կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-06 14:06
Արցախ

Ադրբեջանցիները շարունակում են հակահայկական ակցիաները Ստամբուլի հայաշատ թաղամասերում․ այս անգամ ընտրվել է Դինքի սպանության վայրը

Ադրբեջանցիները շարունակում են հակահայկական ակցիաները Ստամբուլի հայաշատ թաղամասերում․ այս անգամ ընտրվել է Դինքի սպանության վայրը

Ստամբուլի հայաշատ թաղամասերում թուրքերի և ազերիների կողմից շարունակվում են հակահայկական ակցիաները։ Նպատակը տեղի հայությանն ահաբեկելն է։ Գում Գափուից և Ֆեներից հետո, Ադրբեջանի դրոշներով ավտոշարասյունը հայտնվել է Շիշլի շրջանի հայաշատ Օսմանբեյ թաղամասում, որտեղ գտնվում է նաև Հրանտ Դինքի հիշատակին նվիրված թանգարանը։

Այդ մասին, Akunq.net-ի հաղորդմամբ, տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթը։

Աղբյուրը հայտնում է, որ ավտոշարասյունը հայտնվել է երեկ՝ հոկտեմբերի 5-ին, ուղիղ ժամը 23։05-ին։ Թուրքերն ու ադրբեջանցիներն այդ ակցիան իրականացրել են հենց այն վայրում, որտեղ 2007 թ․ հունվարի 19-ին սպանվել էր Հրանտ Դինքը։ Նշենք, որ Սեբաթ կոչվող այդ շենքում նախկինում գտնվել է «Ակօս»-ի խմբագրատունը, իսկ այժմ գործում է «23․5․ Հրանտ Դինքի հիշողության վայր» թանգարանը։ «23․5» թվերը խորհրդանշում են Հրանտ Դինքի «Ապրիլի 23․5-ը» վերնագրով հոդվածը, որը հրապարակվել էր 1996 թ․ ապրիլի 23-ին «Ակօս» շաբաթաթերթում։ Հոդվածն առնչվում էր Հայոց ցեղասպանության թեմային։ Ինչպես հայտնի է, թուրքերը միտումնավոր կերպով ապրիլի 23-ը հռչակել են մանուկների օր, որպեսզի այդ կերպ մոռացության մատնեն Մեծ եղեռնի մասին հիշողությունը։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ, դարձյալ Ստամբուլում, ադրբեջանցիները հակահայկական ցույց էին կազմակերպել Գում Գափու թաղամասում, որտեղ գտնվում է Կ․Պոլսո Հայոց պատրիարքարանը։ Հրապարակված տեսագրության մեջ երևում էր, թե ինչպես է ադրբեջանական դրոշ կրող ավտոշարասյունն ազդանշաններ արձակելով՝ անցնում Գում Գափուի Հայոց պատրիարքարանի մոտից։

Լուսանկարը՝ Հասան Թեքինի

http://www.agos.com.tr/tr/yazi/24662/bayrakli-konvoy-bu-kez-osmanbey-de

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net