Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության այսօրվա նիստում, քաղաքական համաձայնությամբ պայմանավորված, որոշում կայացվեց փոփոխություններ կատարել նոր Ընտրական օրենգրքում: Այն ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Սարգսյանը:
Առաջարկվում է Ընտրական օրենսգրքում ամրագրել հետևյալ դրույթները.
• Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ թույլ տալ բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և ուղիղ ժամանակային ռեժիմում հատուկ ստեղծված կայքի(երի) միջոցով միաժամանակյա համացանցային հեռարձակում: Ընդ որում` տեսանկարահանումը պետք է իրականացվի կառավարության սահմանած կարգով մրցույթի արդյունքում ընտրված մասնագիտացված կազմակերպության կողմից:
Տեսախցիկների տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, ընտրողների գրանցման և քվեարկության ծրարների, քվեաթերթիկների հատկացման, ինչպես նաև քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը՝ մինչև 50 մետր շառավղով: Ամեն պարագայում տեսանկարահանումը և համացանցային հեռարձակումը պետք է իրականացվեն սահմանված քվեարկության գաղտնիության սկզբունքի պահպանմամբ:
• Ներդնել ընտրողների մատնահետքերով նախնական էլեկտրոնային գրանցման համակարգը: Այսպես` առաջարկվում է ամրագրել, որ նույնականացման քարտ չունեցող և նույնականացման քարտ ստանալու համար չգրանցված քաղաքացիներն ընտրողների ցուցակում չեն ընդգրկվում, բացառությամբ օրենսգրքով սահմանված դեպքերի: Ընդ որում` քաղաքացին համարվում է նույնականացման քարտ ստանալու համար գրանցված, եթե նույնականացման քարտ ստանալու համար «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հանձնել է մատնահետքեր և այլ տվյալներ: Առանց նույնականացման քարտի կարող են քվեարկել զորամասում հաշվառված ընտրողների ցուցակով քվեարկողները, քրեակատարողական հիմնարկում քվեարկողները, բժշկական հաստատությունում շրջիկ արկղով քվեարկողները:
Այն դեպքերում, երբ անձը չի եղել Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված ժամկետում, չի ստացել նույնականացման քարտ և չի գրանցվել նույնականացման քարտ ստանալու համար, ապա նա կարող է մասնակցել ընտրություններին` ընդգրկվելով ընտրողների լրացուցիչ ցուցակում:
Քվեարկության օրը ընտրատեղամասերում ընտրողների գրանցումը կատարվում է տեխնիկական սարքի միջոցով` մատնահետքով: Այսպես` ընտրության օրը յուրաքանչյուր ընտրող մոտենում է մասնագետին, ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթը: Մասնագետը ստուգում է ընտրողի ինքնությունը ներկայացված փաստաթղթում առկա լուսանկարի միջոցով: Ընտրողը ներմուծում է իր աջ կամ ձախ ձեռքի ցուցամատի հետքը տեխնիկական սարքավորման մեջ:
Եթե տեխնիկական սարքավորումը մատնահետքի ճանաչման արդյունքում պարզում է, որ ընտրողը տվյալ ընտրական տեղամասի ընտրող է, և եթե մինչ այդ պահը նա չի մասնակցել քվեարկությանը, ապա էկրանին հայտնվում է կանաչ նշան, և տեխնիկական սարքավորումը տպում է քվեարկության կտրոնը, որում նշվում են ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը, ազգանունը, անունը, քվեարկության կտրոնի հերթական համարը, ընտրողի լուսանկարը: Եթե տեխնիկական սարքավորումը ընտրողի մատնահետքը չի ճանաչում, ապա ներմուծվում է մյուս ձեռքի ցուցամատի հետքը, իսկ եթե այն ևս չի ճանաչվում, ապա ներմուծվում են այլ մատների հետքերը:
Մատնահետքերի ներմուծումը կրկնվում է հինգ անգամ: Եթե, այնուամենայնիվ, որևէ մատնահետք չի ճանաչվում, ապա ընտրողի գրանցումն իրականացվում է անձը հաստատող փաստաթղթի հիման վրա: Այդ դեպքում մասնագետը տեխնիկական սարքավորման մեջ ստեղնաշարով ներմուծում է անձը հաստատող փաստաթղթի համարը: Եթե տեխնիկական սարքավորումն անձը հաստատող փաստաթղթի համարի հիման վրա պարզում է, որ ընտրողը հանդիսանում է տվյալ ընտրական տեղամասի ընտրող, և եթե առ այդ պահը նա չի մասնակցել քվեարկությանը, ապա էկրանին հայտնվում է կանաչ նշան, և տեխնիկական սարքավորումը տպում է քվեարկության կտրոնը, որում նշվում են ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը, ազգանունը, անունը, քվեարկության կտրոնի հերթական համարը, ընտրողի լուսանկարը:
Եթե տեխնիկական սարքավորումը անձը հաստատող փաստաթղթի համարի հիման վրա պարզում է, որ ընտրողը գրանցված չէ տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, ապա էկրանին հայտնվում է համապատասխան նշան, իսկ եթե տեխնիկական սարքավորման մեջ առկա է համապատասխան տեղեկատվություն, ապա նաև այն ընտրական տեղամասի համարը, որի ցուցակում է ընդգրկված այդ ընտրողը: Ընտրողը դուրս է հրավիրվում քվեարկության սենյակից:
Եթե տեխնիկական սարքավորումն մատնահետքի կամ անձը հաստատող փաստաթղթի համարի հիման վրա պարզում է, որ ընտրողն արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը, էկրանին հայտնվում է կարմիր նշան, և մասնագետը տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին: Հանձնաժողովի նախագահը նման դեպքում քվեարկության սենյակ է հրավիրում ոստիկանության ծառայողներին, որոնք ձեռնարկում են օրենքով սահմանված միջոցներ:
Հարկ է նշել, որ, անատոմիական առանձնահատկություններից ելնելով, մատնահետքը ստանալու անհնարինության դեպքում մատնահետքի ներմուծման քայլը բաց է թողնվում, և կիրառվում են անձը հաստատող փաստաթղթի հիման վրա գրանցման վերաբերյալ նորմերը:
Ընտրողների գրանցումն առանց տեխնիկական սարքավորման կիրառման իրականացվում է զորամասում հաշվառված ընտրողների ցուցակով քվեարկության, քրեակատարողական հիմնարկում քվեարկության, շրջիկ արկղով քվեարկության, քվեարկության օրը կազմվող՝ ընտրողների լրացուցիչ ցուցակով քվեարկության դեպքերում և տեխնիկական սարքավորման խափանման կամ չլինելու պարագայում:
Այն դեպքերում, երբ հնարավոր չէ իրականացնել տեխնիկական սարքավորման միջոցով գրանցում հանձնաժողովի համապատասխան անդամն ստուգում է ընտրողի ինքնությունը, ընտրողների ցուցակում գտնում է ընտրողի տվյալները (քվեարկության օրը կազմվող՝ ընտրողների լրացուցիչ ցուցակով քվեարկելու դեպքում լրացնում է ընտրողի անունը, հայրանունը, ազգանունը), լրացնում ընտրողի անձը հաստատող փաստաթղթի համարը, որից հետո ընտրողն ստորագրում է իր անվան դիմաց, հանձնաժողովի անդամը դնում է իր անհատական կնիքը ստորագրության դիմաց:
• Ընտրողների ստորագրված ցուցակները արդյունավետ ստուգելը լիարժեք հասանելի դարձնելու համար ներդնել հետևյալ մեխանիզմը` գործող Ընտրական օրենսգիրքը ցուցակների լիարժեք ստուգումը իիրականացնելու համար նախատեսում է այն ընթացակարգը, որ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տեխնիկական սարքավորման միջոցով տպում է տեղեկանք, որում, առանց ընտրական տեղամասի համարը նշելու, նշվում է տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների հերթական համարը համապատասխան ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, ընդ որում տեղեկանքի մեկական օրինակ ըստ պահանջի տրամադրվում է ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության մեկական վստահված անձի:
Բացի դրանից` տեղեկանքի մեկ օրինակը սոսնձվում է առանձին թղթի վրա, որից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց հնարավորություն է ընձեռվում լուսանկարելու այն: Առաջարկվող կարգավորումը վերոգրյալ մեխանիզմի հետ մեկտեղ ամրագրում է այն դրույթը, որ տեղեկանքը պետք է պարունակի հատուկ նշում այն ընտրողների վերաբերյալ, որոնց գրանցումը իրականացվել է անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:
Բացի դրանից` Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն կամ ընտրություններին մասնակցող կուսակցության մեկ վստահված անձը քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00-ն, կամ քվեարկությունից հետո երկրորդ օրը` ժամը 9.00-ից մինչև ժամը 11.00-ն, կարող է տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնել դիմում տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար: Դիմումի հետ պետք է ներկայացվի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանած պահանջներին բավարարող էլեկտրոնային կրիչ:
Տարածքային ընտրական հանձնաժողովը մինչև քվեարկությունից հետո երկրորդ օրը` ժամը 12.00-ն, վերադարձնում է կրիչը, որի վրա զետեղվում են դիմումում նշված ընտրական տեղամասերում տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների հերթական համարները համապատասխան ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում: Տեղեկատվությունը պետք է պարունակի հատուկ նշում այն ընտրողների վերաբերյալ, որոնց գրանցումն իրականացվել է անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:
• Թեև Ընտրական օրենսգրքով ամրագրված է, որ դիտորդների համար իրականացվող ստուգարքի նպատակը ընտրական օրենսդրության վերաբերյալ միայն տարրական գիտելիքների և դիտորդի իրավունքների և պարտականությունների իմացության ստուգումն է, սակայն, հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների կողմից բարձրաձայնվող մտահոգությունները, նախագծով առաջարկվում է հանել դիտորդի համար սահմանված ստուգարքի պահանջները:
•Գործող Ընտրական օրենսգրքում, ի տարբերություն նախորդ ընտրական օրենսգրքի, էականորոն վերնայվել են բողոքարկման հետ կապված ընթացակարգերը և երկարացվել են բողոքարկման ժամկետներ: Սակայն, հաշվի առնելով ընտրական գործընթացում բողոքարկման կարևորությունը, առաջարկվում է կրկին անդրադառնալ բողոքարկման ժամկետներին և ավելի երկարաձգել դրանք:
Վարչապետը կարծիք հայտնեց, որ այդ փոփոխությունները հնարավոր է չհասցնեն իրականացնել մինչև սեպտեմբերի 1-ը, քանի որ միջազգային դոնոր կազմակերպությունները պետք է ֆինանսավորում իրականացնեն:
Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշեց, որ ԸՕ շուրջ կոնսենսուսը իսկապես բացառիկ պայմանավորվածության արդյունքում եղավ, կառավարությունը ընդառաջ գնաց ընդդիմության և քաղաքացիական հասարակության առաջարկներին, արդյունքում` կազմվեց լուրջ փաստաթուղթ:
ԸՕ փոփոխությունները պահանջում են լուրջ ֆինանսավորում և լուրջ նախապատրաստական աշխատանքներ: Վիգեն Սարգսյանի խոսքով՝ ներկայումս աշխատանքներ են ընթանում պոտենցիալ դոնոր կազմակերպություններ գտնելու ուղղությամբ, և դա հնարավոր կլինի իրականացնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրով, խոսքը մոտ 17 մլն դոլարի մասին է:
«Այդ գումարը հնարավոր կլինի ֆինանսավորել դոնոր կազմակերպությունների միջոցով, և անգամ դրանից հետո մեծ ջանքեր են պահանջվելու` դրանք իրականացնելու համար: Դա իսկապես մեծ բեռ է պետության համար»,- ասաց նա:
Վարչապետը կրկին բարձրաձայնեց իր մտահոգությունների մասին, որ հնարավոր է մինչև սեպտեմբերի 1-ը հնարավոր չլինի իրականացնել այդ աշխատանքները, ուստի պետք է սպասել արդարադատության նախարարի ու կառավարության աշխատակազմի ղեկավարի վերադարձին, ովքեր մեկնել են քննարկումների, որից հետո փորձել հստակեցնել այդ հարցը: