«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռևս օգոստոսի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր 4 համալսարանների հոգաբարձուների խորհուրդների կազմերը: Վարչապետի որոշումներով՝ հաստատվել էին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհուրդների կազմերը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը որոշել է, որ հոգաբարձուների խորհրդում այլևս չպետք է լինեն պատգամավորներ:
Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ Արայիկ Հարությունյանն այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նշել, որ ինքը ցանկանում է համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամությունից դուրս թողնել պատգամավորներին: Ու, կարծես թե, վարչապետը համաձայնել է, որ այլևս օրենսդիր մարմնի ներկայացուցիչները չպետք է լինեն խորհուրդներում, ու իմքայլական պատգամավորներից շատերը անակնկալ տեղեկացել են, որ իրենք այլևս հոգաբարձուների խորհրդում չկան:
Ի դեպ, նշվում է, որ գործարար հատվածը ևս դուրս է մնացել հոգաբարձուների խորհրդից, որի մեջ է մտնում նաև «Վիվա-ՄՏՍ» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը»,-գրում է թերթը։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: