կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-25 16:46
Իրավական

Դատավորն ընդդեմ ոստիկանության Շենգավիթի բաժնի

Դատավորն ընդդեմ ոստիկանության Շենգավիթի բաժնի

2011-ի սեպտեմբերի 23-ին Երևանում վնասազերծված ավազակային խմբի` «բանդայի» գործով այսօրվա դատական նիստին հարցաքննվեցին վկաներ Անահիտ Մանուկյանը և Էդուարդ Հարությունյանը: Վերջինս գործով տուժող Ատոմ Բազազյանի ընկերն է:

 

Նա դատարանին հայտնեց, որ Ա. Բազազյանը զանգահարել է իրեն և լացակումած ասել, որ գա իրենց տուն: Հետո ինքը գնացել, տեսել է նրա ընտանիքի վախեցած անդամներին և ընկերոջից լսել, թե ինչպես են իրենց վրա մոտ 4-5 դիմակավորված անձինք հարձակվել, գողացել որոշ թանկարժեք իրեր, գումար:

 

Իսկ դատակոչված վկա Անահիտ Մանուկյանը դատարանին հայտնեց, թե որտեղից է ճանաչում ամբաստանյալ Դավիթ Գալստյանին: Ըստ վկայի ցուցմունքի' մոտ մեկուկես տարի առաջ Պտղնիում գտնվող իրենց ամառանոցը երկամսյա վարձակալության են հանձնել  ոմն  Գուրգեն Հայրապետյանի ընտանիքին: Այդ ընթացքում վկան և նրա հայրը մոտ 2-3 անգամ այցելել են իրենց ամառանոց' ստուգելու կարգուկանոնը, մշակելու այգին: Եվ հենց այդ այցելությունների ժամանակ էլ, ըստ վկայի, տեսել են  ամբաստանյալ Դավիթ Գալստյանին, նրա հետ մի կնոջ և  երեխայի: Սակայն, ըստ Անահիտի, իրենք այդ ընթացքում որևէ արտառոց կամ կասկածելի ոչինչ չեն նկատել:

 

Մինչ այդ դատարանն արդեն լսել էր դատակոչված վկաներից երկուսին` մայր և որդի Կարինե և Հովհաննես Ջինանյաններին:

 

Դատակոչված մյուս վկաների վերաբերյալ դատարանը ներկայացրեց ոստիկանական բաժանմունքներից ստացված համապատասխան արձանագրությունները, որոնցից պարզ դարձավ, որ վկաներից երկուսը գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում, իսկ մյուս երկուսն էլ բացակայում են քաղաքից: Դատարանը վերջիններիս վերաբերյալ կրկին բերման ենթարկելու որոշում կայացրեց:

 

Մեղադրող դատախազ Պեպոյանը միջնորդեց, որպեսզի հրապարակվեն հանրապետությունից բացակայող վկաների նախաքննական ցուցմունքները, սակայն պաշտպանական կողմը առարկեց` նշելով, որ իրենք համապատասխան փաստաթուղթ չունեն, ինչը կհաստատի, որ դատակոչված վկաներն իսկապես երկրում չեն:  Իսկ պաշտպան Հովիկ Արսենյանը առաջարկեց դատարանին` համապատասխան միջոցներ ձեռնարկել նշված վկաների ներկայությունն ապահովելու համար:

 

Դատարանը հայտնեց, որ իրենք  կպարզեն`  երկու վկաներն իսկապե՞ս հատել են երկրի սահմանը, թե՞ ոչ:

Դատարանը գործով մեկ այլ վկայի' Զարուհի Հովնանյանի չներկայանալու վերաբերյալ համապատասխան արձանագրություն պետք է ստանար ոստիկանության Շենգավիթի  բաժնից, սակայն այդպես էլ  չէր ստացել:

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Շենգավիթի բաժինն արդեն երկրորդ անգամ է, ինչ   արձանագրություն չի ուղարկում, դատավոր Մխիթար Պապոյանը տեղեկացրեց, որ ոստիկանության Շենգավիթի բաժնի դեմ  անձամբ է  բողոք գրելու ոստիկանության Երևան քաղաքի  վարչության պետին:

 

Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 8-ին: