կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-27 19:25
Քաղաքական

Գործարք` ընդդեմ օրինականության. ինչպես կոծկեցին Շենգավիթի թաղապետի գործը

Գործարք` ընդդեմ օրինականության. ինչպես կոծկեցին Շենգավիթի թաղապետի գործը

Դեռևս երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանը երաշխավորում էր, որ իր՝ վարչապետ ընտրվելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում ամբողջական օրինականություն կհաստատվի։ Երկրում օրինականության հաստատման, օրենքի առջև բոլորի հավասարության, արդյունավետ իրավապահ համակարգի մասին Փաշինյանը խոսել է նաև անցնող երկու տարում։ Այս ժամանակահատվածը բավարար էր համոզվելու, որ Փաշինյանի պատկերացրած օրինականության հաստատումը սկսվում և ավարտվում է նախկին իշխանությունների ներկայացուցիչներին դատելով, ունեզրկելով, «գողացված» գումարները պետական բյուջե վերադարձնելով։ Իսկ շարքային քաղաքացիները, որոնց իրավունքները պետական մարմինների ու իրավապահ կառույցների կողմից պարբերաբար խախտվում են այս իշխանությունների օրոք, այսօր ավելի քան անպաշտպան են։ Ամենավառ օրինակը Շենգավիթի թաղապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի կարճումն է, որի մասին օրեր առաջ իր ֆեյսբուքյան էջում շտապել էր «ավետել» Շենգավիթ վարչական շրջանի 28–ամյա ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը։ Դեռևս մեկ ամիս առաջ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի համակարգչային տեխնիկայի օպերատոր 52–ամյա Գևորգ Պողոսյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն և հայտնել, որ հենց թաղապետարանի շենքում թաղապետը, նրա տեղակալն ու օգնականն իրեն ծեծի են ենթարկել և ստիպել աշխատանքից ազատման դիմում գրի։ Այսինքն, առանց որևէ նկատողության կամ հիմնավոր պատճառի, ասել են՝ դիմում գրի, գնա, բայց քանի որ աշխատակիցը հրաժարվել է և համարձակվել է բարձրաձանել իր աշխատանքային իրավունքների մասին, քաղաքապետարանի ջահելները որոշել են ձեռք բարձրացնել իրենց հոր հասակակցի վրա, նրան գցել են գետնին, ամենավերջին բառերով նվաստացրել։ Իսկ նախքան դեպքը, նորաթուխ չինովնիկները փորձել են նրան «լավություն» անել. համակարգչային տեխնիկայի՝ երկարամյա փորձ ունեցող մասնագետին, երիտասարդ թաղապետն առաջարկել է պահակ աշխատել հենց թաղապետարանում։ Դա նույնն է, որ Քննչական կոմիտեի քննիչին ՔԿ ղեկավարն ասի՝ արի կոմիտեի շենքում պահակություն արա կամ Կադաստրի կոմիտեի ղեկավարը չափագրման մասնագետին ասի՝ գնա շենքի անվտանգությունը պահի։ Ռազմիկ Մկրտչյանն այն երիտասարդն է, որը հեղափոխության ալիքի տակ 26 տարեկանում, մեկ օրում դարձել է մի ամբողջ վարչական շրջանի ղեկավար, որը հեռու է պետական կառավարարման համակարգից այնքանով, որքանով առողջապահության նախարարը՝ համավարակի դեմ պայքարից, կառավարության տնտեսական թիվը՝ տնտեսական հեղափոխությունից։ Սակայն թաղապետի անձի և «իր բերած կադրի» վրա ինքնահաստատվելու նրա նկրտումների մասին չէ, որ ուզում ենք խոսել, այլ նրա վերաբերյալ քրգործը կոծկելու իշխանությունների ճղճիմ քայլի մասին։ Նախ նշենք, որ «ուչաստկովի» մակարդակի գործի քննությունը վերապահվել էր Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Ա.Ալեքյանին, որից ընդամենը մեկ ամիս էր պահանջվել գործը «ջրելու» համար։ Քննիչն այս ընթացքում, փոխանակ ապացույցներ հավաքեր, լրացուցիչ վկաների հարցաքններ, ապահովեր, որ ենթադրյալ հանցագործների կողմից տուժողի նկատմամբ նոր ճնշումներ չգործադրվեն, նախևառաջ փորձ է արել փոխել քննության ընթացքը հօգուտ թաղապետարանի պաշտոնյաների։ Մասնավորապես Ալեքյանը փորձել է տուժողից ցուցմունք կորզել այն մասին, որ հնարավոր է միջադեպին այլ մարդիկ էլ են մասնակցել, սակայն տուժողը չի տեսել նրանց և այլն։ Իսկ ամենաաբսուրդն այն է, որ քննիչը տուժողին ասել է, որ չի կարող պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով թաղապետի, նրա տեղակալի և օգնականի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել, քանի որ դեպքը տեղի է ունեցել միջանձնային հարաբերությունների հետևանքով և որից հետո տուժողն աշխատանքից ազատման դիմում չի գրել։ Այսինքն, քննիչն իր  սահմանափակ իրավական գիտելիքներով փորձել է ապակողմնորոշել իր իրավունքները իրացնող տուժողին, ինչու ոչ՝ դրդել նրան իրեն և թաղապետարանի պաշտոնյաներին գլխացավանքից ազատելու համար դիմում գրել՝ հեռանալ, ըստ էության հասկացնել տալով, որ ինքը հակված չէ պարզելու մեղավորներին։

Իսկ քրեական գործը կարճելուց հետո, փոխանակ կարճման որոշումը անմիջապես ուղարկի տուժողին, շտապել է այդ մասին իրազեկել և ուրախացնել գործով վկայի կարգավիճակ ունեցող թաղապետին, որը գործի ելքով շահագրգռված անձ է։ Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Ալեքյանը Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի հետ հնարավոր գործարքի մեջ է մտել։  Քննիչի՝ այդչափ ինքնավստահության հիմքը, հավանաբար վերահսկող դատախազի կողմից գործի նկատմամբ ոչ պատշաճ վերահսկողությունն է եղել։ Այսինքն՝ Ալեքյանը վստահ է եղել, որ գործը կոծկելն իր վրա թանկ չի նստի, քանի որ դատախազությունը զբաղված է նախորդ իշխանությունների ներկայացուցիչների վերաբերյալ մի քանի տասնյակը անցնող գործերով, իսկ լրատվամիջոցները, դժվար թե խնդրին հնչեղություն տան, քանի որ զբաղված կլինեն սահմանային իրավիճակի լարվածության հետ կապված թեմաների լուսաբանմամբ։

Ուշագրավ է, որ եթե նախորդ իշխանությունների օրոք ինչ–որ պաշտոնյայի դեմ հաղորդման հիման վրա քրեական գործ էին հարուցում, ապա գոնե ձևականորեն ցույց էին տալիս որ քննություն են իրականացնում, պարբերաբար սրան–նրան հրավիրում էին հարցաքննության,  ամիսներով փորձաքննությունների պատասխանների «սպասում», մինչդեռ բոլորին էր հայտնի, որ այդ գործերը «փտում էին» քննիչների դարակներում։ Եվ այսօր, երբ ներկայիս իրավապահ համակարգը լծված է այդ «փտած» գործերի վերաբացման գործին, քննիչ Ալեքյանը որոշել է ավելի ազնիվ լինել, և գործը կարճել ոչ թե դրա հարուցումից մեկ տարի, այլ՝ մեկ ամիս անց, չէ՞ որ վստահ է, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, օրվա իշխանության մանր ու միջին պաշտոնյաներին «ձեռք տալ» չի կարելի, իսկ եթե պետք է ինչ–որ մեկին «փուռը տալ», ապա դա պետք է լինի միայն ու միայն դատարանների մուտքեր փակելու և ասֆալտին փռելու հրահանգներ իջեցնող՝ երկրի թիվ մեկ պաշտոնյայի անմիջական ցուցումով։

Հատկանշական է, որ շարքային աշխատակցի շահերի պաշտպանությամբ չեն հետաքրքրվել ո՛չ իշխանական պատգամավորները, ո՛չ էլ պետական վերահսկման որևէ մարմին, այն դեպքում երբ տուժողն իր իրավունքների ոտնահարման մասին հայտնել է թե ՔՊ–ական պատգամավորներին և թե իրավապահ մարմիններին, էլ չենք ասում դեպքի վերաբերյալ  տարատեսակ հրապարակումների մասին, որով ողողված է մամուլը։ Այս դեպքը ևս մեկ անգամ փաստում է, որ օրինականության հաստատման խոստումներով իշխանության եկած ՔՊ–ական պաշտոնյաները որևէ կերպ չեն զիջում ապօրինություններով հայտնի նախկին իշխանավորներին ու շարունակում են իրենց պաշտոնն օգտագործել՝ ընդդեմ պետության և քաղաքացու շահերի։