կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-23 20:44
Քաղաքական

Թևան Պողոսյանի ղեկավարած կենտրոնը կնպաստի ԱԺ կարողությունների զարգացմանը

Թևան Պողոսյանի ղեկավարած կենտրոնը  կնպաստի ԱԺ կարողությունների զարգացմանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը հունիսի 23-ին ՀՀ Ազգային ժողովի Ոսկեզօծ սրահում ստորագրել են նամակ-համաձայնագիր, որով նախատեսվում է իրականացնել ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագիր:

ՀՀ Ազգային ժողովի ծրագիրն անմիջականորեն կիրականացվի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը համաձայնագրի ստորագրումից հետո նշել է. «Այսօր մենք ստորագրեցինք մի կարեւոր փաստաթուղթ, որը նոր որակի համագործակցության մեկնարկ է: ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ Ազգային ժողովին վերապահված լիազորությունները եւ խորհրդարանի դերի բարձրացումը ենթադրում են օրենսդիր մարմնի գործառույթների ընդլայնում, մշտական հանձնաժողովների եւ աշխատակազմի կարողությունների կատարելագործում»: Արա Բաբլոյանը, կարեւորելով լավագույն փորձի ուսումնասիրությունն ու կիրառումը, նշել է, որ խորհրդարանը բաց է համագործակցության համար, եւ առաջիկայում համատեղ ջանքերով մշակվելիք ծրագրերը կիրականացվեն:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն իր խոսքում ընդգծել է, որ Միացյալ Թագավորությունը, ունենալով խորհրդարանական կառավարման երկարամյա փորձ, ողջունում է Հայաստանում ընթացող սահմանադրական փոփոխությունները, որոնց նպատակը երկիրը խորհրդարանական կառավարման հանրապետություն դարձնելն է:

Դեսպանի խոսքով՝ այս համաձայնագրի ստորագրումը հնարավորություն է տալիս սերտ կապեր հաստատելու երկու խորհրդարանների միջեւ՝ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմները եւ աշխատակազմի կարողությունները զարգացնելու համար: