կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-13 18:51
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք առաջարկում ենք փոխել բանակցողին․ Վարդան Ոսկանյան

Յուրաքանչյուր անձ այս հրապարակում տխուր է և այդ տխրության պատճառը կապիտուլյացիայի պայմանագիրն է՝ հանձնման պայմանագիրը, որը ստորագրվել է մեկ անձի կողմից բոլորի թիկունքում՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ, «Հայրենիք» կուսակցության անդամ Վարդան Ոսկանյանը Ազատության հրապարակում 17 կուսակցությունների հրավիրած հանրահավաքի ընթացքում։

Նա նշեց, որ այժմ փորձում են համոզել, որ այդ պայմանագրով ունենալու եք ապագա, մինչդեռ այդ պայմանագրով մենք ստանալու ենք պատերազմ ապագայում, ո՛չ թե ապագա։

«Պատերազմ, որը թաքնված է այդ պայմանագրի դավաճանական կետերի ներքո․  Նախիջևանից դեպի, այսպես կոչվող՝ Ադրբեջան, ձգվող ճանապարհը լինելու է մեր պետության կործանման սկիզբը, որովհետև այդ ճանապարհը կտրելու է մեր պետության պորտալարը, կտրելու է մեր հայրենիքի կենսական երակներից մեկը՝ սահմանը Իրանի հետ։ Այդ հատվածն անցնելու է թուրքերին»,-ասաց նա։

Որևէ մեկը ձեզանից պատրա՞ստ է նստել այն գնացքը, որը անցնելու է Ջուղայում՝ Նախիջևանի տարածքում՝ մեր նախնիների քարուքանդ եղած գերեզմանների կողքով՝ հարց ուղղեց Վարդան Ոսկանյանը։ Պատասխանը «ոչ» էր։

Որևէ մեկը պատրա՞ստ է նստել այն գնացքը, որն անցնելու է պարսատիկի քարի վերածված մեր խաչքարերի մոտով՝ հարցրեց նա։

«Պատրա՞ստ եք։ Ոչ։ Հետևաբար բոլորդ պետք է մերժեք այս դավաճանական փաստաթուղթը։ Դրա ստորագրողը չպետք է ապագա ունենա մեր երկրում»,-ասաց Վարդան Ոսկանյանը։

Նա նշեց, որ ինքը դասախոս է և սովոր է խոսել ցածր տոնայնությամբ, բայց վրդովված է, որովհետև բոլորս արել ենք մեզանից կախված ամեն ինչ հաղթանակի համար, բայց մեզ՝ ստորագրությամբ պարտադրում են խայտառակ պարտություն։

«Որևէ մեկը ձեզանից պատրա՞ստ է այս պողոտայում նստել թուրքական ռեստորանում։Ո՛չ։ Մեզ խոստանում են ապագա, որտեղ այս փողոցում թուրքերը փող են դնելու և բացելու են ռեստորաններ»,-ասաց նա։

Վարդան Ոսկանյանը հայտարարեց, որ ինքը սովոր է խոսել գիտական լեզվով, բայց իրեն ստիպել են խզել ձայնալարը և անցնել այս տոնայնությանը, որովհետև դավաճանական համաձայնագիրը չպետք է արժանանա որևէ մեկի հավանությանը։

«Ասում ենք «ո՛չ» այդ պայմանագրին»,-վանկարկեց նա։

Ոսկանյանը նշեց, որ հանրահավաքի մասնակիցները առաջարկում են փոխել այն մարդուն, որը իր տգիտության, գավառամտության, ստի և կեղծիքի միջոցով, որով կառավարել է բոլորիդ այս 44 ծանր օրերի ընթացքում, և վերջին 2,5 տարվա ընթացքում խաբել է և հասցրել այս օրվան։

«Մենք առաջարկում ենք փոխե՛լ այդ անձին, փոխե՛լ բանակցողին»,-ասաց նա և հարցրեց՝ «Համաձա՞յն եք», պատասխանը եղավ «Այո»։

Ավելի վաղ հաղորդել էինք Հրանտ Բագրատյանի խոսքը, որ՝ Փաշինյանի տարերային բնավորության դառը պտուղները մենք քաղում ենք։

Մանրամասն՝ տեսանյութում․