կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-04 13:34
Հասարակություն

«Բարեփոխումներ» Ադրբեջանում՝ ընտանեկան միապետության ամրապնդման հեռանկարով

«Բարեփոխումներ» Ադրբեջանում՝ ընտանեկան միապետության ամրապնդման հեռանկարով

Հանրագիտարանային ճշմարտություն է, որ միապետությունը (լատին. monarchia) պետական կառավարման այն ձևն է, որի դեպքում գերագույն իշխանությունը մասամբ կամ լիովին պատկանում է մեկ անձի՝ միապետին, ով ցմահ կամ մինչև գահից հրաժարականը զբաղեցնում է պետության գլխի պաշտոնը՝ կրելով համապատասխան տիտղոս (արքա, ցար, կայսր, արևելքում՝ սուլթան, խան, Հին Եգիպտոսում՝ փարավոն և այլն)։ Որպես կանոն, միապետությունները ժառանգական են։ Դրանցում մարդիկ պաշտոնների են նշանակվում ոչ թե ըստ իրենց անձնական հատկանիշների, այլ ըստ պետության առաջնորդի հետ ունեցած ազգակցական կապերի։ Ինչ խոսք, գոյություն ունեն նաև միապետություններ, որոնց դեպքում իշխանությունը մասամբ պատկանում է միապետին, բայց փաստացի խորհրդարանի ձեռքում է (Մեծ Բրիտանիա, Բելգիա, Դանիա, Նիդեռլանդներ, Իսպանիա և այլն)։

Որպես պետություն՝ Ադրբեջանը, անշուշտ, չի դասվում վերը նշված պետական համակարգերից և ոչ մեկի շարքին։ Համաձայն 1995 թ. նոյեմբերի 12-ին ընդունված առաջին Սահմանադրության՝ այն հանրապետություն է` նախագահին վերապահված լայն լիազորություններով։ Երկրի բարձրագույն օրենսդիր ու գործադիր իշխանությունները ձևավորվում են համապետական ընտրություններով, իսկ պետության կառավարումը հիմնված է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա։

Հիմնական օրենքի հետագա փոփոխությունները և լրացումները, չեն անդրադարձել նշված սահմանադրական հիմնադրույթներին, այլ կերպ ասած՝ պահպանվել է նախագահական կառավարմամբ գործող հանրապետության կարգավիճակը։ Մյուս կողմից, թեկուզ այդ փոփոխություններն ու լրացումները բավական նախադրյալներ են պարունակում միապետական կարգերին հատուկ ժառանգաբար փոխանցվելու հնարավորության համար, բայց և այնպես այդ ամենը ներկայացվում է ժողովրդավարության քողածածկույթի ներքո։

Տակավին Հեյդար Ալիևի նախագահության օրոք Սահմանադրության առաջին փոփոխությունների համատեքստում (24 օգոստոսի 2002 թ.), որը ներառում էր երկրի նախագահի կողմից առաջարկված 39 լրացում 23 հոդվածում, ամրագրվել է, որ հանրապետության նախագահի լիազորությունները իր կողմից վաղաժամկետ վայր դնելու դեպքում փոխանցվում են վարչապետին, այլ ոչ թե, ինչպես մինչ այդ ամրագրված էր, խորհրդարանի նախագահին։ Հիշենք, որ դա այն ժամանակ էր, երբ Ադրբեջանի գործող նախագահն առողջական ծայրաստիճան լուրջ խնդիրներ ուներ և որոշել էր իշխանության սանձերը հանձնել որդուն՝ Իլհամին։ Ի դեպ, նախքան այդ Իլհամ Ալիևը, ով Մոսկվայում հոր պաշտոնանկությունից հետո հեռացել կամ հեռացվել էր Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում դասախոսական աշխատանքից, հիմնականում զբաղված էր մասնավոր բիզնեսով, այսպես ասած, չարչիական գործունեությամբ և Մոսկվա-Ստամբուլ ու հակառակ ուղղությամբ օդային երթուղու մշտական ուղևորներից էր, իսկ, ըստ Ադրբեջանի պաշտոնական լրատվության, 1991 թվականից գլխավորելով «Օրիենտ» ֆիրման, որն իր գործունեությամբ կապված էր Թուրքիայի հետ, հաջորդ տարվանից բնակություն էր հաստատել Ստամբուլում։

Մինչդեռ ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն՝ Ստամբուլում նա խաղատների մշտական հաճախորդն էր և քամուն էր տալիս հոր կուտակած փողերը, քանիցս ընկել է աղմկահարույց պատմությունների մեջ, իսկ մի անգամ էլ, ասում են, Հեյդար Ալիևի խնդրանքով միջամտել ու պատանդի ծայրաստիճան նվաստացուցիչ վիճակից նրան հանել, փրկել է այն ժամանակ Ստամբուլի քաղաքապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ անձամբ վճարելով Իլհամի` 6 միլիոն դոլարի հասնող խաղատանը պարտքը։ Այդ միջադեպից հետո է, որ նախագահ Ալիևը խաղամոլ որդուն 1994 թ. հարկադրաբար վերադարձրել է Բաքու և, այսպես ասած, մի «թեթև» գործի դրել։ Նախ նրան նշանակել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահի տեղակալ, հետագայում՝ 1-ին տեղակալ, ապա՝ խորհրդարանի պատգամավոր, հանրապետության ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության նախագահի տեղակալ, այնուհետև՝ 1-ին տեղակալ, Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատվիրակության ղեկավար Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում և այլն, միով բանիվ՝ մինուճար որդու համար ստեղծելով բոլոր նպաստավոր պայմանները հարկ եղած դեպքում, հնարավոր X ժամին իրեն արժանավայել փոխարինելու համար։

Ըստ երևույթին, կյանքի մայրամուտն ապրող Ադրբեջանի զառամյալ ղեկավարը, ոչ առանց իր մերձավոր շրջապատի, առանձնապես իր իսկ գլխավորած նախիջևանյան կլանի խորհրդատվության, արդեն իսկ մարգարեաբար կանխատեսում էր այդ վճռորոշ X ժամը, ինչը իրականում երկար սպասեցնել չտվեց։

Սահմանադրական առաջին փոփոխություններից մեկ տարի էլ չէր անցել, երբ ծանր հիվանդ Հեյդար Ալիևը 2003 թ. հունիսի 8-ից հերթական անգամ բուժումներ էր անցնում նախ Անկարայում՝ Թուրքիայի ռազմաբժշկական ակադեմիայի «Գյուլխանե» հիվանդանոցում, իսկ մեկ ամիս անց՝ օգոստոսի 7-ից, Միացյալ Նահանգների Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքի հոսպիտալում, ուր նա փոխադրվել էր, թող տարօրինակ չթվա, եթե ասեմ՝ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից հատուկ հատկացված ինքնաթիռով։ Կյանքի վերջին տարիներին Հեյդար Ալիևը քանիցս բուժվել էր ամերիկյան այդ հիվանդանոցում, որտեղ երեք վիրահատություն էր տարել, այդ թվում՝ աորտապսակային զուգահեռման վիրահատություն: Այդ ընթացքում ադրբեջանական խորհրդարանի հապշտապ ընդունած որոշումներով վարչապետ Արթուր Ռասիզադեն միանգամայն անսպասելի, իր դիմումի համաձայն, ազատվում է զբաղեցրած պաշտոնից, և կառավարության ղեկավար է կարգվում Իլհամ Ալիևը։

Միևնույն ժամանակ Ադրբեջանում և նրա սահմաններից դուրս համառորեն լուրեր էին շրջանառվում, որ Հեյդար Ալիևը վաղուց մահացել է, ընդ որում՝ ոչ թե ամերիկյան Քլիվլենդում, այլ ավելի շուտ՝ թուրքական «Գյուլխանե»-ում (հիշենք Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեի հապշտապ հղած ցավակցական հեռագիրը), և Միացյալ Նահանգներ էր փոխադրվել ոչ թե Ադրբեջանի հիվանդ նախագահը, այլ նրա անշնչացած մարմինը՝ Բաքվում կիսատ մնացած որոշ կազմակերպչական հարցերի լուծման համար ժամանակ շահելու նպատակով։ Իսկ նպատակը երկրի նախագահի լիազորությունները, համաձայն փոփոխված սահմանադրական նորմի, դեռ նոր-նոր վարչապետ կարգված նրա որդուն՝ Իլհամ Ալիևին, «ժամանակավորապես» հանձնելն էր։ Իբր թե տակավին «Գյուլխանե»-ում գտնվելու օրերին ավագ Ալիևն իր ստորագրությամբ հաստատել էր խորհրդարանի որոշումը կրտսեր Ալիևին վարչապետ նշանակելու մասին, իսկ Քլիվլենդ տեղափոխվելուց հետո պաշտոնապես ինքնաբացարկ էր հայտնել առաջիկա նախագահական ընտրություններում որպես նախագահի թեկնածու մասնակցությունից՝ հօգուտ իր հետ միաժամանակ նախագահի թեկնածու առաջադրված Իլհամ որդու։ Քլիվլենդում ամերիկացի բժիշկները տակավին «շարունակում էին» Ադրբեջանի հիվանդ նախագահի «ինտենսիվ բուժումները», իսկ նրա հայրենի երկրում արդեն իսկ թափ էր առել նախագահական ընտրությունների քարոզարշավը։ Ի վերջո 2003թ. հոկտեմբերի 15-ին անցկացվեցին նախագահական ընտրությունները, և, չնայած միջազգային դիտորդական առաքելությունների ահազանգերին առ այն, որ դրանց ընթացքում արձանագրվել են բազմաթիվ կոպիտ խախտումներ, իսկ քաղաքական ընդդիմությունը, չճանաչելով հրապարակված արդյունքները, հաջորդ օրը բազմահազար բողոքավորներով հեղեղեց Բաքվի կենտրոնական փողոցներն ու հրապարակները, համաձայն նախասահմանված խաղի կանոնների, Ադրբեջանի ԿԸՀ-ն հայտարարեց, որ ընտրություններում 79,46 տոկոսով հաղթել է նախագահի թեկնածու Իլհամ Ալիևը։

Իհարկե, միջազգային դիտորդական առաքելությունները, ինչպես սովորաբար լինում է, բավարարվեցին արձանագրված խախտումների վերաբերյալ միանգամյա ահազանգման նախադեպով՝ կամա թե ակամա ընդունելով, որ դրանք էականորեն չեն ազդել քվեարկության արդյունքների վրա: Բողոքի ելած ադրբեջանական ընդդիմությունը, բառիս բուն իմաստով, դաժանորեն ջախջախվեց ներքին զորքերի գնդի և մյուս ուժային կառույցների կողմից, ինչը հանգեցրեց ցուցարարների շրջանում մեծ թվով վիրավորների ու զոհերի։ Ի դեպ, բողոքավոր ընդդիմության հետ այդ արյունալի ընդհարումները գործող իշխանություններն արձանագրեցին որպես օրինական իշխանության տապալման առաջին փորձ Իլհամ Ալիևի նախագահական կառավարման օրոք։ Հետագայում դարձյալ հեղաշրջման նման փորձեր արձանագրվեցին, որոնք, սակայն, կապված էին ոչ միայն հոգեվարք ապրող ավանդական ընդդիմության քաղաքական գործունեության, այլև հետզհետե սրվող ներիշխանական և միջկլանային պայքարի հետ, որ առ այսօր մղվում է ընդհանուր կերատաշտակից առավել արտոնյալ պայմաններով օգտվելու համար։ Մասնավորապես նշվում են 2005 թ. հոկտեմբերյան դեպքերը, երբ պաշտոնապես հայտարարվեց պետական հեղաշրջման փորձի մասին, որի մեջ մեղադրվեց և ձերբակալվելով տարբեր ժամկետներով ազատազրկման դատապարտվեց 12 մարդ:

Դրանց թվում` տնտեսական զարգացման նախարար Ֆարհադ Ալիևը, ֆինանսների նախարար Ֆիքրեթ Յուսիֆովը, առողջապահության նախարար, «Նոր Ադրբեջան» կուսակցության իրական հիմնադիր, «երազների» (երևանցի, հայաստանցի ադրբեջանցիների) պարագլուխ Ալի Ինսանովը, «Ադրքիմիա» պետական կոնցեռնի նախագահ Ֆիքրեթ Սադիխովը, Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Էլդար Սալաևը և ուրիշներ։ Իրականում առավելապես այդ և հետագա «բացահայտումները» միևնույն կերատաշտակի մոտ խմբված քաղաքական ընտրանու շարքերի զտման ու նոսրացման փորձեր էին՝ պայմանավորված ազդեցության ոլորտների և, ըստ այդմ, ֆինանսատնտեսական աղբյուրների վերաբաշխման անհրաժեշտությամբ, ինչը և հաստատվեց հետագա բոլոր տարիներին՝ իշխանական վերնախավում իրականացված կադրային փոփոխությունների ու նոր ձերբակալությունների համապատկերում։

