Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկու տարի պահանջվեց, որպեսզի հասարակության զգալի մասը հասկանա, որ խաբված է այսօրվա իշխանությունների կողմից, որ նրանք ի զորու չեն կառավարելու պետությունը, զարգացնելու տնտեսությունը, կարգավորելու մարդկանց սոցիալական կյանքը, լուծելու երկրի արտաքին քաղաքական խնդիրները: Համաճարակն էլ վերջնականապես բացահայտեց նրանց անզորությունը` որպես կառավարողների: Հասարակության մեջ գնալով աճում է սոցիալական դժգոհությունը, մարում են ապագայի նկատմամբ եղած հույսերը: Հասարակության մեջ արդեն ձևավորվել և ընդլայնվում է մի շերտ, որը համամիտ է ընդդիմադիր քաղաքական-հասարակական այն գործիչների հետ, որոնք համոզիչ փաստարկներով հիմնավորում են, որ գործող կառավարության թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականությունը խարխլում է մեր պետության հիմքերը, և պահանջում են վերջինիս հրաժարականը:
Սկսված քաղաքական գործընթացը և դրա զարգացումները հասկանալու համար պետք է հաշվի առնել քաղաքական դաշտի ձևավորման յուրահատկությունները և դրանում ընդունված խաղի կանոնները:
Քաղաքական դաշտը ձևավորվել է 90-ականների սկզբներին` նախկին ԽՍՀՄ հանրապետությունների համար սոցիալիզմից կապիտալիզմ հեղափոխական անցումն իրականացնելու համար՝ արևմտյան ստանդարտների հաստատմամբ: Նախ անհրաժեշտ էր ապամոնտաժել խորհրդային համակարգը և դրա փոխարեն ստեղծել շուկայական տնտեսություն, սեփականատիրական նոր հարաբերություններ և դրանց համապատասխան իրավական համակարգ, ձևավորել ժողովրդավարական հասարակարգ: Երկու ճանապարհ կար սոցիալիստական համակարգից նորին անցնելու համար` կառավարելի, ասել է թե` ըստ մշակված ծրագրի, կամ անկառավարելի, այսինքն` ինքնահոսի թողնված: Առաջին ճանապարհը դժվար էր, քանի որ պահանջում էր գիտելիքներ, կամք, փորձ ունեցող կառավարիչներ: Մինչդեռ նոր իշխանությունների կազմում գրեթե բացակայում էին պետական կառավարման փորձ ունեցող, մասնագիտական բարձր գիտելիքներով, էլ չենք ասում, ռազմավարական մտածողությամբ օժտված մարդիկ: Բնականաբար, նրանք ընտրեցին հեշտ ճանապարհը և թողեցին գործընթացը ինքնահոսի. ավելի հեշտ ու ձեռնտու էր քանդել, քան ստեղծել: Սրընթաց կերպով ապամոնտաժվեց արդյունաբերությունը, թալանվեց պետական սեփականությունը, հասարակության կյանքը կարգավորող ինստիտուտները դադարեցին գործառնելուց, անգործության մատնված և անպետք դարձած բազմահազար որակյալ մասնագետներ, գիտնականներ ստիպված լքեցին երկիրը: Մինչ Արցախում ընթանում էր ազգային-ազատագրական պայքարը, Հայաստանում հաստատվում էր տնտեսական ու ֆինանսական ներուժից զուրկ, աղքատացող բնակչությամբ, սաղմնավորվող օլիգարխիկ տնտեսությամբ մի պետություն:
Նշված գործընթացների հետևանքով փոխվեց հասարակության սոցիալական կառուցվածքը. մարդկանց բաժանում էին ոչ թե ըստ սոցիալական դիրքի, այլ ըստ պարզունակ բնութագրերի: Մարդկանց պահանջներն ու նպատակները որակական անկում ապրեցին` իջնելով մինչև կենսաբանական բնազդների բավարարման մակարդակի:
Արտաքին քաղաքականության բնագավառում նրանք միացան Հելսինկյան եզրափակիչ ակտին, միջազգային այլ կարևոր պայմանագրերի, սակայն չկարողացան դրանց շրջանակներում ձևակերպել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական շահերը, տեղն ու դերը միջազգային հարաբերություններում: Ուստի և ստիպված էին վարել պատեհապաշտական քաղաքականություն` հաճախ հետևելով օտար քաղաքագետների ու դիվանագետների կասկածելի խորհուրդներին ու հորդորներին:
Ներքաղաքական դաշտը կառավարելու համար, ղեկավարվելով արևմտյան հիմնադրամների հրահանգներով, հաստատեցին օրենքներ և խաղի գրված ու չգրված կանոններ: Այդպիսով քաղաքական դաշտն առնվեց մի շրջանակի մեջ, որի շառավղի երկարությունը կարգավորվում էր իշխող կուսակցության ձեռքով: Այդ շրջանակում խաղի ընդունված կանոններին համապատասխան պետք է ձևավորվեր քաղաքական այնպիսի դաշտ, որում տեղ չպետք է գտնեին կամ առնվազն պետք է ենթարկվեին մշտական ճնշման և հետապնդումների այն կուսակցություններն ու քաղաքական գործիչները, որոնք հավակնում էին ներկայացնելու պետության զարգացման այլընտրանքային ծրագրեր, ազգային գաղափարախոսություն: Փոխարենը բուսնեցին տասնյակ կառավարելի կուսակցություններ, որոնք մեկը մյուսից տարբերվում էին միայն այս կամ այն օրվա խնդրի շուրջ բարձրացված (հաճախ պատվերով) աղմուկ-աղաղակով:
Գրանցվեցին բազմաթիվ աղանդներ և աղանդատիպ հասարակական կազմակերպություններ, որոնք գրեթե աննկատ աշխատում էին զոմբիացնել հազարավոր մարդկանց, որոնք ցանկացած պահի իրենց հոգևոր հովիվների կոչով պատրաստ կլինեին ցանկացած հանձնարարություն կատարելու (ինչպես, օրինակ` 2008 թ. մարտի 1-ին կամ 2018 թ. գարնանը):
Տարված քանդելու և յուրացնելու մոլուցքով` ՀՀՇ-ականները կանգ չէին առնում ոչնչի առաջ. ահաբեկում էին քաղաքական գործիչների, մարտական հրամանատարների, գործարարների, կեղծ մեղադրանքներով կուսակցություն էին փակում, ավերում գրասենյակներ, խմբագրություններ: Իսկ հաջորդ խորհրդարանական և նախագահական ընտրություններին նրանց կամայականությունները դարձան ժողովրդավարության բացահայտ ոտնահարման օրինակ:
ՀՀՇ-ական իշխանությունները և նրանց շրջապատը, ոգևորված իրենց անպատժելիությունից, լկտիացել էին այն աստիճան, որ ցինիկաբար հայտարարեցին, թե «իրենց դեմ խաղ չկա»: Բանը հասավ նրան, որ ՀՀՇ պարագլուխը, որը իշխանության էր եկել ղարաբաղյան շարժման ալիքի վրա, հայտարարեց, թե Ադրբեջանի հետ հակամարտությանը վերջ դնելու համար պետք է վերադառնալ զրոյական վիճակին և հանուն խաղաղության հանձնել Արցախը: Այսինքն` կոչ էր արվում բազմաթիվ զոհերի ու կրած զրկանքների գնով ձեռք բերած հաղթանակը հավասարեցնելու զրոյի ու մատնելու մոռացության` հանուն իրենց իշխանությունն ու հարստությունը խաղաղ վայելելու: Այս քայլը հանգեցրեց ՀՀՇ իշխանության տապալմանը: Չմոռանանք նշել, որ անցյալը մոռացության մատնելը ՀՀՇ-ի հաստատած և նրա ժառանգորդների կողմից վերահաստատված խաղի չգրված կանոններից է:
Մանրամասնորեն չանդրադառնալով դրանից հետո անցած քսան տարիներին` ուշադրություն դարձնենք միայն այսօրվա քաղաքական գործընթացները պայմանավորող երկու գործոնի վրա:
Երկրորդ նախագահը չտվեց քաղաքական գնահատական իր նախորդների գործունեությանը` դրանից բխող բոլոր հետևանքներով, և հիմնավորապես չլուծեց պետական համակարգի կադրային հարցերը:
Երրորդ նախագահը իր թիմով նախաձեռնեց նոր Սահմանադրության ընդունումը` նպատակ ունենալով ավելի խորացնելու ժողովրդավարությունը, ապահովելու երկրի կայուն զարգացումը: Սակայն արդյունավետորեն գործառնելու համար Սահմանադրությունը պետք է ազգային դեմք ունենա, այսինքն` պետք է արտացոլի թե՛ տվյալ երկրի իրական հնարավորությունները և թե՛ տվյալ ժողովրդի որոշակի նպատակները: Այնինչ մեր դեպքում «մարդ», «քաղաքացի», «ինքնիշխանություն», «ժողովրդավարություն», «սոցիալական պետություն» հասկացությունները համադրված չեն մեկ տրամաբանության մեջ, ձևակերպված չեն որպես հասարակական կեցության գաղափարախոսություն, ուստի և զուրկ են ներքին պարտավորեցնող այն մղումից, որը փաստաթուղթը կդարձներ մեր ժողովրդի կենսագործունեության հիմնական օրենք:
Եվ վերջապես` Սահմանադրությունն օրենքով «երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը»:
Հայաստանում ժողովրդավարության և հասարակության քաղաքական մշակույթի ներկայիս վիճակում այս օրենքը դառնում է գործիք մեկ կուսակցության ձեռքում` իր իշխանությունը հաստատելու և վերարտադրելու համար: Համենայնդեպս, այս հանրապետության պատմության ընթացքում իշխանության եկած կուսակցությունը միշտ մեծամասնություն է կազմել:
Հիմնական գծերով բնութագրելով ՀՀՇ-ականների գործն ու գործելակերպը` դժվար չէ նկատել, որ դրանք գրեթե նույնությամբ կրկնվում են այսօրվա իշխանությունների կողմից: Դա հնարավորություն է տալիս քաղաքագետներին հասկանալու իմքայլականների վարքագիծը և կանխատեսելու նրանց քայլերը:
2008 թ. մարտի 1-ի չհաջողված փորձից հետո` 2018 թ. մայիսին, ՀՀՇ-ն հասավ ռևանշի: Ն. Փաշինյանը և «Իմ քայլը» դաշինքը Լ. Տեր-Պետրոսյանի ու ՀՀՇ-ի նոր հիպոստազը դարձան: Նրանց առջև դրված խնդիրը, ըստ էության, նույնն է՝ վերադարձնել Արցախը Ադրբեջանին և հաստատել խաղաղություն: Դրան հասնելու միջոցները ևս նույնն են՝ քայքայել պետությունն ու բանակը, ավերել երկրի տնտեսությունը, պառակտել ազգը, հետապնդել ու ջարդել ընդդիմության ողնաշարը: Այդ միջոցներից է նաև մեր արտաքին քաղաքականությունը զրոյից սկսելը` մոռացության մատնելով մինչև 2018 թ. մեր պատմությունը, հետևելով Ջ. Բոլթոնի խորհուրդներին` հիմնովին վերանայելու մեր աշխարհաքաղաքական շահերը և միջազգային հարաբերությունները:
Նոր Սահմանադրության շնորհիվ կայուն մեծամասնությունը և սուպեր վարչապետը իրենց կառավարությունով և ժողովրդի դեր կատարող վարձկաններով ինքնավերարտադրման անխափան մեխանիզմ ստացան: Բացի դրանից` Փաշինյանի թիկունքում կանգնած որոշ արևմտյան գործիչներ կօժանդակեն նրան այնքան ժամանակ, մինչև որ նրա միջոցով կիրականացնեն իրենց նպատակները տարածաշրջանում: Ուստի նեոհհշականները մտադիր չեն հրաժարվել իշխանությունից:
90-ականների փորձը հուշում է, որ վերահաստատված ՀՀՇ-ական խաղի կանոնների շրջանակում ժողովրդավարական ճանապարհով հնարավոր չէ հասնել այս կառավարության հրաժարականին: Սակայն այդ նույն փորձը հուշում է նաև, որ հրաժարականը պետք է պարտադրվի, պարտադրվի որպես պատմական անհրաժեշտություն պետության և հայրենիքի առաջ իրենց պատասխանատվությունը գիտակցող քաղաքական ուժերի և սեփական մարդկային ու ազգային արժանապատվության համար պայքարելու պատրաստ բոլոր քաղաքացիների միասնական ճակատի կողմից:
Այսօր ընդդիմության շարքերում, ի տարբերություն 1998 թվականի, առավել քան շատ են փորձառու քաղաքական գործիչները, կառավարման փորձ ունեցողները, բարձր մակարդակի տնտեսագետները, իրավաբանները, որոնք ունակ են կազմելու անցումային կառավարություն, որը դուրս կբերի պետությունը այս վիճակից ու կնախապատրաստի Ազգային ժողովի իրապես ժողովրդավարական ընտրություններ:
Վ.Հ.
«Դրօշակ», թիվ 7 (1641), հուլիս, 2020 թ.