կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-16 14:10
Աշխարհ

Ղրղզստանի նախագահի լիազորություններն անցել են նորանշանակ վարչապետին

Ղրղզստանի նախագահի լիազորություններն անցել են նորանշանակ վարչապետին

Ղրղզստանի նախագահի լիազորություններն անցել են երկրի նորանշանակ վարչապետ Սադիր Ժապարովին: Այդ մասին պատգամավոր Օմուրբեկ Տեկեբաեւը հայտնել է Ղրղզստանի խորհրդարանի՝ հոկտեմբերի 16-ին կայացած նիստի ժամանակ: «Ղրղզստանի նախագահի լիազորություններն անցնում են վարչապետ Սադիր Ժապարովին: Նման բան երկրի պատմության մեջ դեռ չի եղել, որպեսզի մի մարդու ձեռքում լինի նախագահի, վարչապետի եւ խորհրդարանի իշխանությունը»,- ասել է Տեկեբաեւը:

Հոկտեմբերի 16-ին ավելի վաղ Ղրղզստանի խորհրդարանի խոսնակ Կանատ Իսաեւը հայտարարել է, որ հրաժարվում է ստանձնել պետության ղեկավարի լիազորությունները, որոնք, Սահմանադրության համաձայն, իր վրա են դրվել նախագահ Սոորոնբեկ Ժեենբեկովի պաշտոնաթողությունից հետո: Հոկտեմբերի 15-ին Ժեենբեկովը Բիշքեկում տեղի ունեցող 10-օրյա բողոքների ֆոնին հայտարարել է, որ թողնում է նախագահի պաշտոնը, որպեսզի արյունահեղություն թույլ չտա երկրում:

Ղրղզստանում քաղաքական ճգնաժամը շարունակվում է հոկտեմբերի 5-ից, երբ Բիշքեկում սկսվել էին ընդդիմադիր կուսակցությունների հանրահավաքները, որոնք համաձայն չէին մեկ օր առաջ անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներին: Արդյունքում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկել է այդ ընտրությունների արդյունքները:

Ժապարովը Ղրղզստանի վարչապետ է նշանակվել հոկտեմբերի 14-ին: Երկրում քաղաքական ճգնաժամի սկսվելուց առաջ նա պատիժ էր կրում՝ պատանդ վերցնելու մեղադրանքով: Բողոքների ալիքի ֆոնին կողմնակիցները նրան ազատել են գաղութից։