կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-30 14:41
Հասարակություն

Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելության սակրավորները ականազերծել են 205 087 քմ տարածք

Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելության սակրավորները ականազերծել են 205 087 քմ տարածք

Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի հումանիտար առաքելության 5-րդ խմբի սակրավորները հուլիսին ականազերծել են 19 878 քմ տարածք: Առաքելության սկզբից ականազերծվել է 205 087 քմ, որից սիրիական իշխանություններին հավաստագրերով հանձնվել է 142 000 քմ տարածք: Այս մասին տեղեկացնում է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը:

«Հուլիսին հայտնաբերվել է 14 հատ ШОАБ տեսակի կասետային ենթազինամթերք, 13 հատ 120 մմ ականանետի չպայթած արկ, 6 հատ OA-2,5 РTM ավիացիոն ենթազինամթերք, 4 ինքնաշեն պայթուցիկ սարք, 1 հակատանկային TM-62П, 2 ՎՕԳ 17: Մարդասիրական 5-րդ խմբի բժիշկները համաճարակային սահմանափակումների պայմաններում բուժօգնություն են ցուցաբերել 1 713 տեղացիների: Առաքելության առաջին իսկ օրվանից՝ 15 485 հիվանդների»,- հայտնում են կենտրոնից:
Հուլիսին բժշկական խումբը ղեկավար կազմի հետ մասնակցել է Հայ ավետարանական համայնքին պատկանող «Բեթել» բժշկական կենտրոնի բացման միջոցառմանը, որի ժամանակ համայնքի ղեկավար Վերապատվելի Հարություն Սելիմյանը ամենօրյա ցուցաբերած բժշկական մասնագիտական օգնության համար իր երախտիքի խոսքն է հղել հայ բժիշկներին: 5-րդ բժշկական խումբը, ըստ բարի ավանդույթի, Հալեպի բուժհաստատություններին, մասնավորապես «Դարմանատուն» ընկերաբժշկական կենտրոնին, փոխանցել է բժշկական անհրաժեշտ պարագաներ։

Հայաստանի հումանիտար առաքելություն իրականացնող խումբը հուլիսին մասնակցել է Մեծ Ներսես Հայրապետի հիշատակի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը, «Համազգային» թատրոնի կազմակերպած Հայ ազգագրական մշակութային միջոցառումներին:
Հուլիսի 22-ին Հալեպում հայ համայնքին պատկանող «Ազգային պատսպարան» մանկատան սաները Սիրիայի օգնության խաչի վարչության անդամների ուղեկցությամբ այցելել են Հայաստանի հումանիտար առաքելության մշտական տեղակայման վայր: Ողջունելով Հալեպ ժամանած հայ մասնագետներին՝ ՍՕԽ-ի վարչակազմը հաջողություն է մաղթել մարդասիրական խմբին աշխատանքների իրականացման մեջ։ Հանդիպման ընթացքում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ: Խմբի ղեկավարության կողմից մանկատան սաներին փոխանցվել են նվերներ:
Հումանիտար առաքելություն իրականացնող խմբի մասնագետները Հալեպի ազգային պատսպարանի «Հայ ծերանոցին» և Հայ համայնքի մանկատան սաներին են փոխանցել անհրաժեշտ պարագաներ և սնունդ:

Մարդասիրական խմբի մշտական տեղակայման վայրում ամեն օր շարունակվում են իրականացվել կորոնավիրուսի համավարակի կանխարգելման և վարակազերծման դեմ ուղղված միջոցառումներ: Չնայած Հալեպում պանդեմիայով պայմանավորված մի շարք սահմանափակումներին և դժվարություններին՝ մարդասիրական խումբը շարունակում է հաջողությամբ իրականացնել իր առաքելությունը: