կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-11 17:07
Հասարակություն

Բուհերը, որ վարձավճարներ են բարձրացնում, էդ մակարդակի կրթություն տալի՞ս են ուսանողին. Գագիկ Համբարյան

Բուհերը, որ վարձավճարներ են բարձրացնում, էդ մակարդակի կրթություն տալի՞ս են ուսանողին. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում անդրադարձել է կրթության ոլորտում առկա դժգոհություններին, վարձավճարների թանկացմանը և գալիք շաբաթվանից դասապրոցեսի մեկնարկի նպատակահարմարությանը:

 -Պարո՛ն Համբարյան, վերջին շրջանում կրթության ոլորտին առնչվող դժգոհություններն օրեցօր մեծանում են: Արսեն Ջուլֆալակյանը մանդատը վայր դնելու մասին հայտնեց՝ նախարարի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունների պատճառով, ԼՀԿ-ն հայտարարեց, որ գալիք շաբաթ մեկնարկող ԱԺ քառօրյայում կբարձրացնի նախարարի հրաժարականի հարցը: Ի վերջո, ի՞նչն է այս ամենի պատճառը:

-Կրթության հետ կապված ճգնաժամը նոր չէ, որ ի հայտ եկավ: Դա առկա է այն ժամանակվանից, երբ Արայիկ Հարությունյանի նման անձին Նիկոլ Փաշինյանը նշանակեց երկար անունով նախարարության ղեկավար: Հարությունյանին վստահվեց մի ոլորտ, որից նա բացարձակապես տեղյակ չէ, բացի այդ էլ՝ նա, համապատասխան հիմնարկներից սնվելով, կատարում է բացահայտ պատվեր, որի հիմքում հակահայկականությունն ու հակապետականությունն են, ավանդական հայկական ինստիտուտների՝ ընտանիքի, բանակի քարուքանդ անելը: Այնպես չէ, որ Արայիկ Հարությունյանը դա երբևէ թաքցրել է: Երկու տարի է՝ Հարությունյանը զբաղված է կրթության ոլորտի կազմաքանդմամբ: Գրեթե բոլոր համալսարաններում կան խնդիրներ, ոչ մի համալսարան նորմալ ռեկտոր չունի, շատ տեղերում ժամանակավոր պաշտոնակատարներ են, որոնք կաշկանդված են, կոլեկտիվները նրանց լուրջ չեն ընդունում, ուսանողների շրջանում հարգանք չունեն: Էլ չեմ խոսում չափորոշիչների մասին, հայ ժողովրդի պատմության, եկեղեցու պատմության, հայոց լեզվի և գրականության վերաբերյալ նրանց հակասական հակահայկական դիրքորոշումների մասին, որոնք փորձ է արվում ներկայացնել որպես նորամուծություն: Այս ամենն իր հետևանքները պիտի ունենա:

Ինչ վերաբերում է Ջուլֆալակյանին, ապա, որքանով հասկանում եմ, այստեղ ավելի շատ անձնական խնդիրներ էին՝ կապված սպորտի ոլորտում տեղի ունեցող գործընթացների հետ: Նույն ԼՀԿ-ի և հասարակության տարբեր շերտերի վերաբերմունքը Արայիկ Հարությունյանի հանդեպ շատ նորմալ է: Տպավորություն է, որ իշխանության գալուց հետո նա փորձում է ինքնահաստատվել շատ մարդկանց հաշվին:

-Ուսանողների կողմից բարձրացվող առաջնահերթ խնդիրների շարքում այսօր վարձավճարների բարձրացումն է: Որքանո՞վ է ճիշտ այս պահին նման բարձրացում անելը, երբ այսօր դասերն ամենօրյա գրաֆիկով չեն իրականացվում, ուսանողները խմբերով են դասի հաճախում:  Ձեզ համար ընդունելի՞ է այն պատճառաբանությունը, որ ուսման թանկացումից շահելու են դասախոսները՝ աշխատավարձի բարձրացման տեսքով:

-Այդ պատճառաբանությունն ինձ համար բացարձակ ընդունելի չէ: Աբսուրդի ժանրից է: Հիմա կարող են հեքիաթ պատմել, որ դա մշակված ռազմավարություն է, բայց տարրական անհեթեթություն է, որովհետև մարտից մարդիկ գտնվում են ֆորսմաժորային իրավիճակում, և իշխանությունները, շատ լավ հասկանալով հասարակության սոցիալ-տնտեսական իրավիճակը, պետք է հասկանային, որ ոչ բոլորն են ի վիճակի վարձավճարներ մուծել, եթե դրանք թանկացնում են: ԵՊՀ-ն որքան էլ լինի հիմնադրամ, միևնույն է, պետության կողմից հովանավորվող և վերահսկվող  հիմնարկություն է, և պետությունն այս հարցերի վերաբերյալ իր դիրքորոշումը պիտի հայտներ: Բայց, ինչպես տեսնում ենք, իշխանությունները դիտորդի կեցվածք են ընդունել:

-Ինչքանո՞վ է այս պահին տեղին սկսել ուսումնական պրոցեսը:    

-Դիմակ կրելով՝ ոչ մի հարց չի լուծվում: Ուսանողները նստում են նույն նստարանին, հպվում են դռներին, բռնակներին, ու փորձել ներկայացնել, որ այդ դիմակներով հարց է լուծում, ուղղակի ծիծաղելի է:  

-Այդ դեպքում ի՞նչ այլընտրանքներ եք տեսնում: Չի՞ բացառվում կրկին անցում կատարել առցանց դասերի:

-Առցանց դասերն ինձ համար՝ որպես դասախոսի, իրենց չեն արդարացրել: Դա ինքնախաբեություն է, որովհետև առցանց դասերի կազմակերպումը շատ դիլետանտական մակարդակով է դրված, վերահսկողությունը զրոյական է: Ինձ հետաքրքիր է, թե առցանց դասերի ժամանակ դասախոսն ինչպե՞ս է վերահսկելու ուսանողների ազնվությունը, երբ ուսանողը բացահայտ կարող է կարդալ սեմինարը, այլ ոչ թե ներկայացնել, ինչպես լսարանում: Բացի դրանից՝ ինչպես են անցկացվելու գործնական դասերը: Կոնսերվատորիայում, Գեղարվեստի ակադեմիայում, Ֆիզկուլտ ինստիտուտում և բուհերի շատ այլ ֆակուլտետներում, որտեղ գործնական աշխատանքը շատ կարևոր է, ինչպե՞ս են դրանք ապահովելու: Նույն բուհերը, որ վարձավճարներ են բարձրացնում, էդ մակարդակի կրթություն տալի՞ս են ուսանողին: Առցանց ուսուցման համար համապատասխան ծրագրեր կան՝ լիցենզավորված ծրագրեր, որոնց խնդիրը նաև վերջնարդյունքի ապահովումն է, իսկ ես կարող եմ բացահայտ ասել՝ չեմ հավատում, որ ՀՀ-ում  որևիցե բուհ, Zoom ծրագրով առցանց դասեր մատուցելով, կարող է վերջնարդյունք ապահովել: Չկա այդպիսի բան:

 

Վարդուհի Ստեփանյան