մասին տեղեկանում ենք Սենատի պաշտոնական կայքից:
Բանաձևը ստորագրել են Սենատի առաջին ամենախոշոր 5 քաղաքական խմբակցությունների նախագահները: Ֆրանսիայի խորհրդարան է մտնում հետևյալ նախագիծը։ Ոչ պաշտոնական թարգմանությունը՝ ստորև.
«Սենատը,
Հաշվի առնելով Սահմանադրության 34-1 հոդվածը,
Ի գիտություն ընդունելով 1949 թ. Հյուսիսատլանտյան պայմանագիրը,
Ի գիտություն ընդունելով 1994 թ. մայիսի 12-ի կրակի դադարեցման համաձայնագիրը,
Հաշվի առնելով 2020 թ. նոյեմբերի 9-ի՝ կրակի դադարեցման համաձայնագիրը,
Հաշվի առնելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին տարիներին Ֆրանսիայի, Եվրոպայի ու այլ երկրների նկատմամբ ուժեղացրել է սադրանքները, ահաբեկումներն ու սպառնալիքները,
Հաշվի առնելով, որ Թուրքիայի կողմից իրականացվող էքսպանսիոնիստական քաղաքականությունն Արեւելյան Միջերկրականում, Մերձավոր եւ Միջին Արեւելքում, իսկ հիմա նաեւ՝ Հարավային Կովկասում ապակայունացման հիմնական գործոնն է, քանզի նման ապակայունացումը սպառնալիք է ներկայացնում Ֆրանսիայի եւ, ընդհանուր առմամբ, Եվրոպայի համար,
Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ծավալվում է հատկապես աշխարհի ամենաանկայուն երկու շրջանների՝ Կովկասի ու Մերձավոր Արեւելքի սահմանին եւ որ այն նաեւ էսկալացիայի, տարածաշրջանային տերությունների վրա պոտենցիալ ազդեցության ռիսկ է պարունակում,
Հաշվի առնելով, որ Ադրբեջանին Թուրքիայի ցուցաբերած ռազմական աջակցությունն ընկած է ագրեսիայի հիմքում, որն սկսվեց 2020 թ. սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ, բացի այդ, հաշվի առնելով, որ Թուրքիան, որպես ադրբեջանական բանակին աջակցություն, ուղարկել է վարձկանների, որոնք ծառայել են Սիրիայի ջիհադական խմբավորումներում,
Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը, երբ գտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ, մեկ անգամ չի ենթարկվել կազմակերպված կոտորածի, մասնավորապես՝ Սումգայիթում (1988 թ. փետրվարի 25-27), Կիրովաբադում (1988 թ. նոյեմբերի 23), Բաքվում (1990 թ. հունվարի 12-19-ը) եւ Մարաղայում (1992 թ. ապրիլի 10),
Հաշվի առնելով, որ Եվրոպայի խորհրդի Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ) եւ ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման կոմիտեի զեկույցները վկայում են Ադրբեջանում հայ բնակչության գոյության եւ ազատ ապրելու անհնարինության մասին,
Այսպիսով՝ հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ու ազատությունը չեն երաշխավորվում Ադրբեջանի Հանրապետության կողմից,
Հաշվի առնելով 1994 թվականից ի վեր Ֆրանսիայի կողմից Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են նաեւ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, ձեռնարկված ջանքերը՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, բացի այդ, հաշվի առնելով չեզոքության իր անփոփոխ դիրքորոշումն ու ձգտումը՝ նպաստելու հակամարտության փուլային լուծման բանակցային գործընթացին, բացի այդ, հաշվի առնելով, որ այս գործընթացին լրջորեն խոչընդոտում է Ադրբեջանի կողմից ռազմական լուծման դիմելը,
Դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն իրականացվում է թուրքական իշխանությունների եւ արտասահմանցի վարձկանների աջակցությամբ, եւ կոչ է անում ադրբեջանական զինված ուժերը եւ նրանց կողմնակիցներին անհապաղ հանել այն տարածքից, որը նվաճվել է 2020 թ. սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում անցկացված ռազմական գործողությունների արդյունքում:
Կառավարությանը կոչ է անում զանգվածային հումանիտար օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը՝ պահանջելով բացել հումանիտար միջանցքներն ու օգտագործելով հասանելի բոլոր ուղիները,
Կառավարությանը կոչ է անում Մինսկի խմբի շրջանակներում պաշտպանել բնակչության պաշտպանության անհապաղ իրականացումն իր հովանու տակ միջամտության միջազգային ուժերի տեղակայման ճանապարհով` համաձայն 2007 թվականի խաղաղության ծրագրի առաջարկությունների,
Կառավարությանը կոչ է անում պահանջել Լեռնային Ղարաբաղում կատարված ռազմական հանցագործությունների միջազգային հետաքննության անցկացում, մասնավորապես՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ եւ միջազգային իրավունքով արգելված զենքի կիրառմամբ,
Կառավարությանը կոչ է անում իր ուժերի սահմաններում անել ամեն բան՝ հակամարտության երկարաժամկետ կարգավորման նպատակով բանակցությունների անցկացման ապահովման համար, ապահովել սահմանների վերականգնումը, որոնք որոշվել են 1994 թ., հայ բնակչության անվտանգությունն ու տեղափոխված անձանց վերադարձի իրավունքը, ինչպես նաեւ հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանումը կարող է անհապաղ վերսկսվել Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահը Ֆրանսիան է,
Կառավարությանը կոչ է անում ուշադրություն դարձնել այն դերի դիվանագիտական բոլոր հետեւանքներին, որը խաղում են թուրքական իշխանությունները, եւ իր եվրոպացի գործընկերների հետ վերանայել առավել հարմար ու կոշտ պատասխանները,
Կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ այդ ճանաչումը դարձնել բանակցությունների գործիք՝ ամուր խաղաղություն հաստատելու համար»: