կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-15 20:55
Քաղաքական

Արցախից 12.000 քառակուսի կմ-ից մնաց 2500-ը. սա է Փաշինյանի թողած ժառանգությունը. Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բակում լրագրողների խնդրանքով անդրադառնալով ԱԱԾ -ում քննվող իշխանության յուրացման եւ մահափորձի գործին եւ դրա շրջանակում եղած մեղադրանքներին ու ձերբակալություններին՝ նշեց.

«Նիկոլ Փաշինյանը հերթական սցենարն է գրել, որոշ մարդիկ ուզում են բեմադրել: Սա ցնորք է, ինչ-որ խելագարի հերթական սցենար է: Չի կարող նման բան լինել՝ ես վստահեցնում եմ: Սա հերթական քայլն է ընդդիմադիրներին բռնաճնշելու, եւ Նիկոլ Փաշինյանն իր բազմաթիվ մեղքերին ավելացնում է նոր մեղքեր: Մեր պայքարը շարունակվելու է. Ես առաջին օրն եմ հայտարարել՝ պետք է մեր հայ ժողովրդի մեծամասնությանը ձերբակալի՝ուրիշ տարբերակ չկա»: Հնարավոր համարո՞ւմ է այլ դաշնակցական գործիչների ձերբակալություն՝ լրագրողի հարցին ի պատասխան՝ Իշխան Սաղաթելյանը նկատեց. «Քանի դեռ իրավապահ համակարգը կատարում է խելագարի հրահանգները, ես որեւէ բան չեմ բացառում, բայց մի բան վստահեցնում եմ՝մենք օրինական ճանապարհով, սահմանադրական ճանապարհով հասնելու ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, եւ դա իշխանության համար պայքար չէ, դա անհրաժեշտ է մեր հայրենիքը փրկելու համար»:

Հարցին՝ եթե խորհրդարանը օրինական ճանապարհով գնալու համար այդ քաղաքական գործիքի հնարավորությունը չի ընձեռում, ապա ո՞րն է լինելու այլընտրանքը՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը պատասխանեց. «Մենք շարունակելու ենք հասարակական-քաղաքական ճնշումները, խորհրդարանի 88 պատգամավորներին բացատրելու ենք, որ իրենք ունեն պատասխանատվություն այս իրավիճակի համար եւ անհապաղ պետք է հրավիրեն այդ նիստը, վերացնեն ռազմական դրությունը եւ լուծեն Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցը»:

Անդրադառնալով քննադատություններին, որոնք իրենց պայքարը որակում են «իշխանության համար կռիվ» եւ դիտարկումներին, թե իրենց կողմից չի նշվում ճանապարհային քարտեզը, թե ինչպես կարելի է խուսափել հայտնի հայտարարության կետերի կատարումից՝ Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց.

«Վաղվա մեր հանրահավաքում կխոսենք ճանապարհային քարտեզի մասին: Ճանապարհային քարտեզ կա. Այս ընթացքում էլ պարբերաբար խոսել ենք դրա մասին: Տեսե՚ք, ամեն ինչ շատ պարզ է. պարտված երկրի ղեկավարն իվիճակի չէ շարունակել ղեկավարել այդ երկիրը եւ ստեղծված իրավիճակից գտնել լուծման ճանապարհներ: Այդ հարցը փակված է:

Մեր արժանապատվությունը Նիկոլ Փաշինյանը խլել է: Եթե ինքն ունի մի փոքր արժանապատվություն եւ ամոթ, թող խնդրի ներողություն, մի կողմ քաշվի՝հասկանանք, թե ոնց ենք էս փոսից մեր երկիրը դուրս բերում: Սա իշխանության կռիվ չէ, կուսակցական պայքար չէ: Այն ժառանգությունը, որ Նիկոլ Փաշինյանը թողել է հաջորդ իշխանությանը, դա շատ ծանր ծանր ժառանգություն է. 12 հազար քկմ-ից մնացել է 2500-ը, տասնյակ հազարներով փախստական, ոչնչացված տնտեսություն, բազմաթիվ մարտահրավերներ: Այս իրավիճակում իշխանությունը վայելք չէ»:

Հիշեցնենք՝ երեկ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որում ասված էր, թե կանխել է պետական գործչի սպանության, ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու, բացահայտել է մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր: