կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-18 15:52
Մշակույթ

Պուշկինի հետքերը՝ Կարինում (լուսանկարներ)

Պուշկինի հետքերը՝ Կարինում (լուսանկարներ)

Թուրքական «Էվրենսել» պարբերականի հոդվածագիր Սեչքին Յաբանլըն անդրադարձել է Կարինում (թուրք պաշտոնական անվանումը՝ Էրզրում) ռուս հայտնի գրող Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի թողած հետքերի թեմային։ Այդ մասին փոխանցում է Akunq.net-ը։

Աղբյուրի համաձայն՝ հոդվածի հեղինակը նշում է, թե Էրզրում նահանգի Յաքութիյե գավառի Յեղենաղա թաղամասի մի նեղլիկ փողոցում պահպանվում է 38-րդ համարի առանձնատունը, որը 19-րդ դարի սկզբներին կառուցվել է մի տրապիզոնցի (հավանաբար հայ-Ակունքի խմբ) ընտանիքի կողմից՝ Էրզրումում առևտրական գործերը կարգավորելու նպատակով։ 1828 թ․ հունիսի 27-ին այստեղ է հյուրընկալվել նաև ռուս հանճարեղ գրող Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը։

Թուրք հոդվածագիրը հայտնում է, որ 19-րդ դարի սկզբներին Ռուսաստանի որոշ սպաներ քննադատում էին ցարի քաղաքականությունը։ Այդ քննադատությունների արդյունքում ռուսական ցար Նիկոլայ Առաջինի դեմ բռնկվում է դեկաբրիստական ապստամբությունը, որը ճնշվում է։ Ըմբոստ սպաների մի մասը մահապատժի է ենթարկվում, իսկ մյուս մասը՝ աքսորվում կովկասյան ճակատ։ Ցարի այդ որոշման շնորհիվ Պուշկինը հնարավորություն է ունենում, ոչ թե որպես ռազմիկ, այլ՝ ճանապարհորդ և գրող, մասնակցել 1828 թ․ սկսված ռուս-թուրքական պատերազմին և Կովկասից անցնել Թիֆլիս, Կարս և Էրզրում։

Ըստ հեղինակի՝ Պուշկինը միայն մի քանի շաբաթ է մնացել այդ առանձնատանը։ Սակայն ներկայում այդ տան և փողոցի նշանակության մասին ոչ տեղացի ժողովուրդը գիտի, ոչ էլ՝ տեղական իշխանությունները։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը Կարինի մասին իր տպավորությունները ներկայացրել է «Ճանապարհորդություն դեպի Էրզրում» երկի միջոցով։

https://www.evrensel.net/haber/414325/erzurum-sokaklarinda-puskin-izleri?fbclid=IwAR2kWew2dcm4o4WBex9tkUElPYnX0kg4S6z7j1ZEwAjyySAzlCBFmJG0d-U

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net