կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-22 13:36
Հասարակություն

Ուսումնական հաստատություններում բացառել նախընտրական քարոզչությունը. ԿԳ նախարարի շրջաբերականը

Ուսումնական հաստատություններում բացառել նախընտրական քարոզչությունը. ԿԳ նախարարի շրջաբերականը

Հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումներն ու ՀՀ ԿԳ նախարարություն ուղղված բանավոր հարցումները, նախարար Լևոն Մկրտչյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ առաջարկելով խիստ վերահսկողություն սահմանել, որպեսզի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները քարոզչական աշխատանքներում ներգրավվեն բացառապես օրենքի շրջանակում:

ԿԳ նախարարի շրջաբերականում մասնավորապես նշվում է. ««Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն: Միաժամանակ, ՀՀ ընտրական օրենսգիրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ հանրակրթական ուսումնական հաստատությունների դահլիճները թեկնածուներին ու ընտրություններին մասնակցող կուսակցություններին կարող են տրամադրվել միայն ժամը 18:00-ից հետո կամ ոչ աշխատանքային օրերին և միայն այն դեպքերում, եթե տվյալ համայնքում գոյություն չունեն նախընտրական քարոզչության անցկացման համար համապատասխան այլ դահլիճներ»: 

ԿԳ նախարարը առաջարկել է Երևանի քաղաքապետին և ՀՀ մարզպետներին՝ իրենց ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կազմերին հանձնարարական տալ, հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, իրենց լիազորություններն իրականացնելիս բացառել նախընտրական քարոզչությունը և ցանկացած բնույթի քարոզչական նյութի տարածումը: 

ՀՀ ԿԳՆ