Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս պահին ԵՄ անդամ 27 երկրներից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացրել է 26-ը. Yerkir.am-ի հարցմանն ի պատասխան, տեղեկացնում է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
Համաձայնագիրը դեռևս չի վավերացրել Պորտուգալիայի խորհրդարանը, որի հետ, Եղոյանի խոսքով, այս պահին տարվում են աշխատանքներ միջխորհրդարանական և դիվանագիտական խողովակներով:
«Առաջիկա շաբաթներին սպասվում է նաև Պորտուգալիայի կողմից վավերացումը, որի խորհրդարանում փաստաթուղթն արդեն դրված է շրջանառության մեջ, արդեն քննարկվել է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում և շուտով կընդգրկվի լիագումար նիստերի օրակարգ»,- ասված է պատասխանում:
Հարցին, թե ինչպե՞ս է կորոնավիրուսի համաճարակն ազդել համաձայնագրի վավերացման գործընթացի վրա, հանձնաժողովից պատասխանում են, որ համաճարակի բռնկման պահին ԵՄ անդամ 27 երկրներից 20-ն արդեն վավերացրել էին համաձայնագիրը, իսկ եղած ազդեցությունները մեղմելու ուղղությամբ աշխատանք է տարվել Հայաստանում տվյալ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների և միջխորհրդարանական համագործակցության միջոցով:
«Մյուսների կողմից վավերացման տեմպի վրա համավարակն, իհարկե, ունեցել է որոշակի ազդեցություն, որը փորձել ենք մաքսիմալ մեղմել միջխորհրդարանական համագործակցության խողովակներով, տվյալ երկրներում մեր դիվանագիտական ներկայացուցիչների աշխատանքի, ինչպես նաև Հայաստանում տվյալ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների հետ աշխատանքի միջոցով: Որպես արդյունք՝ անցած վեց ամիսներին համաձայնագիրը վավերացրել են ԵՄ անդամ հինգ պետություններ», - նշված է պատասխանում:
Նշենք, որ, մինչ համաճարակը, համաձայնագիրը չվավերացրած երկրների շարքում էին Իտալիան, Իսպանիան, Հունաստանը, Ավստրիան, Ֆրանսիան, Պորտուգալիան: Իսպանիայի սենատը համաձայնագիրը վավերացրել է սեպտեմբերի 23-ին:
Հիշեցնենք, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում, իսկ 2018 թվականի հունիսից ուժի մեջ է մտել ժամանակավոր հիմունքով։
Համաձայնագրի ամբողջական գործարկման համար անհրաժեշտ է, որպեսզի այն վավերացվի ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից: