կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-02 18:04
Մշակույթ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետական սիմֆոնիկ նվագախումբը կռիվ է տալիս և՛ թիկունքում, և՛ ճակատում

Արդեն 4-րդ օրն է՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը երեւանյան մի քանի մարդաշատ վայրերում կազմակերպում է բարեգործական համերգներ, որոնց ընթացքում համաքաղաքացիների կողմից արված հանգանակությունը պետք է ուղղվի հայ զինվորին։

«Մեր փոքրիկ համերգային ծրագրի նպատակը մեկն է՝ մարդկանց ուշադրությունը հրավիրել այս հիմնադրամին և աջակցել զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Ուրախ եմ, որ բավական լավ արդյունքներ ունեցանք և մեր փոքրիկ ներդրումը կարողացանք ունենալ այս հարցում»,-  Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը։

Նվագախմբի տնօրենը, սակայն, դժվարացավ ասել, թե առաջիկայում հնարավոր է նման համերգ-ակցիաներ իրականացնել, բայց մի բանում համոզված է՝ եթե անհրաժեշտությունը լինի, նվագախումբը պատրաստ է։

Քառօրյա համերգների մեկնարկը տրվեց Կասկադի տարածքում և ավարտվեց Գարեգին Նժդեհի արձանին հարակից այգում։ Մեզ հետ զրույցում նվագախմբի տնօրենն ասաց, որ վայրերն ընտրվել են՝ մի քանի հանգամանք հաշվի առնելով, այդ թվում՝ մարդկանց տեղաշարժն ու տվյալ հատվածի ակուստիկան։ Համենայն դեպս, կազմակերպիչներն արդյունքներից գոհ են, քանի որ, ըստ մեր զրուցակցի, բավական շատ մարդ է մասնակցել, ու մեծ գումար է  հավաքվել։

Ի դեպ, մինչ Պետական սիմֆոնիկ նվագախումբը բարեգործական համերգային ծրագրեր է իրականացնում թիկունքում, նվագախմբի մի քանի զինվորագրված անդամներ առաջնագծում են։

«Հուսով եմ՝ այս ամենը շուտով կավարտվի, և մենք կրկին կկարողանանք զբաղվել մեր գործով»,- հույս հայտնեց նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: