կարևոր
4876 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-23 20:28
Քաղաքական

Սիրիայում Անկարան խաղում է Մոսկվա-Վաշինգտոն լարվածության թելերի վրա

Սիրիայում Անկարան խաղում է Մոսկվա-Վաշինգտոն լարվածության թելերի վրա

Հյուսիսիային Սիրիայում եւ Իրաքում Թուրքիայի իրականացրած «Սրի Ճանկ» գործողությունը շարունակություն ունենալո՞ւ է.

Նոյյան Տապանի հարցին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։

Թուրքական բանակը շաբաթ գիշեր հայտարարել էր, որ 20 օդային հարված հասցրել է Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դիրքերին: Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ հարձակմանը մասնակցել են 50 ռմբաձիգներ եւ 20 անօդաչու սարքեր:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ իրենց օդային գործողությունը իրականացվել է ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, ինքնապաշտպանության նպատակով: «Հաշվեհարդարի ժամը եկել է», ասված էր նախարարության հաղորդագրությունում։ Սրա շարունակությունն այն էր, որ Էրդողանը հայտարարեց, որ շուտով հնարավոր է նոր ցամաքային ռազմական գործողություն սկսի Սիրիայում։

Կարծում եմ, որ «Սրի ճանկ»ը պատասխան է Ստամբուլի պայթյունին։ Անկարան անմիջաես հայտարարեց, որ պայթյունը իրականցրել են քրդերը եւ մեղադրեց ԱՄՆ-ին «ահաբեկիչներ»ին սատարելու մեջ։

Այս գործողություն լայնածավալ բնույթ չի ունենալու։ Կլինեն նման հարձակումներ,բայց պատերազմական այն լայնամասշտաբությունը, որը Անկարան ծրագրել է չի իրականանա։ Դա ոչ միայն կզսպվի ԱՄՆ-ի այլ նաև Մոսկվայի կողմից։

Էրդողանի հայտարարությունում դարձյալ սլաք կար ուղղված ԱՄՆ-ին, իբրև «ահաբեկիչներին» սատարող։ Սիրիական տարածքներում հակաքրդական գործողություններ իրականացնելու կոնտեկստում ռուսական համաձայնությունը ստանալու համար Անկարան շեշտում է քրդական գործողությունները ԱՄՆ-ի կողմից հովանավորված լինելու հանգամանքը խաղալով Վաշինգտոն-Մոսկվա լարվածության թելերի վրա։

Այս գործողություններին առընթեր արձանագրենք, որ ընթանում են հետախուզական մակարդակով Անկարա-Դամասկոս միջգերատեսչական հանդիպումներ, բանակցություններ։ Դա ենթադրում է Մոսկվայի միջնորդական գործոնի առկայությունը։ Այս պայմաններում Դամասկոսը անպայմայն իր քայլերը կհամաձայնեցնի Մոսկվայի հետ․գուցե այս հանգրվանին կիրականացնի Մոսկվայի պատվերը։Գործընթացը պիտի դիտարկել Մոսկվա- Անկարա ռազմավարական համագործակցության շրջածիրում։

Ավելի լայնածավալ գործողության իրականացում՝ չի բխիր Մոսկվայի շահերից սակայն։ Համագործակցությունը շատ լարված ու զգուշավոր է ընթանում։ Համագործակցության նույն լարվածությունը սկսվել է նկատվել հարավային Կոկվասում ևս։

Աղբյուրը ՝ nt.am