կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-26 12:36
Հասարակություն

Կենդանի հերոսը. Յուրի Փարամազյանը կդառնար 24 տարեկան

Կենդանի հերոսը. Յուրի Փարամազյանը կդառնար 24 տարեկան

Հուլիսի 26-ին Յուրի Փարամազյանը կդառնար 24 տարեկան: Կդառնար, եթե 4 տարի առաջ ծավալված ապրիլյան պատերազմի օրերին նկարներից մտախոհ հայացքով մեզ նայող, բայց իրականում կենսախինդ ու սրամիտ երիտասարդը չզոհվեր՝ ծառայակիցների վկայությամբ հերոսաբար փրկելով նորակոչիկների կյանքը: Եթե…

Եթե այդքան ընկերասեր ու անձնազոհ չլիներ…

Սպաներից մեկը զանգով հորը հայտնել է, որ որդին ընկերներին փրկելու համար իր կյանքն է տվել և Յուրիի զոհվելու հանգամանքներին մինչ այժմ անտեղյակ ծնողները գիտեն, որ իրենց որդին այդպիսին էր:  Հոր՝ Անատոլի Փարամազյանի խոսքով շատ բարի էր, միշտ պաշտպան էր կանգնում թույլերին, չէր թողնում նրանց վիրավորեին:

Ասում են` ադրբեջանցիները խփել են հենց զորամասին, Յուրին` որպես կրտսեր սերժանտ, իր նորակոչիկներից երկուսին պաշտպանելու համար իր վրա է վերցրել հարվածը ու զոհվել:

4 ամիս էր մնացել մինչև Յուրիի ծառայության ավարտը: Մոր՝ Գայանեի խոսքով՝ եթե մի օրով էլ գալիս էր, նախ բոլոր բարեկամների, ընկերների տներով շրջում էր, հետո տուն մտնում: Ասող-խոսող, բոլորի կողմից սիրված ու կյանքը սիրող էր Յուրին:

Յուրին ՀՅԴ Արցախի Մարտունու պատանեկան միութան անդամ էր, մասնակցել է մի շարք ճամբարների, բանակումների: 2003-2011 թթ. սովորել է Մարտունու 2-րդ դպրոցում, որից հետո ուսումը շարունակել է Մարտունու Վ. Խաչատրյանի անվան ուսումնարանում:

2013 թ. ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվել է Արցախի Գրիգոր Նարեկացու անվան համալսարանի ՆԶՊ և ֆիզդաստիարակության ֆակուլտետը: Առաջին կուրսն ավարտելուց հետո 2014 թ. ամռանը Յուրան զորակոչվել է Հայոց Բանակ, ծառայության անցնելով Մատաղիսում որպես՝ սերժանտ, ջոկի հրամանատար:

Ֆիզիկապես կոփված ու ամրակազմ Յուրին սիրով էր ծառայում, օրինակելի ծառայող էր:

«Դիրքի ավագ էր, ամսվա մեծ մասը դիրքերում էր: Որպես կարգապահ զինծառայող, տեղափոխում են այլ գումարտակ և Ապրիլյան պատերազմի ժամանակ առաջին անգամն էր, որ դիրք չէր բարձրացել: Արդեն մի քանի ամիս նորակոչիկների հետ պետք է աշխատեր»,- պատմում է վաստակած թոշակի անցած մայոր Անատոլի Փարամազյանը:

Ծառայության ընթացքում մտերմացել էր Ապրիլյան պատերազմի հերոսներից Վլադիմիր Նարինյանի հետ, ով զոհվել էր ընկերոջից մի քանի օր անց:

Եթե վերադառնար ծառայությունից…

Յուրին բազում ծրագրեր ուներ բանակից հետո իրագործելու: Դպրոցական էր, մի տարի ուսանել է, պիտի ծառայությունն ավարտեր, նոր կյանքի հունի մեջ մտներ: Յուրիի ծրագրերի մասին Գայանեն, մեծ ցավով է պատմում. «Հինչ ասիմ, խոխայա լի, ուրան խուխոթուննա ըրալ: Հինչա տեսալ, վեր հինչ պատմիմ (Ինչ ասեմ, երեխա է, երեխայություն է արել: Ինչ է տեսել, որ ինչ պատմեմ)»:

Հենց Յուրայի ու նրա նման «երեխաների» շնորհիվ է կանգնեցվել թշնամին, ինչպես 2016 թ. ապրիլին, այնպես էլ վերջերս Տավուշում:

Կենդանի Յուրան…

Հետմահու ԱՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:  

Մարտունու Վ. Խաչատրյանի անվան ուսումնարանի լսարաններից մեկը 2017թ. անվանակոչվել է Յուրի Փարամազյանի անունով:

Այսօր Յուրին արդեն 24-ամյա երիտասարդի լուռ հայացքով է մեզ անձնազոհության ու նվիրումի օրինակ ցույց տալիս՝ հուշելով դառնալ ավելի կարեկից, ապրել դիմացինի հոգսերով, մի խոսքով՝ փորձել արժանի դառնալ իր անգին զոհողությամբ պաշտպանված հողի վրա ապրելու իրողությանը:

Տաթևիկ Աղաջանյան