կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-05 15:16
Արցախ

Ջավախքում 1 օրում հավաքվել է 79.090 լարի, 2.150 դոլար, 1.000 ռուբլի

Ջավախքում հանգանակության արդյունքները ներկայացնող ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ հանգանակության 5-րդ օրը՝ հոկտեմբերի 4-ին, Ջավախքի տարբեր գյուղերից հավաքվել է 79090 լարի, 2150 դոլար, 1000 ռուբլի: 

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր,  որ հոկտեմբերի լույս 2-ի գիշերը սննդով և այլ անհրաժեշտ պարագաներով բեռնված ևս երկու բեռնատար է Ջավախքից անցել ՀՀ: Սա բեռնատարների արդեն 3-րդ խմբաքանակն է:  

Հիշեցնենք՝ ջավախահայությունը պատերազմի լուրը ստանալուն պես հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով: Երիտասարդներն ամենուր ցուցակագրվել են՝ կամավոր մեկնելու համար ռազմաճակատ: Սկսվել են նաև հումանիտար օժանդակության ուղղությամբ լայնածավալ միջոցառումներ:

Պատերազմն սկսվելուն պես՝ սննդով և այլ անհրաժեշտ իրերով բեռնված առաջին բեռնատարները սահմանին տեղի ունեցած բողոքի ալիքի և Վրաստանի իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում որոշակի դժվարություններով են հատել Վրաստան-ՀՀ սահմանը: Բեռնատարներին ցնծությամբ են դիմավորել Երևանում

Այդուհանդերձ, անվադողերով բեռնված մեքենաներն այդպես էլ չեն կարողացել դուրս գալ երկրից:

Բեռնատարիների 2-րդ խմբաքանակը` բեռնված սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով, Ջավախքից Հայաստանի Հանրապետություն են անցել  սեպտեմբերի 30-ի երեկոյան (առաջինը) և հոկտեմբերի 1-ի առավոտյան (երկրորդը):

Հիշեցնենք նաև, որ դրամական հանգանակության 2-րդ օրվա դրությամբ Ջավախքի տարբեր գյուղերից հավաքվել է 72935 լարի, 550 դոլար, 20500 ռուբլի, 20000 դրամ, 10 եվրո, որից 5340 լարիով ձեռք է բերվել բժշկական պարագաներ։

Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերելու միջոցառումները Ջավախքի բոլոր հայաբնակ շրջաններում շարունակվում են: Այդ գործին են լծվել նաև ռուսաստանաբնակ կամ ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած ջավախահայերը:

Արցախում հերոսաբար ընկած հայորդիների շարքում են նաև ՀՀ-ում բնակվող  ջավախահայերի զինծառայող որդիները, որոնց հիշատակին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, հավարտ Սուրբ Պատարագի, հոկտեմբերի 4-ին տեղի է ունեցել հոգեհանգստյան կարգ:    

Ներկայացնում ենք նաև Ախալքալաքում գործող «ATV12 Evrika» հեռուստաընկերության մեր գործընկերների՝ Ախալքալաքի Սբ Խաչ Մայր եկեղեցու բակում արված տեսանկարահանումը, որում ներկայացված է, թե ինչպես է ջավախահայությունն իր դրամական օժանդակությունը ցուցաբերում Արցախին:

Տե՛ս նաև   Ի դեմս Արցախի՝ Վրաստանը կարող է ունենալ նոր հարևան: