|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Իրականում իրավիճակը շատ պարզ է ու ցանկացած քաղաքացու համար հասկանալի. դեռևս 2024 թվականի սեպտեմբերի 26-ին Սահմանադրական դատարանը (սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ որոշմամբ) արդեն իսկ տվել է այս հարցի սպառիչ իրավական լուծումը։ ՍԴ-ն հստակ արձանագրել է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին արվող հղումը վերաբերում է բացառապես այն հիմնարար սկզբունքներին ու համազգային նպատակներին, որոնք արտացոլված են Սահմանադրության բուն տեքստում։ Իսկ Սահմանադրության բուն տեքստում Արցախի մասին կամ որևէ հարևան երկրի նկատմամբ տարածքային պահանջ պարունակող որևէ դրույթ կամ խոսք պարզապես չկա։
Այս իրավական փաստարկների համատեքստում ակնհայտ է դառնում, որ Բաքվի ճնշումներին ընդառաջ գնալն ունի բացառապես քաղաքական դրդապատճառներ, ինչին ակտիվորեն արձագանքում են քաղաքական տարբեր գործիչներ:
Իր հերթին, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլ յանը թեմայի շուրջ արձանագրում է. «Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չունի, և Ադրբեջանի կողմից Սահմանադրության փոփոխության պահանջը չունի ոչ մի իրավական հիմնավորում։ Ավելին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը հղում է անում Անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներին և համազգային նպատակներին, որտեղ որևէ խոսք չկա Արցախի մասին։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը երկու տարի առաջ հայտարարել է, որ ՀՀ Սահմանադրության ոչ մի դրույթ տարածքային պահանջներ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ՝ հիշեցնելով ՍԴ-ի 2024 թ. սեպտեմբերի 26-ի որոշումը։ Հետևաբար, Սահմանադրությունից Անկախության մասին հռչակագիրը հանելը բացառապես Ադրբեջանի հերթական պահանջի կատարումն է։ Շարունակում եմ մնալ իմ համոզմունքին, որ Հայաստանում նախևառաջ փոխելու մի բան կա միայն՝ կարմիր գծեր չունեցող, խոսքի և գործի նկատմամբ անպատասխանատու իշխանությանը»։
Այսպիսով, ՍԴ որոշմամբ հարցի իրավական լուծված լինելու պայմաններում Սահմանադրություն փոխելու իշխանության փորձերը ոչ այլ ինչ են, քան Ադրբեջանի թելադրանքին անվերապահորեն ենթարկվելու և սեփական ինքնիշխանությունը զիջելու հերթական քայլ։