Սակայն, առաջ չընկնելով այդ և այլ իրադարձությունների հետագա զարգացումներից, արձանագրենք, որ Ադրբեջանի նորընտիր նահագահի առաջին իսկ հրամանագրերից մեկով Արթուր Ռասիզադեն իսկույն ևեթ վերականգնվեց կառավարության ղեկավարի ժամանակավորապես լքած պաշտոնում, իսկ դեկտեմբերի 12-ին գուժվեց Քլիվլենդի հիվանդանոցում Հեյդար Ալիևի մահվան մասին։ Ադրբեջանում ժառանգականության սկզբունքով բարձրագույն իշխանության անցնցում փոխանցումը հորից որդուն, փաստորեն, իրականացվել էր, և, համաձայն խաղի կանոնների, նախագահական ընտրություններում Իլհամ Ալիևի հաղթանակն ազդարարող ծնծղաներից հետո կարելի էր հնչեցնել նաև ընտանեկան ու համազգային սգո մեղեդին։ Երեք օր անց Ադրբեջանի նախկին նախագահի՝ Միացյալ Նահանգներից փոխադրված դին հանդիսավորապես հուղարկավորվեց Բաքվի պատվավոր հուղարկավորումների ծառուղիում։

Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների երկրորդ փուլը, դարձյալ միանձնյա իշխանության պահպանման հեռանկարով, տեղի ունեցավ 2009 թ. մարտի 18-ին։ Թեև հանրաքվեի էր դրված հիմնական օրենքի 29 հոդվածի փոփոխություն, սակայն դրանցից առանցքայինը 101-րդ հոդվածի 5-րդ կետն էր։ Այն վերաբերում էր հանրապետության նախագահի ընտրության սահմանադրական հիմունքին, համաձայն որի` «Ոչ ոք իրավունք չունի Ադրբեջանի Հանրապետության նախագահ ընտրվելու ոչ ավելի, քան երկու ժամկետով»։ Մինչդեռ առաջարկված և ընդունված տարբերակը հնչում է հետևյալ կերպ. «Եթե պատերազմի պայմաններում ռազմական գործողությունների անցկացումը թույլ չի տալիս ընտրել Ադրբեջանի Հանրապետության նախագահ, ապա Ադրբեջանի Հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև ռազմական գործողությունների ավարտը։ Այդ մասին որոշումն ընդունվում է Ադրբեջանի Սահմանադրական դատարանի կողմից՝ այն պետական մարմնի դիմումի հիման վրա, որն ապահովում է ընտրությունների (հանրաքվեի) անցկացումը»։

Դժվար չէ կռահել, որ խոսքը վերաբերում էր նույն պաշտոնում միևնույն անձի, տվյալ պարագայում՝ գործող նախագահ Իլհամ Ալիևի լիազորությունների երկարաձգման և հաջորդաբար՝ երրորդ և ավելի անգամ ընտրվելու սահմանադրական սահմանափակումը վերացնելու խնդրին, ինչից նա հետագայում հաջողությամբ օգտվեց 2013 և 2018 թվականներին կայացած համապատասխանաբար հերթական և արտահերթ ընտրություններում։ Պարզապես խնդրի լուծումը սահմանադրականից սահուն կերպով փոխադրվեց, այսպես ասած, «տեխնիկական» հարթություն։ Նախ` Ադրբեջանն այն ժամանակ և առ այսօր իրեն համարում է պատերազմի մեջ հարևան Հայաստանի Հանրապետության հետ՝ Լեռնային Ղարաբաղի «բռնազավթված» տարածքն ազատագրելու անհրաժեշտությամբ, իսկ ռազմական գործողությունները, չնայած 1994 թ. մայիսյան անժամկետ հրադադարին, գրեթե անընդհատ կրկնվում են այս կամ այն տեսքով ու ծավալով, բնականաբար, բացառապես ադրբեջանական զորքերի նախաձեռնությամբ։ Ի դեպ, ի շարս այլ քաղաքական ու ռազմական դրդապատճառների, որոնք առանձին վերլուծության նյութ են, այդ խնդրին էր հետամուտ նաև 2016 թ. ապրիլյան պատերազմը, որ Բաքուն սանձազերծեց ադրբեջանա-արցախյան հակադիր զորքերի շփման գծի ողջ երկայնքով։ Մյուս կողմից՝ Ալիևի համար ամենևին խնդրահարույց չէր ստանալ ընտրությունները (հանրաքվեն) ապահովող «գրպանային» պետական մարմնի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան դիմումը «գրպանային» կարգավիճակի տեր մեկ այլ պետական մարմնին՝ Սահմանադրական դատարանին, և վերջինիս դրական եզրակացությունը։

Անշուշտ, իրատեսական էր ի սկզբանե լայնորեն տարածված այն կարծիքը, թե այդ հանրաքվեն կոչված էր հասկացնելու ինչպես քաղաքական ընդդիմությանը, նույնպես և իշխող ընտրանու իրար հետ մրցակցող կլանային խմբավորումներին, որ մոտ ապագայում Ադրբեջանում իշխանափոխություն տեղի չի ունենա։ Ընդդիմությունն Ալիևին մեղադրում էր, որ նա Ադրբեջանը վերածել է միապետության, իսկ Եվրոպական հանձնաժողովը հանրաքվեն գնահատում էր որպես «լուրջ հետքայլ ժողովրդավարության զարգացման գործում»։ Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացության մեջ Ադրբեջանն անվանում էր «մի երկիր, որտեղ նախագահն իր ձեռքում լայնածավալ իշխանություն է կենտրոնացրել»։

Ադրբեջանում մենիշխանության կամ նոր միապետականության հաստատման միտումն առավել պարզորոշ ընդգծվեց հատկապես 2016 թ. սեպտեմբերի 26-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ, որն անցկացվեց Իլհամ Ալիևի նախագահության երրորդ ժամկետում։ Եվ եթե նախորդ հանրաքվեի սահմանադրական փոփոխություններն առաջարկվել էին իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության նախաձեռնությամբ, ապա այս անգամ նախաձեռնողի դերում հանդես եկավ անձամբ պետության ղեկավարը՝ հանրության հավանությանը ներկայացնելով ընդհանուր առմամբ 29 փոփոխություն։ Մասնավորապես քաղաքացիներին առաջարկվեց կողմ քվեարկել, նախագահական լիազորությունների ժամկետը՝ 5-ից 7 տարի դարձնելուն։ Սահմանվեցին 1-ին փոխնախագահի և փոխնախագահի պաշտոնները։ Բացի այդ` առաջարկված փոփոխությունների մեջ կար ևս երկու կետ, որոնք շոշափում էին օրենսդիր և գործադիր իշխանությունների գործունեությունը։ Բանն այն է, որ եթե Հեյդար Ալիևի օրոք՝ 2002 թ. անցկացված սահմանադրական հանրաքվեի արդյունքներով նահագահի լիազորությունները իր վաղաժամկետ հեռանալու դեպքում հանձնվում էին ոչ թե խորհրդարանի նախագահին, այլ վարչապետին, ապա նոր փոփոխության համաձայն դրանք անցնելու էին 1-ին փոխնախագահին: Միևնույն ժամանակ գործող նախագահն օժտվելու էր խորհրդարանը լուծարելու և պետության ղեկավարի արտահերթ ընտրություններ նշանակելու իրավունքով։ Այն, որ այդ փոփոխությունները նույնպես հեռագնա նպատակների էին հետամուտ միանձնյա իշխանության ամրապնդման, եւ փոխանցման ժառանգականության սկզբունքի արմատավորման ուղղությամբ, այլևս ոչ մի կասկած չէր հարուցում ներքին և արտաքին վերլուծական կենտրոններում։

Նշենք, որ այդ հանրաքվեն նույնպես արժանացավ խիստ քննադատության ինչպես միջազգային հանրության, այնպես էլ քաղաքական ընդդիմության կողմից։ Եվրոպայի խորհուրդը, օրինակ, այն բնութագրեց որպես «հարված երկրի ժողովրդավարական զարգացմանը»։ Եվրոպական հեղինակավոր կառույցի կողմից իրադրության նման բնորոշումն ինքնին որոշակի տարակուսանքի տեղիք է տալիս, քանզի միանգամայն անհասկանալի էր, թե ադրբեջանական քաղաքական առօրյայում մինչ այդ առանձնապես ինչ զարգացումներում էր հատկանշվում ու դրսևորվում այդ եվրոպական արժեքը՝ ժողովրդավարությունը։ Այս առումով, կարծում եմ, առավել իրատեսական է ՌԴ ԳԱԱ հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատակից, պատմաբան Վադիմ Մուխանովի այն գնահատականը, որ Ադրբեջանում ձևավորվող քաղաքական համակարգը ոչ այլ ինչ է, քան «նոր միապետականություն» կամ, «նեոմոնարխիզմ»։ Նույն տեսակետին էր նաև ադրբեջանական ընդդիմությունը՝ համարելով, որ Իլհամ Ալիևը նախապատրաստվում է իշխանության փոխանցմանը ժառանգականության ապահովման սկզբունքով՝ ոչ հեռու ապագայում պետության ղեկը որդուն՝ կրտսեր Հեյդարին հանձնելու նպատակով` այդ շղթայում որպես միջանկյալ անցումային օղակ դիտարկելով իր տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի կողմից երկրի կառավարման տարբերակը։

Ինչո՞վ էր պայմանավորված այդ շտապողականությունը, մանավանդ որ գործող նախագահը (այն ժամանակ հազիվ 55 տարեկան էր) արտաքուստ կարծես թե բավական կենսունակ էր։ Ադրբեջանցի ընդդիմադիր վերլուծաբանները խնդիրը պայմանավորում էին տարբեր դրդապատճառներով։ Նախ և առաջ նշվում էր նախագահի առողջական վիճակը։ Գաղտնիք չէ, որ Իլհամ Ալիևը դեռ մանկուց տառապում է հոգեկան խանգարմամբ կամ, մասնագիտական ախտորոշմամբ, երկբևեռ խանգարմամբ, ինչը, չնայած խորհրդային, ապա և արտասահմանյան հեղինակավոր մասնագետների կողմից իրականացված պարբերական բուժումներին, բարելավման առումով առ այսօր էականորեն չի փոփոխվել։ Երկրորդ պատճառն Ադրբեջանի երկու խոշորագույն կլանների՝ Ալիևների և Փաշաևների անզիջում մրցակցությունն է և վերջինիս գերակշիռ ազդեցությունը թե՛ անձամբ պետության ղեկավարի վրա՝ շնորհիվ իր տիկին, Փաշաևների գերդաստանի դուստր Մեհրիբան Ալիևայի, և թե՛ այն բանի որ երկրի սոցիալ-տնտեսական ոլորտում արդյունքների վերաբաշխումն ավելի ու ավելի է ծանրանում այդ կլանի նժարի վրա։ Որպես արդյունք` Իլհամ Ալիևի գլխավորած նախիջևանյան կլանը հետզհետե կորցնում է դիրքերը թե՛ տնտեսության մեջ և թե՛ պետության կառավարման լծակների համալիրում։ Երրորդ պատճառը, որ ոչ պակաս կարևոր է, կապված է Ալիևների ընտանիքի անդամների՝ երկրից կողոպտած և արտասահմանում պահվող անհաշիվ հարստության ճակատագրի հետ, որի ապահովությունը գերդաստանը, ըստ երևույթին, տեսնում է իշխանության բացառապես անցնցում ժառանգական փոխանցման մեջ։

Եվ ահա հազիվ մի քանի ամիս անց՝ 2017 թ. փետրվարի 21-ին, Իլհամ Ալիևի հրամանագրով, ինչպես որ կանխատեսվում էր, երկրի առաջին տիկինը՝ Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի գլխավոր տնօրեն, 2005 թվականից Միլլի մեջլիսի պատգամավոր Մեհրիբան Ալիևան, հաստատվեց Ադրբեջանի 1-ին փոխնախագահի պաշտոնում՝ որոշակի էական լիազորություններով` ընդհուպ մինչև կառավարության գործունեության համակարգումն ու վերահսկողությունը։ Այդ նշանակումը, որով Իլհամ Ալիևը վերջնականապես բացեց իր խաղաքարտերը, կարելի է ասել, ռումբի սպասելի պայթյունի ազդեցություն ունեցավ թե՛ Ադրբեջանում և թե՛ նրա սահմաններից դուրս։ Ներկայացնեմ ընդամենը երկու կարծիք։ Այսպես, ՌԴ ԳԱԱ Սևծովյան տարածաշրջանի երկրների սոցիալ-քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմաբան Վլադիմիր Նովիկովի գնահատմամբ, «Այդ նշանակմամբ նա (Իլհամ Ալիևը – Մ. Հ.) կատարեց հերթական քայլը հետագայում իր իշխանությունը դինաստիայի վերածելու ճանապարհին»։ Իսկ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչն Իլհամ Ալիևի կողմից տիկնոջը երկրի 1-ին փոխնախագահի պաշտոնում նշանակումն անվանել է «միապետության հաստատման ուղղությամբ կատարված քայլ»։

Ադրբեջանական հանրության շրջանում շրջանառվող և հատկապես ընդդիմադիր մամուլում, մասնավորապես «freeazerbaijan.info» լրատվական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ խնդիրը մասամբ կապված է Ալիևներ զույգի ընտանեկան մթնոլորտի, ավելի կոնկրետ՝ խանդի հողի վրա տիկնոջ կողմից ամուսնուն առաջադրված փոխզիջումային պահանջների հետ։ Պարզվում է, որ Իլհամ Ալիևն արտամուսնական կապի մեջ էր ադրբեջանական ավիաուղիների «ԱԶԱԼ» ընկերության նախագահ Ջահանգիր Ասկերովի ամուսնացած դստեր՝ Ջամիլայի հետ, և այդ կապից ծնվել է նրանց աղջիկը, որին կնքել են Ամինա անունով։ Ամուսնուն կասկածելով դավաճանության մեջ` Մեհրիբան խանումը Փաշաևների կլանին դասվող, այն ժամանակ ազգային անվտանգության նախարար, գեներալ Էլդար Մահմուդովին և կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովին հանձնարարում է գաղտնի տեսանկարել, ինչպես նաև գաղտնալսել ամուսնու հեռախոսազրույցները։ Առաջին տիկնոջ կասկածները հաստատվում են, և նա կտրուկ պահաջ է դնում ամուսնու առջև՝ որպես բարոյական փոխհատուցում իշխանություն տալ իրեն, ինչը և անհապաղ կատարվում է. Ադրբեջանի առաջին տիկինը, ինչպես նշեցի, ամուսնու հրամանագրով նշանակվում է պետության 1-ին փոխնախագահ։ Իհարկե, բացահայտվում է նաև գաղտնանկարահանման ու գաղտնալսման պարագան, և մեղավոր նախարարներն ու նրանց որոշ ենթականեր աշխատանքից ազատվում ու ձերբակալվում են, բայց դա երևի թե այնքան էլ էական չէ։ Ռուսական առածն ասում է. «Անտառը հատելիս տաշեղները թռչում են»։ Ամուսնու սիրային կապը վերջնականապես դադարեցնելու համար Մեհրիբան խանումն ավագ դստերը՝ Լեյլային, հորդորում է որդեգրել փոքրիկ Ամինային, որը ներկայումս իր մանկությունն է վայելում այդ ընտանիքում՝ պարբերաբար վայելելով նաև հարազատ հոր գուրգուրանքները։

Բայց ընդունենք, որ Ադրբեջանում իշխանության ժառանգական փոխանցման խնդրում ներկայացված կենցաղային դրվագը ոչ ավելին, քան ներպալատական ինտրիգ էր, որպիսիք անհաշիվ են աշխարհի շատ այլ երկրներում։ Մինչդեռ գործընթացի առավել քան վճռորոշ քայլերը տեղի էին ունենում ու շարունակում են տեղի ունենալ քաղաքական մակարդակում։ Արդեն երրորդ տարին է, ինչ արմատական բարեփոխումների անվան տակ համատարած կադրային զտումներ ու փոփոխություններ են կատարվում իշխանության բոլոր ճյուղերում ու մակարդակներում՝ սկսած նախագահի աշխատակազմից մինչև կառավարություն, խորհրդարան, ուժային և իրավապահ կառույցներ, շրջանային գործադիր ու տեղական ինքնակառավարման մարմիններ և այլն։ Հատկանշականն այն է, որ խորհրդային իրականությունից բոլորիս քաջածանոթ «Կադրերն են որոշում ամեն ինչ» կարգախոսի ներքո տեղի ունեցող կադրային ներուժի թարմացման ու երիտասարդացման քաղաքականության այդ հորձանուտում կառավարման ասպարեզից հեռացվում են հիմնականում Իլհամ Ալիևի գլխավորած կլանի ներկայացուցիչները՝ ծագումով նախիջևանցիներ, իսկ ահա ազատված պաշտոնների են նշանակվում Մեհրիբան Ալիևայի գլխավորած Փաշաևների կլանի անդամները՝ գրեթե բացառապես բաքվեցիներ և ապշերոնցիներ։ Ասում են՝ Ադրբեջանի 1-ին փոխնախագահը սովորաբար արգահատանքով է արտահայտվում առաջինների մասին՝ համարելով նրանց «խավարամիտ գավառացիներ», և կտրականապես մերժում է նրանց որևէ նշանակալի առաջխաղացում իշխանության հիերարխիայում։ Ասում են նաև, որ ոչ հեռու անցյալում կադրերին խմբավորում ու տարբեր պաշտոնների համար երաշխավորում էր Հեյդար Ալիևի ժամանակներից ի վեր Ադրբեջանում «գորշ կարդինալի» դեր ստանձնած Ռամիզ Մեհթիևը՝ նախագահի աշխատակազմի արդեն նախկին ղեկավարը և Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի նորանշանակ նախագահը, ով օժտված էր նույնիսկ կառավարության անդամների նշանակման, Միլլի մեջլիսի պատգամավորական կազմի և խորհրդարանական կառույցների ղեկավար մարմինների ձևավորման բացառիկ իրավունքով, իհարկե, յուրաքանչյուր դեպքում պահանջելով համապատասխան փոխադարձ վերաբերմունք՝ առաջարկվող պաշտոնին ու կարգավիճակին համարժեք կաշառքի տեսքով։ Ներկայումս կադրերի առաջադրման և ըստ պաշտոնների նրանց տեղաբաշխման գործընթացը համակարգում է հանրապետության 1-ին տիկինն ու 1-ին փոխնախագահը։ Ընդ որում, Մեհրիբան Ալիևան ինքն է կանխապես որոշել այս տարվա փետրվարի 9-ի արտահերթ ընտրություններում ձևավորված Միլլի մեջլիսի պատգամավորական կազմն ու ղեկավար մարմինները, մինչև իսկ խորհրդարանի նախագահի պաշտոնում պատգամավոր Սահիբա Գաֆարովայի ընտրությունը։ Նույն կերպ նրա անձնական երաշխավորությամբ է նշանակվել Ադրբեջանի մարդու իրավունքների նորանշանակ պաշտպան Սաբինա Ալիևան։

Կարելի է, իհարկե, թվարկումները շարունակել։ Բայց երևի թե էականն այդ չէ, այլ այն, որ Ադրբեջանում իշխանության եթե ոչ բոլոր, ապա գրեթե բոլոր լծակները հայտնվել են դարձյալ մեկ անհատի, այս անգամ ոչ թե խամաճիկի դերում հայտնված պետության գործող նախագահի, այլ 1-ին փոխնախագահի ձեռքում, ինչը որոշ վերլուծաբանների հիմք է տալիս դատելու, որ հեռու չէ այն օրը, երբ Ադրբեջանում կհայտարարվի գործող նախագահի հրաժարականը՝ պայմանավորված առողջական խնդիրներով, և, համաձայն սահմանադրական նորմի պահանջի, նրա լիազորություններն օրինականորեն կստանձնի երկրի 1-ին փոխնախագահը։ Անկախ նրանից, թե որքան տեղին կամ անտեղի են նման եզրահանգումները, մանավանդ Ադրբեջանում շրջանառվում է նաև այն տեսակետը, համաձայն որի` տակավին բավական հզոր նախիջևանյան կլանը՝ Ռամիզ Մեհթիևի գլխավորությամբ, հազիվ թե հնարավորություն տա Մեհրիբան Ալիևային երկար ժամանակ անցնցում կառավարելու երկիրը։


Միքայել Հաջյան

«Դրօշակ», թիվ 8 (1642), օգոստոս, 2020 թ.