Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Աղոթքը մի ճանապարհ է, որով մենք կարողանում ենք հաղորդակցվել մեր ննջեցյալների հետ՝ ըստ Yerkir.am-ի ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հանգուցյալների հիշատակության օրվա՝ Մեռելոցի, պատարագից հետո, որը մատուցում էր Ամենայն Հայոց Գարեգին Բ․ կաթողիկոսը։
«Թող Աստված հանգստություն տա բոլոր ննջեցյալների հոգիներին։ Այս արարողությունների ընթացքում մենք նորոգվում ենք, հաղորդում ենք մեր ննջեցյալների հետ, անդրադառնում ենք նաեւ մեր ապագային. սա մի ճանապարհ է, որը յուրաքանչյուր մահկանացու անցնելու է»,- ասաց Արշակ Սրբազանը։
Անդրադառնալով երեկ մատուցված պատարագին վարչապետի ու պետական մյուս այրերի բացակայությանը, Արշակ սրբազանն ասաց, որ, այսօրվա իրավիճակով պայմանավորված, հրավերներ եւ շնորհավորանքներ չեն ուղարկել և, հետեւաբար, նման սպասում էլ չկար, որ երկրի բարձրաստիճան ղեկավարությունը պետք է մասնակցի։
«Իրենց որոշումն է եղել, մենք եկեղեցու մուտքը որեւէ մեկի առջեւ չենք փակում, քանի դեռ նա եկեղեցու հետ հաղորդակցությունից զրկված չէ։ Կարծում եմ, որ բացատրությունները պետք է փնտրել իրենց պատասխաններում»,-ասաց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Խոսելով Վեհափառի՝ Փաշինյանին ուղղված հորդորի մասին, որ հրաժարական տա, ինչպես Սիսանում հոգեւորականի՝ վարչապետի ձեռքը չսեղմելուն, նա ասաց, որ ինքն էլ է պահանջում վարչապետի հրաժարականը։
«Դա չպետք է դիտարկել անձի նկատմամբ վերաբերմունքի արտահայտություն, պետք է դիտարկել Հայաստանում ստեղծված վերջին ճգնաժամային իրավիճակի մեջ, եւ թիվ մեկ պատասխանատուի ունեցած թերությունների անկարողության հետեւանք։ Մեր պատմության ողջ ընթացքում եկեղեցին արտաքսել եւ եկեղեցուց դուրս է դրել այնպիսի անձերի, որոնք շատ ավելի նվազ վնաս են հասցրել երկրին, ժողովրդին, քան այս իրավիճակում այն անձը, որը կրում էր թիվ մեկ պատասխանատվությունն այս գործընթացներին։ Չափազանց անհասկանալի կլիներ հանրային տեսանկյունից, եթե եկեղեցին որպես դիտորդ մնար այս իրավիճակում։ Իսկ ինչ վերաբերում է մեր համոզումներին՝ ուղղակի հնարավոր չէր չարձագանքել այդ երեւույթին»,-ասաց նա։
Վերջին շրջանում եկեղեցու դեմ արշավանքների մասին Արշակ սրբազանն ասաց, որ այդպիսի երեւույթներ նկատվել են։
«Երբեմն հակում կար դա բացատրելու հետհեղափոխական էյֆորիայի պրոցեսներով, հակում կար իշխանության որոշ ներկայացուցիչների մոտ դրսեւորված՝ եկեղեցու նկատմամբ, մեղմ ասած, ոչ բարյացակամ վերաբերմունքով, երբեմն դա փորձում էին ներկայացնել որպես մասնավոր եկեղեցականների դեմ ուղղորդված քայլեր։ Դժվարանում եմ ամբողջական բացատրություն գտնել այդ քայլերին, բայց որ այդպիսի երեւույթներ նկատվեցին, կարծում եմ՝ անզեն աչքով էլ նկատելի էին»,-ասաց նա։
Արդյո՞ք Սուրեն Պապիկյանն է ուղղորդում եկեղեցու դեմ շարժումը՝ սրբազանը դժվարացավ հաստատել կամ հերքել։
«Միայն կարող եմ ասել, որ որոշ պետական պաշտոնյաներ իրենց մասնավոր էջերում տարածում էին թե՛ եկեղեցու, թե՛ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ ինչ-որ ակտեր իրականացնելու վերաբերյալ քարոզչություն»,-ասաց Արշակ սրբազանը։
Լրագրողներից մեկը նկատեց, որ եկեղեցին դժվարին ժամանակներում պետության կողքին է եղել և հետաքրքրվեց՝ արդյո՞ք հիմա էլ պատրաստ է դա անել։ Արշակ սրբազանը վստահ է, որ պետության ներկայացուցիչներն, անգամ պետականության գոյության պայմաններում, պետք է փորձեն եկեղեցու հետ ինստիտուցիոնալ լուծումներ գտնել։
«Եթե մենք խոսում ենք պետության գործառույթները ստանձնելու՝ եկեղեցու հանձնառության մասին, ապա եկեղեցին նման հանձնառություն չի կարող իրականացնել, որովհետեւ ունենք պետություն։ Այլ խնդիր է, որ, ընդհանրական առումով, պետական մեր այրերը, պետության ներկայացուցիչները անգամ պետականության գոյության պայմաններում պետք է փորձեն եկեղեցու հետ ինստիտուցիոնալ լուծումներ գտնել, որպեսզի ցանկացած նման ճգնաժամային իրավիճակներում եկեղեցին կարողանա փոխարինել պետությանը, պետական գործառույթներ ստանձնել»,-ասաց նա։
Ազգապահպանական գործառույթը միայն պետությանը չէ վերապահված, պետությունը չէ միակ երաշխավորը ժողովրդի կենսունակության ու հարատեւության ապահովման համար՝ նշեց Արշակ սրբազանը։ Նա համոզված է, որ պետության ու եկեղեցու միջեւ պետք է ձեւավորել ոչ թե այնպիսի մթնոլորտ, որը տպավորություն ձեւավորի, որ մրցակցային է, այլ այդ հարաբերությունները պետք է հենվեն գործակցային տրամաբանության վրա։
Մանրամասն՝ տեսանյութում․