կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-30 19:09
Արցախ

Ստեփանակերտի ռմբակոծություններից զոհեր չկան․ Արցախի ԱԻՆ հրամանատար

Ստեփանակերտի ռմբակոծություններից զոհեր չկան․ Արցախի ԱԻՆ հրամանատար

Զոհեր, վիրավորներ չկան գրեթե ամեն օր հրետակոծվող Ստեփանակերտում և հարակից տարածքներում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության հրամանատար, փրկարար ծառայության փոխգնդապետ Մեխակ Արզումանյանը։

Հրետակոծությունը տևում է ժամեր շարունակ առանց ընդհատվելու և թիրախավորում են Ստեփանակերտի գրեթե ողջ տարածքը։

Նա ասաց, որ թշնամին հրետակոծում է միջազգային կոնվենցիաներով արգելված զենք-զինամթերքից՝ Սմերչ, Պոլոնեզ, կասետային ռումբեր։ Դեռ չհաստատված տեղեկություններ կան նաև, որ Ստեփանակերտը հրթիռակոծվել է թուրքական F-16 ինքնաթիռից։

Թիրախի տակ են մանկապարտեզներ, դպրոցներ, մշակութային, առողջապահական հաստատություններ։

Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի ռմբակոծության ժամանակ մասամբ քանդվեց ծննդատան շենքը և մեծ ավերածություններ եղան։

«Բարեբախտաբար, զոհեր չունենք, այս պահի դրությամբ հանգիստ է, այս պահին էլ հիվանդանոցի չփլված մասում բուժում են վիրավորներին, վիրահատություններ կատարում։ Հրթիռակոծման պահին էլ հիվանդանոցում վիրահատությունը չեն դադարեցրել»,-ասաց Մեխակ Արզումանյանը։

Թշնամին փորձում է խոցել քաղաքի ջրագծերը, գազատար խողովակները, հոսանքի մատակարարման աղբյուրները, որոշ դեպքերում մասամբ է վնասում, որոշ դեպքերում խոցում է։

«Արտակարգ իրավիճակների ծառայությունը, վայրկյան չկորցնելով, փորձում է բոլոր այդ վթարները վերացնել, որպեսզի ժողովուրդը անցնի նորմալ բնականոն կյանքի»,-ասաց նա։

Ադրբեջանցիները հանցավոր կերպով թիրախավորում են հումանիտար գործառույթներ իրականացնող՝ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցներին։

Շուշիում աշխատանք իրականացնելու ժամանակ ռմբակոծության են ենթարկվել ԱԻՆ-ի աշխատակիցները, կա զոհ և վիրավորներ։

Դրանից առաջ՝ հոկտեմբերի 2-ին, ԱԻՆ ծառայության մշտական տեղակայման վայրն են ռմբակոծել։ Այն ժամանակ էլ զոհ և վիրավորներ ունեցան։

Ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ փրկարարների շրջանում կա 2 զոհ, 13 վիրավոր։

«Վիրավորների որոշ մասն արդեն դուրս է գրվել, որոշ մասն էլ բուժում է ստանում առողջապահական կենտրոններում»,-ասաց Մեխակ Արզումանյանը։

Նա նշեց, որ թշնամին այս պահին էլ կրակի տակ է պահում Շուշի քաղաքի գրեթե ողջ տարածքը։

Մեխակ Արզումանյանը վստահեցրեց, որ սեպտեմբերի 27-ից ծառայության ողջ անձնակազմը աշխատանք է իրականացնում բարձր աստիճանի պատրաստության ներքո և մինչև այս պահը ծառայության առջև դրված բոլոր խնդիրները կատարվել են։

Աշխատում են՝ անտեսելով տագնապի ազդանշանները, ռմբակոծությունը, հաճախ աշխատանքներն իրականացնում են նաև ռմբակոծության տակ։

Ստեփանակերտից այս պահի դրությամբ մոտ 700 չպայթած արկ են հայտնաբերել ու վնասազերծել։ Նրանք նաև սնունդով ու տաք հագուստով ապահովում են ապաստարաններում մնացող քաղաքացիներին։

Մեխակ Արզումանյանն ասաց, որ Արցախի Հանրապետությունում՝ քաղաքացիական բնակչության շրջանում այս պահի դրությամբ ունեն ավելի քան 30 զոհ և 100-ից ավելի վիրավոր։

Աննա Բալյան