Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի, ‹‹Իմ քայլը›› բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի և բազմաթիվ կամավորների մասնակցությամբ սեպտեմբերի 19-ին Հիմնադրամի «Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագրի շրջանակում Վանաձոր գետի ափամերձ հանգստյան գոտում մասնակցել է մաքրապատման աշխատանքներին։ Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից:
Միջոցառումն իրականացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։
Միջոցառման մասնակիցները մի քանի ժամվա ընթացքում մաքրել են Վանաձոր գետի աղբախեղդ եղած 1,5 կմ ափամերձ տարածքը՝ բնության վերադարձնելով իր իրական տեսքն ու հմայքը: Մաքրապատման աշխատանքների արդյունքում հավաքվել է 450 պարկ (120 լիտրանոց) աղբ, որից 200 պարկ տեսակավորված աղբը (պլաստիկ թափոն) ուղարկվել է վերամշակման, իսկ մնացած աղբը տեղափոխվել աղբավայր։
«Անկախության տոնի նախօրեին այս միջոցառմամբ ցանկանում ենք կարևորել ու ընդգծել մեր հայրենիքի հանդեպ ամենօրյա սիրո, խնամքի ու հոգատարության անհրաժեշտությունը: Հայաստանն ու նրա ամեն մի անկյունը մեր տունն է, նրա մաքրությունն ու կոկիկությունը մեր պատիվն է: Այո՛, հայրենիքը սիրելը նաև չնախատեսված վայրերում աղբ չթափելն է: Եկե՛ք ամրագրենք մի պարզ ճշմարտություն՝ աղբը չպետք է նետել բնության մեջ, այնտեղ այն տեղ չունի: Այսօրվա կամավորները մեր դեսպաններն են իրենց տանը, համայնքում։ Սա փոփոխությունների շղթա է, որ չպետք է ընդհատվի»,- նշել է ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։
Մաքրապատման աշխատանքներն իրականացվել են խաղ-մրցույթի ձևաչափով։ Մասնակիցները ստացել են խրախուսական, պլաստիկի դեմ պայքարն ընդգծող, կիրառական նվերների փաթեթներ՝ կտորից պայուսակներ, ապակյա տարաներ, նոթատետրեր, պատկերագրքեր և այլն:
Մաքրապատման աշխատանքների ավարտին անցկացվել է բնապահպանական թեմայով սեմինար, որին հաջորդել է Վանաձորում հայտնի «Քլոքեր» ռոք խմբի համերգը։
‹‹Իմ քայլը›› հիմնադրամի կարևորագույն ուղղություններից է «Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագիրը, որի նպատակն է մեկանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակները փոխարինել բազմակի օգտագործման տոպրակներով՝ հասարակության շրջանում իրականացնելով վարքագծային փոփոխություններ, որը կհանգեցնի պլաստիկի սպառման մշակույթի փոփոխությանը:
Ծրագիրը ֆինանսավորում են ‹‹Իմ քայլը›› բարեգործական հիմնադրամը, ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագիրը և ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակը: