Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 30-ին ՊԲ-ի շտաբում անցկացվել է ծառայողական խորհրդակցություն, որին ներկա են գտնվել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայկական երկու պետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարներ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ու Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան զինվորականներ ու պաշտոնյաներ:
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են հայկական երկու պետությունների ռազմական համագործակցության օրակարգային թեմաներ, անդրադարձ է կատարվել այն համալիր գործընթացներին, որոնք իրականացվում են հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործման, անվտանգային միջավայրի հետագա ամրապնդման, զինծառայողների ծառայողական ու սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղություններով:
Հայկական երկու պետությունների ղեկավարները ընդգծել են համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը և համապատասխան պաշտոնատար անձանց ու զինվորականներին տվել ցուցումներ ու հանձնարարականներ:
Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը ներկա են գտնվել նաև ՊԲ-ի զորամասերից մեկի նորակառույց և անձնակազմի սննդի կազմակերպման նոր՝ արտապատվիրման տարբերակով գործող ճաշարանի բացման արարողությանը, ապա այցելել առաջնագիծ:
Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները ծանոթացել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքներին, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաներին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին:
Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը զինվորականներին վստահեցրել են, որ ինժեներաամրաշինական աշխատանքները առաջնագծում, զինծառայողների համար նոր որակի սննդակարգի ապահովումը, սպառազինության արդի միջոցների ձեռքբերումը և ընդհանուր առմամբ, բանակաշինության բոլոր ուղղությունները ընդգրկող համալիր գործընթացները, այսուհետ ևս կմնան Հայաստանի և Արցախի հանրապետությունների ռազմաքաղաքական ղեկավարության առաջնահերթությունները: