կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-18 16:40
Տարածաշրջան

Ներկա փուլում Թուրքիան Հարավային Կովկասում ակտիվություն չի ցուցաբերի Ադրբեջանի միջոցով. Սաֆրաստյան

Ներկա փուլում Թուրքիան Հարավային Կովկասում ակտիվություն չի ցուցաբերի Ադրբեջանի միջոցով. Սաֆրաստյան

ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության ոլորտում ակտիվացման և Հարավային Կովկասում նրա գործողությունների միջև կապ է տեսնում: 

«Երբ Թուրքիան ակտիվանում է Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում նա վարում է ավելի թույլ քաղաքականություն: Այսինքն՝ երբ Մերձավոր Արևելքում Թուրքիան նոր քայլերի անհրաժեշտություն չի ունենում, արդեն մի քայլ անում է Հարավային Կովկասում: Այս կապը երևաց ապրիլյան պատերազմի նախաշեմին, երբ Ադրբեջանն իրականացրեց լայնածավալ ագրեսիա: Ես կարծում եմ, որ դա այն փուլն էր, երբ Թուրքիան որոշել էր կարճ ժամանակով Մերձավոր Արևելքում ակտիվությունը թուլացնել, ուստի փոխարենը փորձեց տեսնել՝ հնարավո՞ր է, օգտվելով Մերձավոր Արևելքում ՌԴ-ի հետ հաստատած դաշնակցային հարաբերություններից, Հարավային Կովկասում  Ադրբեջանի միջոցով ուժեղացնել դիրքերը՝  հարձակում կազմակերպելով Հայաստանի, Արցախի վրա: Կարծում եմ, որ ներկա փուլում  Հարավային Կովկասում Թուրքիան ակտիվություն չի ցուցաբերի Ադրբեջանի միջոցով, երբ ներգրավված է ԱՄՆ-ի հետ հակասությունների մեջ՝ կապված Ս-400 համակարգերի գործարքի հետ: Նաև այն, որ Թուրքիան հայտարարում է, որ պատրաստ է երրորդ հարձակմանը Հյուսիսային Սիրիայում, զորքերը կուտակված են, բայց դրան չի գնում, քանի որ պատեհ առիթի է սպասում»,- նշեց թուրքագետը:

Ինչ վերաբերում է Նախիջևանի հատվածում Թուրքիայի՝ երրորդ ռազմաբազա  ունենալուն, Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ այս հարցը Թուրքիայի ղեկավարության քննարկման փուլում է, և չի բացառվում, որ դա նրանք իրականացնեն, երբ որոշեն՝ Հարավային Կովկասում պետք է ակտիվություն դրսևորել:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` թուրքագետը նշեց, որ թուրքական վերնախավը ներկայացնող որևէ լուրջ քաղաքական ուժ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու խնդիր չի դրել իր առջև:

«Սա կարծես թե այն ընդհանուր որոշումն է, որ հատուկ է Թուրքիայի ներկայիս քաղաքական վերնախավին: Մինչ այս որոշակի քայլեր արվում էին՝ ԱՄՆ-ի ճնշմամբ և միջնորդությամբ, իսկ հիմա ԱՄՆ-ի հետ ներկայիս հարաբերությունների դեպքում համոզված եմ, որ Թուրքիան Հայաստանի հետ իր հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ չի գնա»,- ընդգծեց թուրքագետը՝ հավելելով, որ այստեղ աշխարհաքաղաքական պահ կա. երբ 1991-ին Թուրքիան ճանաչեց ՀՀ-ի անկախությունը, զուտ աշխարհաքաղաքական հաշվարկ կատարեց, որի էությունը հետևյալն էր՝ Հայաստանը չունի ելք դեպի ծով, շրջապատված է այն հարևաններով, որով շրջապատված է, ուստի պիտի շահագրգռված լինի Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում:

«Այսինքն՝ աշխարհաքաղաքական առումով Թուրքիան շահագրգռված չէ,  քաղաքական առումով ևս Հայաստանը հետաքրքրություն չի ներկայացնում, այդ դեպքում ինչո՞ւ պետք է հարաբերությունները կարգավորի, եթե չկան հաշվարկներ և ճնշումներ ուժային տարբեր կենտրոններից: Այնպես որ՝ Թուրքիան կպահի այս վիճակը՝ հույս ունենալով, որ Հայաստանը կգնա որոշակի զիջումների: Բբայց մենք տեսել ենք, որ Հայաստանը չի գնացել դրան և չի էլ գնա»,- շեշտեց Սաֆրաստյանը:

Անդրադառնալով Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպմանը և դրա օրակարգին` նա ասաց, որ գտնվում ենք շատ կարևոր փուլում՝ ԼՂ հիմնահարցի նկատմամբ մեր քաղաքականության տեսանկյունից: «Տեղի է ունենում քաղաքականության վերաիմաստավորում. նոր ռազմավարություն է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում: Այս պրոցեսի ամենասկզբում ենք գտնվում: Ես կարծում եմ, որ գործընթացը բավական երկար կտևի, և քանի որ այն  լուրջ գործընթաց է, ուստի պահանջելու է դիվանագիտական ուժերի լարում և աշխարհաքաղաքական ճիշտ հաշվարկ: Եթե սա հաջողվի, ապա բանակցային գործընթացն ավելի բարենպաստ կլինի մեզ համար»,- կարծիք հայտնեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Ինչ վերաբերում է համանախագահների հայտարարությանը, ապա, ըստ նրանի, ՄԽ-ն միջնորդական խումբ է, երկրորդ՝ հրապարակային հայտարարությունը չունի և չի  կարող ճնշում գործադրելու նպատակ ունենալ: «ՄԽ-ի հայտարարությունը, իմ ընկալմամբ, ընդամենը փաստի արձանագրում է, այսինքն՝ ի մի է բերվում այն, ինչ տեղի է ունեցել բանակցային գործընթացում մինչև այսօր: Ես կարծում եմ, որ  ՄԽ-ն կընդունի այն ձևաչափը, որը կընդունեն հակամարտող կողմերը: Այսինքն՝ ՄԽ-ն ո՛չ կճնշի, ո՛չ էլ կփորձի, ինչ-որ ուրիշ հաշվարկների դիմելով, որոշակի քայլեր ձեռնարկել»,- ասաց թուրքագետը՝ ընդգծելով, որ իրականությունը հուշում է՝ այս հակամարտությունն ավելի շատ հակամարտություն է Ադրբեջանի և Արցախի միջև:

Ըստ Սաֆրաստյանի՝ ապրիլյան պատերազմը կարևոր էր ոչ միայն ռազմական տեսանկյունից, այլև բանակցային գործընթացի, քանի որ այն ցույց տվեց, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև տասնամյակներ տևած բանակցային գործընթացը տանում է փակուղի և չի ապահովում Ադրբեջանի ագրեսիվ նկրտումներից զերծ մնալը: «Դա ցույց տվեց, որ այդ տրամաբանությամբ բանակցային գործընթացը շարունակել` կնշանակի գնալ դեպի փակուղի: Ի դեպ, մադրիդյան սկզբունքները հենց սկզբից ընդունելի չէին ՀՀ-ի համար, բայց դե բանակցային գործընթացը բանակցային  գործընթաց է»,- ամփոփեց թուրքագետը: