կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-23 18:44
Քաղաքական

Դաշնակցական լինելու համար հեռացնում են ակցիայի վայրից. իշխանությունների չեկիստական քայլը

ՀՀ կառավարության շենքի դիմաց բուհեր չընդունված ուսանողների ու նրանց ծնողների բողոքի ակցիային ներկա գտնվող ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներ Գոռ Սարգսյանին և Քրիստինե Վարդանյանին կողքի է հրավիրում ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչը (գնդապետի ուսադիրներով) և առանց այլևայլության պահանջում հեռանալ Կառավարության շենքի առջից: 

«Ձեզանից պահանջում եմ, որ դադարեցնեք ձեր մասնակցությունը հանրահավաքին, քանի արտակարգ դրության պայմաններում հավաքներ անցկացնել չի կարելի, և ես ձեզ զգուշացնում եմ՝ հեռանալ հավաքի վայրից»,- իր խոսքում նշեց ոստիկանը:

Ի պատասխան ոստիկանի պահանջի՝ Ք. Վարդանյանը նշեց. «Դուք չեք կարող ստիպել մեզ, որ հեռանանք, իսկ մնացածներին թողնել ակցիայի վայրում: Դուք դաշնակցական լինելու համար մեզ հեռացնում եք հանրահավաքի վայրից, հեռացնում եք զուտ նրա համար, որ մենք Գոռն ու Քրիստինեն ենք: Դուք հասկանու՞մ եք, որ օրենք եք խախտում, դուք հասկանու՞մ եք, որ կուսակցական պատկանելության համար մեզ հեռացնում եք ակցիայի վայրից, դուք ասացիք՝ որ մեզ ճանաչում եք…»: 

Եվ չնայած Գոռ Սարգսյանը և Քրիստինե Վարդանյանը որևէ հակաօրինական արարք թույլ չէին տվել և, ինչպես տասնյակ այլ մասնակիցներ, պարզապես մասնակցում էին խաղաղ ակցիային, այդուհանդերձ, չգիտես ինչու, ոստիկանը հենց նրանց «գործողությունների» մեջ նկատեց «հակաօրինական», «ուղղորդիչ» և «սադրիչ» քայլեր՝ վերջում ժամանակ տալով հեռանալու և եզրափակելով. «Ես ձեզ դիտում եմ որպես ուղղորդող սադրիչներ»: 

«Խաղաղ կանգնելը ուղղորդել է՞, Դուք կարող եք մեզ հանցագործ տեռորիստ էլ դիտել», -պատասխանեցին Գոռ Սարգսյանն ու Քրիստինե Վարդանյանը՝ լրագրողներին մեկնաբանելով, որ ոստիկանության գնդապետը մոտեցել է իրենց, ասելով, որ ճանաչում է իրենց՝ միաժամանակ պահանջելով, որ խաղաղ ակցիային մասնակցելու իրավունք չունեն: Գոռ Սարգսյանն ու Քրիստինե Վարդանյանը հայտարարեցին, որ այս ամենն աբսուրդ է, երբ բարձրաստիճան ոստիկանը առանձնացնում է ակցիայի մասնակիցներից երկուսին և հղում անելով արտակարգ դրության մասին օրենքին՝ պահանջում հեռանալ, իսկ մյուս մասնակիցների հանդեպ որևէ նման պահանջ չի ներկայացվում: Նրանք նաև վստահեցրին, որ իրենք ոչ թե կազմակերպիչներ են, այլ ակցիայի աջակիցներ և եկել են աջակցելու բազմաթիվ ուսանողների, ովքեր բարձրաձայնում են կրթական համակարգի խնդիրների մասին և պայքարում դրանց լուծման համար:   

Փաստորեն՝ ոստիկանությունն առաջնորդվում է ոչ թե օրենքով, այլ Արայիկ Հարությունյանի կամ Նիկոլ Փաշինյանի քմահաճույքներով՝ ակցիայի վայրից զտելով և հեռացնելով նրանց, որոնց ներկայությունը հաճելի չէ այդ պաշտոնյաների քիմքին: Սա ոչ այլ ինչ է, քան 1930-ական թթ. չեկիստական գործելաոճ, Լավրենտի Բերիայի ժամանակաշրջանի վարքագիծ, երբ իշխանությունների վերաբերմունքը քաղաքացու հանդեպ կախված էր նրա կուսակցական պատկանելությունից, երբ մարդկանց հալածում էին, շատերին՝ գնդակահարում,  դաշնակցական ծնողներ ունենալու կամ մի ժամանակ Դաշնակցությանը հարելու համար: